ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Օրենքի նախագիծը՝ կոռուպցիոն ռիսկերի մեջ խեղդվող
14:00 07.02.2020

Օրենքի նախագիծը՝ կոռուպցիոն ռիսկերի մեջ խեղդվող

2019-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկման էր դրել «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Ըստ իրավագետ Հայկ Արամյանի՝ փաստաթուղթը խնդրահարույց կետեր է պարունակում, որոնք կարող են հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի։ 

Ակնկալվում է՝ հստակեցնել «Փրկարար ծառայության մասին» օրենքում Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա փրկարար ծառայության կարգավիճակը, լրացնել ծառայության լիազորությունները, սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու, ծառայողների անձնական գործերի վարման, կադրերի ռեզերվում գրանցելու հնարավորությունները:

Կոռուպցիոն ռիսկերով հարուստ

Իրավագետ, ԱԻ նախարարության աշխատակից Հայկ Արամյանը դժգոհություն է հայտնում նախագծի վերաբերյալ, այն անվանում խայտառակություն։ Ասում է, որ այն ոչնչով չի նպաստում փրկարար ծառայության արդյունավետության բարձրացմանը, այլ հակառակը, գեներացնում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝ նաև կոռուպցիոն բնույթի: «Օրենքի փոփոխությունը նպատակ ունի փրկարար ծառայության կադրային նշանակումները կենտրոնացնել ԱԻ նախարարի ձեռքում, ընդ որում, օրենքը փոխելով այնպես, որ ցանկացած քաղաքացու ցանկացած պահի հնարավոր լինի ընդունել աշխատանքի։ Գործող կարգավորմամբ վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը, իսկ կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է ծառայության տնօրենը: Օրենքի նախագծով առաջարկվում է, որ փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նույնպես նշանակի ԱԻ նախարարը»։

Հ․Արամյանը կարևորում է, որ օրենքներով սահմանված կարգով ո՛չ Զինված ուժերում, ո՛չ էլ  Քրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում համապատասխան նախարարները չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին: Վարչապետին ենթակա ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերում ևս ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին։

Եվս մեկ ռիսկային դրույթ

ԱԻՆ աշխատակիցը ասում է՝ գործող օրենքով փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 35 տարեկան ՀՀ այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: «Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը բացառություն է նախատեսում միայն կառավարության կողմից սահմանված առանձին մասնագիտությունների համար, որոնց պարագայում կարող են փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար այլ պահանջներ սահմանվել: Իսկ այս նախագծով օրենքը փոխվում է այնպես, որ ԱԻ նախարարը ցանկացած ՀՀ քաղաքացու` անկախ տարիքից, մասնագիտությունից, զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքից, կարող է նշանակել փրկարար ծառայության պաշտոնի»։

Հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին

Նախագծով նախատեսվում է Փրկարար ծառայության մասին օրենքի 1-ին կետի առաջին մասը շարադրել հետևյալ կերպ.  «Համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, կազմակերպությունների առանձնահատկություններից ելնելով առանձին պաշտոններում կարող են նշանակվել փրկարար ծառայողներ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով»։ Հայկ Արամյանի խոսքով՝ սա ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին։ ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակից, իսկ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, օրենքի կարգավորման առարկան վերաբերում է այդ մարմնում ծառայությանը, հետևաբար, փրկարար ծառայության մասին օրենքը փրկարար ծառայությունից դուրս, տվյալ դեպքում՝ նախարարության այլ ստորաբաժանումներում պաշտոնի նշանակելու հետ կապված որևէ իրավահարաբերություն չի կարող կարգավորել»:

«Օրենքի նախագիծն անընդունելի է, առաջարկում եմ նախագծին որևէ ընթացք չտալ», - խոսքը եզրափակում է Հայկ Արամյանը։

Անուշ Միրզոյան

14:00 07.02.2020

Ամենաշատ ընթերցվածները