ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի և Լոռու մարզերում աղիքային վարակով 49 մարդ է հոսպիտալացվել․ պատճառը կիլոգրամով վաճառվող էկլերներն էին
16:00 06.02.2020

Սյունիքի և Լոռու մարզերում աղիքային վարակով 49 մարդ է հոսպիտալացվել․ պատճառը կիլոգրամով վաճառվող էկլերներն էին

Հունվարի 28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացվել են լուծ, ջերմություն, փսխում ախտանշաններով հիվանդներ՝ նախնական «աղիքային վարակ» ախտորոշմամբ։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները միջոցառումներ են ձեռնարկել վարակի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով. քննարկվել է վարակի առաջացման ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնը:

Համաճարակաբանական հետազտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտագործել են «Զեյթուն» հրուշակեղենի ֆիրմայի կիլոգրամով վաճառվող էկլեր:

 

Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում և Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ևս հոսպիտալացվել են նմանատիպ գանգատներով հիվանդներ: Վերջիններս նույնպես նշել են հիշյալ ֆիրմայի էկլերի օգտագործումը:

Դեպքերի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ:

Կատարված համալիր միջոցառումների արդյունքում հունվարի 27-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Լոռու և Սյունիքի մարզերում հայտնաբերվել և հոսպիտալացվել է 49 հիվանդ, որից 41-ը Լոռու մարզում, 8-ը՝ Սյունիքի։

Ներկա պահին Լոռու մարզի բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 33 տուժած, Սյունիքի մարզում՝ 8։ Հիվանդների վիճակը բժիշկները գնահատում են բավարար, ստանում են անհրաժեշտ բուժում, կա դրական շարժընթաց:

Նշենք, որ հետազոտությունների շրջանակներում հիվանդներից կատարվել է նմուշառում և լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սալմոնելլա:

Աղբյուր՝ med.news.am

16:00 06.02.2020

Ամենաշատ ընթերցվածները