ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Աշխատող ուսանողների ուսման վարձը կտա պետությունը
20:00 08.02.2020

Աշխատող ուսանողների ուսման վարձը կտա պետությունը

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որով նախատեսվում է հարկային օրենսգրքում այնպիսի լրացում կատարել, որով պետությունը աշխատող ուսանողների վճարած եկամտային հարկից կփոխհատուցի նրանց ուսման վարձը։ Նախաձեռնության հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են։ Մագիստրատուրայում սովորող ուսանողները կկարողանան հետ ստանալ իրենց աշխատավարձից գանձվող եկամտահարկը։ Այս արտոնությունն առայժմ միայն օրենսդրական առաջարկի տեսքով է։ «Սկզբնական փուլում նախատեսում էինք նաև բակալավրիատի համար սա կիրառել, բայց, քանի որ կրթության մասին նոր օրենքում մի շարք փոփոխություններ են սպասվում, դեռ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողների համար ենք նախագիծը մշակել։ Նախատեսվում է նաև հեռակա ուսուցման կարգը ձևափոխել, դրա համար շեշտը դրել ենք միայն առկա ուսուցման վրա», - ասաց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Մեր ընտանիքում վճարովի հիմունքներով սովորող երեք ուսանող կա։ Մեզանից երկուսը աշխատում է։  Այս նախագծի ընդունումով մեզ համար բավականին մեծ հնարավորություն կստեղծվի եկամտահարկով փակելու ուսման վարձը՝ այսպիսով օգնելով ծնողներիս։ Վարձս 430 հազար դրամ է, և ամսական կտրվածքով եկամտահարկից մոտավորապես 41000 դրամ պետք է վճարվի, այսինքն՝ տարեկան մի բան էլ ավելի է ստացվելու։ Շատ լավ ծրագիր է, եթե, իհարկե, իմ մասնագիտությունը ներառված լինի այդ ցուցակում», - նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի ուսանողուհի  Ռոզա Խաչատրյանը։

Սահմանված գումարը վերադարձվելու է ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո։ Գործադիրն է որոշելու, թե ինչ չափով և որ մասնագիտությունների համար սահմանել արտոնություն․  «Գաղափարախոսության արդյունավետությունը կարելի է բարձրացնել, եթե դիտարկեինք նաև այն մասնագիտությունները, որոնք ըստ էության համեմատաբար ցածր պահանջարկ են վայելում։ Դրանք արվեստի բնագավառի մասնագիտություններն են,  և պետք է կարևորել ոչ թե ուսման վճարի ամբողջությամբ նվազեցումը, այլ, օրինակ, դրա 80 տոկոսը, որպեսզի պետությունը  ևս կարողանա իր քաղաքականությունը իրականացնել», - նկատեց Աժ պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Պատգամավորի  խոսքով՝ սա սովորելուն զուգահեռ զբաղվածությունը խթանող նախագիծ է․ «Քանի որ գաղափարախոսությունը նոր է, այն չի կարող լինել մշտական գործիք, կարծում եմ՝ այս օրինագիծը պետք է ունենա թեստային ժամանակաշրջան, օրինակ՝ 2022 թվականի հունվարի մեկը։ Եթե մենք ելնում ենք այն գաղափարախոսությունից, որ կրթությունը ներդրում է, ապա ներդրումը ամբողջովին չի կարող պետական չստացված եկամուտների հաշվին իրականացվել և առնվազն որոշակի ռիսկ պարունակելու է ներդրողի համար», - ընդգծեց նա։

Արտակ Մանուկյանը կարևորում է մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հնարավոր ռիսկերի մասին բարձրաձայնվել է՝ հետագայում առաջացող խնդիրներից խուսափելու համար․«Այստեղ խնդիրը ոչ թե գաղափարախոսությունն է, որը ընդունելի է պատգամավորների համար, այլ՝ ինչպես անել, որ այս գաղափարախոսության շրջանակում էլ ավելի բարձ արդյունավետություն ապահովվի։ Վարքագծի փոփոխությունը զբաղվածության շուկայում կբերի նաև նրան, որ ցածր պահանջարկ վայելող մասնագիտությունները ևս ընդունելի և ռացիոնալ կլինեն բարձր կրթական մակարդակ վայելող սուբյեկտների համար։ Քանի որ գաղափարախոսությունը փորձում ենք փորձարկել, ապա  շահառուների էլ ավելի թիրախայնությունը ապահովելը կարևոր է, որովհետև եթե սրանից օգտվեն բոլորը, ապա նպատակին չի ծառայի», - եզրափակեց իր խոսքը Արտակ Մանուկյանը։

Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում օրենքը նախատեսվում է կիրառել 2020թ. սեպտեմբերից։ Նախագիծը իր նպատակին կծառայի՞, թե՞ կդառնա չիրականացվող որոշում, ցույց կտա ժամանակը։

Նարե Խաչատրյան

 

20:00 08.02.2020