ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սյունիքը տարբերվեց 2019-ին
17:00 05.02.2020

Սյունիքը տարբերվեց 2019-ին

Արտակարգ դեպքերը 2019-ին Սյունիքում շատ էին։ Դա առաջին հերթին պայմանավորված էր մարդկային գործոնով։ Վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում նախորդ տարի գրանցվել է 29194 հեռախոսազանգ, որոցից 950-ին արձագանքել են, մյուսները փոխանցել այլ ծառայությունների․ «Ունեցել ենք 950 դեպք, որից 870-ը տեխնածին էր, 69-ը՝ տարերային, 4-ը՝ անասնահամաճարակի։ Ավելացել են անտառային հրդեհները, փրկարար ծառայությունը ամեն կերպ ձգտել է կանխել հրդեհների տարածումը», - ասաց Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանը։

2018-ին ավելի քիչ էին

Մարզում գրանցվել  է հրդեհի 516  դեպք,  2018-ին՝ 496 էր։ 2019-ին բուսածածկ և խոտածածկ տարածքների հրդեհները շատ էին՝ 354, անտառայինը՝ 16։ Վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանը ընդգծեց, որ այսօր էլ հրդեհի դեպքերը շարունակվում են։ «Տղաները հիմնականում բարձրանում էին սարեր, պատահում էր, որ 4, 5 ժամ քայլում էին հրդեհի օջախ հասնելու համար։ 2019թ․ ընթացքում հրդեհներից զոհեր չկային, տուժել  3  քաղաքացի։ 2018-ին զոհեր նույնպես չեն եղել, տուժել և վիրավորվել է 6 քաղաքացի։ Հատկապես նախորդ տարվա հրդեհները նյութական մեծ վնաս են հասցրել պետությանը», - նշեց նա։

Մարզում շատացել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 93,  2018-ին ՝ 88։  Զոհվել է 14, վիրավորվել՝ 104 մարդ․ «Մարզի բարդ ճանապարհահատված է համարվում Գորիս-Սիսիանի զանգեր կոչվող հատվածը, որտեղ ավտոմեքենաների շարժի ակտիվացման հետ կապված պատահարները շատ են լինում։ Միայն 2019-ի մարտի 1-ին 2500 մեքենա ենք դուրս բերել ձյան գերությունից», - ընդգծեց մեր զրուցակիցը։

Նոր համալրում

Մարզում եղան նաև քարաթափման, սողանքի դեպքեր։ Այս ամենից զատ մարզը ունեցավ նաև ձեռքբերումներ։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է 22 հրշեջ մեքենա։  JICA-ի՝  «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում են տրվում դրանք,  և նախատեսված են Սյունիքի, Շիրակի, և Լոռու մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար: Սյունիքին բաժին է հասել 6 միավոր տեխնիկա, 2-ը՝ Կապանին, մեկական՝ մյուս քաղաքներին։ Դրանք նախատեսված են աղետների կանխարգելման համար․ «Հրշեջ փրկարարական մեքենաների ջրի տարողունակությունը 3,5 տոննա է, հանդերձավորված են նաև փրկարարական տարբեր գործիքներով», - նշեց Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Դավիթ Ասատրյանը։

Փոխգնդապետն ընդգծեց, որ հրդեհների թիվը Սյունիքում շատ է։  Հաշվի է առնվել նաև մայրաքաղաքից հեռու գտնվելը։ Համապատասխան հաշվարկների անդամները տեխնիկան ընդունելուց առաջ ստացել են հատուկ հրահանգավորում։ «Նախկինում մեքենաները բարձր անցողականության չէին, իսկ սրանք այդպիսին են և լեռնային պայմաններում հեշտ է շահագործելը», - ասաց նա։ 

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը նշեց խնդիրներ, որոնց լուծումը ընթացքի մեջ է․ «ՀՀ յուրաքանչյուր մարզի նկատմամբ նախարարության ուշադրությունը ակնհայտ է։ 2019-ը թեպետ հրդեհների թվով գերազանցում էր նախորդ տարվան, այնուամենայնիվ  ձեռքբերումների տարի կարելի է համարել․Սյունիքը 11 հրշեջ մեքենա է նվեր ստացել, եղել է գույքային, հանդերձանքի համալրման տարի։

Արտակարգ դեպքեր, դժբախտաբար, լինում են ամենուր և ամեն տարի։ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել հնարավորինս շրջահայաց և չնպաստել դրանց թվի ավելացմանը։

Նարե Խաչատրյան

17:00 05.02.2020

Ամենաշատ ընթերցվածները