ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Եվս մեկ ծրագիր՝ ի շահ արվեստի
14:00 05.02.2020

Եվս մեկ ծրագիր՝ ի շահ արվեստի

«Մշակութային նախաձեռնություններ» ստեղծագործական խումբը ձևավորվել է 2019թ․ փետրվարին։ Մեկ տարվա ընթացքում իրականացրել են երեք տարբեր ծրագրեր։

  • «Մշակութային արահետ», որի նպատակն է համայնքի գյուղական բնակավայրերի  մշակութային կյանքի աշխուժացումը։ Մշակութային կառույցների հետ համատեղ համայնքապետարանի աջակցությամբ երկու փուլով իրականացված ծրագիրը ընդգրկեց 11 գյուղական բնակավայր։
  • «Նվիրիր հեքիաթը» իրականացվեց համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի հետ, նպատակն էր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (ՆՈՒՀ) սաների համար հեքիաթային միջավայրի ստեղծում, տաղանդավոր երիտասարդների բացահայտում, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացման և ինքնադրսևորման համար պայմանների ապահովում, մանուկների և երիտասարդների գեղագիտական պահանջմունքների ձևավորում և զարգացում։ Ծրագիրը իրականացվել է համայնքի՝ թիվ 4, 9, 10 և  Ծավ գյուղական բնակավայրի ՆՈՒՀ-երում։ Հաստատությունները ընտրվել են վիճակահանության սկզբունքով։ 
  • «Սերունդների երկխոսություն», որի նպատակն է երիտասարդության և համայնքի մշակութային կյանքում երկարամյա ավանդ ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչներին հրավիրել երկխոսության։

«Սերունդների երկխոսություն» ծրագրի մեկնարկը տրվեց 2020-ի հունվարի 24-ին, Կապանի էլեկտրոնային գրադարանում։ Երիտասարդներին հանդիպեց կապանցի անվանի գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանը (Ուբակ)։ «Կարևորում եմ իրար հետ մեր երկխոսությունը, այն շատ անկեղծություն է բերում։ Այս հանդիպումները կօգնեն, որ հաճախակի ցուցահանդեսներ կազմակերպենք և պարզապես ուրախացնենք բոլորին», - ասում է գեղանկարիչ Ուբակը։

Ստեղծագործական խմբի ղեկավար Թերեզա Գալստյանը նշեց, որ ծրագիրը շարունակական կլինի։ Ըստ նրա՝ վերջապես կկոտրվի այն կարծրատիպը, թե երիտասարդները չեն խորհրդակցում ավագ սերնդի հետ։ «Մենք ինչ-որ տեղ կարող ենք նույնիսկ ամոթով  ասել նաև, որ շատերին չենք ճանաչում, որը անընդունելի է, քանզի երիտասարդներն ու մեծերը պետք է անպայման շփվեն իրար հետ։ Ինձ համար մեծերը այն մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը, ովքեր իրենց հմտությունները, տաղանդը, կարողությունները պատրաստ են օգտագործել ի շահ համայնքի և նրա մշակութային կյանքի բարելավման», - ասում է Թերեզա Գալստյանը։

Ներկաների շարքում էին նաև ուսումնական հաստատությունների ուսանողները։ Կապանի արվեստի պետական քոլեջի դերասանական բաժնի ուսանող  Ռոման Սանամյանը կարևորեց իր ներկայությունը նմանատիպ միջոցառումներում։ «Տարբեր արվեստագետների հետ շփվելով՝ կիմանանք դեպի արվեստը նրանց քայլերի մասին, որոնք հիանալի խորհուրդներ կլինեն․ չէ՞ որ նրանք գիտեն, թե ինչպես կարելի է ճիշտ գործել ստեղծագործական կյանքում։ Նկարչի արվեստը ինքնին կապված է թատերարվեստի հետ։ Նկարիչը դերասանին խորհուրդ կտա, որ արվեստին կարելի է մոտենալ ավելի գունեղ։ Եթե օրերից մի օր թատրոնում ես ստանձնեմ նկարչի կերպարը, կիմանամ, թե ինչպիսին է նկարչի հոգեվիճակը և կկարողանամ ճիշտ մարմնավորել նրան», - ասում է Ռոման Սանամյանը։

Երիտասարդների հետ երկխոսությունները տեղի կունենան յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը։

Տիգրան Ղուկասյան

14:00 05.02.2020

Ամենաշատ ընթերցվածները