ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Օրենքը՝ թերացումներով
20:00 06.02.2020

Օրենքը՝ թերացումներով

Դեռևս 2019-ին ԱԺ-ում Սյունիքի շահերը ներկայացնող Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը հանդես էին եկել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով։ Ազգային ժողովը ընդունեց օրենքը, ըստ որի՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման տեխնիկական հնարավորություն է ընձեռվում նաև ոստիկանությանը։ Օրենքը որոշ վիճահարույց ենթաշերտեր ունի։

«Զուտ տեխնիկական բնույթի է»

Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի խոսքով՝ օրենքի փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ, քանի որ հնարավորություն են տալիս ոստիկանությանը գաղտնալսման համար ունենալ սեփական սարքեր։ Մինչ այդ օրենքը թույլ էր տալիս նման սարքեր ունենալ միայն ԱԱԾ-ին։ «Ոստիկանությունը արդյո՞ք նախկինում իրականացրել է հեռախոսային վերահսկում, այո՛։ Բայց վերահսկողություն իրականացնելու համար դիմել է գլխավոր վարչություն։ Լսելու կամ չլսելու հետ կապված օրինագծի ընդունման հետևանքով ոչ մի բան չի փոխվել․ ոստիկանությունը վերահսկողություն սահմանել է նախկինում, այսօր էլ՝ ունենալով սեփական սարքեր»։ «Ո՞ւմ նկատմամբ է հեռախոսային վերահսկողություն իրականացվելու» հարցին ի պատասխան՝ Սիփան Փաշինյանն ասում է․ «Այն քաղաքացիների հեռախոսներն են վերահսկվում, ովքեր կասկածվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։ Օրինակ՝ եթե Դուք չեք մեղադրվում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, Ձեր հեռախոսը որևիցե մեկը իրավունք չունի վերահսկել։ Օրենքի տրամաբանությունն այն է, որ իրավապահ մարմինները ժամանակ չկորցնեն՝ օպերատիվ գործելու համար»։

Չարդարացված ռիսկեր

Իսկ փաստաբան Իրինա Մանուկյանը համաձայն չէ իշխանության այն պատճառաբանմանը, թե այս փոփոխությունը միտված է ապահովելու հավասարակշռություն այն մարմինների միջև, որոնց վերահսկողության իրավասություն է տրված։ «Եթե իրականում այն միտված է նշված մարմինների միջև լիազորությունները հավասարապես բաշխելուն, այդ դեպքում ինչու՞ նշված օրենսդրական փոփոխությունը վերաբերում է միայն ոստիկանությանը, եթե գործող օրենսգրքով գաղտնալսելու իրավունք ունեն նաև քրեակատարողական ծառայության մարմինները։ Հավասարակշռություն ապահովելու համար նման իրավունք պետք է տրվեր նաև քրեակատարողական մարմիններին, որը տեղի չունեցավ»։

Իրինա Մանուկյանը ընդգծում է ռիսկերը․ անձը, որի նկատմամբ իրականացվել է գաղտնալսում, կարող է դրա վերաբերյալ իմանալ միայն երեք դեպքում․ «Առաջինը, եթե տվյալ անձի նկատմամբ դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ, եթե քրեական հետապնդումը նշված անձի նկատմամբ դադարեցվել է, և եթե նշված անձի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է։ Մնացած բոլոր դեպքերում անձը, ով գաղտնալսվել է, չի կարող դրա մասին երբևէ իմանալ։ Այսինքն՝ գործող օրենսդրությունը նշված հնարավորությունը չի նախատեսում։ Միայն նշված երեք դեպքերում անձը կարող է դիմել իրավասու մարմնին, ստանալ դրա վերաբերյալ տեղեկատվություն և հիմքերը՝ երեք ամսվա ընթացքում»։ Անձը փաստաբանի միջոցով կարող է դիմել դատարան՝ պարզելու համար, թե ինչ հիմքերով են իրեն գաղտնալսել, սակայն դատարանը կարող է մերժել միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ տեղեկատվությունը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը։ Սա ևս մեկ մտահոգող հարց է, օրենսդրական թերացում։ 

Հակասահմանադրակա՞ն օրինագիծ

Չնայած օրինագծի համահեղինակ Սիփան Փաշինյանը շեշտեց, որ կգաղտնալսվեն միայն ծանր ու առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողները, այնուհանդերձ մեկ նրբություն կա․ այդ հանցագործություններ կատարողները կարող են խոսել սովորական քաղաքացիների հետ, այդպիսով կգաղտնալսվեն նաև հենց այդ քաղաքացիները։ Սա հակասում է մայր օրենքին, որի վկայությունը հաղորդակցության ազատության և գաղտնիության 33 հոդվածն է, որի առաջին կետը հստակեցնում է․

1Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

Իսկ քաղաքացիները դեմ են

Կապանում այս առթիվ փոքրիկ հարցախույզ անցկացրինք։ Քաղաքացի Վարդան Ստեփանյանը դեմ է գաղտնալսմանը, ասում է՝ տարաբնույթ խոսակցություններ է ունենում ընտանիքի անդամների, ընկերների հետ, չի ցանկանում, որ այդ խոսակցությունները գաղտնալսվեն։ «Եթե ազգային անվտանգության խնդիր կա, և այդ գաղտնալսմամբ խնդիր է լուծվում,  թող լսեն, սակայն պարզապես լսելու դեպքում մարդու իրավունքների խախտում է», - նշում  է քաղաքացի Օքսաննա Աղաբաբյանը։ Սամվել Գրիգորյանն էլ այս փաստը որակում է որպես ինքնասիրության տրորում․ «Դա արգելված բան է, ուրեմն մենք ռոբոտնե՞ր ենք, ո՛չ, մենք մարդ ենք, մենք շնչում ենք։ Չեն կարողանում աշխատել, թող իրենց կադրերին փոխարինող գտնեն, ի՞նչ հետևել, դա ի՞նչ օրենք է»։

Եզրակացություն

Փաստորեն ստացվում է, որ հնարավոր է գաղտնալսվեն նաև ծանր հանցագործություն չկատարած քաղաքացիները։ Բացի դրանից՝ ինչո՞ւ, օրինակ, գաղտնալսման տեխնիկական հնարավորություն չտրվեց նաև քրեակատարողական հիմնարկներին։ Եթե անձի նկատմամբ դատարանը չի կայացրել արդարացման դատական ակտ, եթե քրեական հետապնդումը նշված անձի նկատմամբ չի դադարեցվել, և եթե նշված անձի նկատմամբ քրեական գործի վարույթը չի կարճվել, ինչո՞ւ չեն կարող դիմել դատարան և պարզել, թե ինչ հիմքերով են իրեն գաղտնալսել։ Սրանք հարցեր են, որոնք հեղինակները հաշվի չեն առել՝ թերի դարձնելով օրենքը։

Անուշ Միրզոյան

20:00 06.02.2020

Ամենաշատ ընթերցվածները