ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կրթությունը՝ բանալի
18:00 08.02.2020

Կրթությունը՝ բանալի

Հունվարի 24-ին աշխարհում երկրորդ անգամ նշվեց կրթության միջազգային օրը, որը հռչակել է ՄԱԿ-ը 2018թ. դեկտեմբերին, իսկ նշվում է 2019 թվականից: Կրթություն ստանալու իրավունքը ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում: Տոնը կոչված է ուշադրություն հրավիրելու ոլորտում եղած խնդիրներին: 

Միացյալ ազգերի կազմակերպության տվյալներով աշխարհում մոտ 700 մլն մարդ չի տիրապետում գրելու և հաշվելու տարրական հմտություններին, իսկ շուրջ 260 մլն երեխա չի հաճախում դպրոց: Ամենավատ վիճակը Աֆրիկայում է, մասնավորապես՝ Նիգերում, Չադում և Մալիում, այնտեղ է նաև չկրթված աղջիկ երեխաների ամենամեծ զանգվածը` շուրջ 60%-ը։ Իսկ ամենակրթված բնակչություն ունեցող երկրներ են համարվում Գերմանիան, Ավստրալիան և Դանիան, այդ մասին վկայում է ՄԱԿ-ի հետազոտությունը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, համեմատելով նախորդ տասնամյակների հետ, հասարակության կրթվածության մակարդակի աճ է արձանագրում, միևնույն ժամանակ նշում, որ այն էլ գոհացուցիչ չէ, եթե հաշվի առնենք ինքնակրթվելու համար ստեղծված այժմյան հնարավորությունները։

Փորձագետը ասում է. «Բազմաթիվ երկրների օրինակը փաստում է, որ երկրի տնտեսությունն ու բնակիչների կրթվածության մակարդակը իրար հետ փոխկապակցված են։ Միայն այնտեղ, որտեղը մարդը ապրում է քիչ թե շատ ապահով և ծանրաբեռնված չէ գոյատևման տարատեսակ խնդիրներով, նա կարող է մտածել նաև սեփական կրթության և դրա վրա գումար ծախսելու մասին։ Կիրթ բնակչության մակարդակը բարձր է նաև այն երկրներում, որտեղ կին-տղամարդ տարբերակումը այդքան սուր չէ դրված, ու կինը դիտարկվում է որպես հասարակության լիարժեք անդամ»։

Իր խոսքում Սերոբ Խաչատրյանը նշեց նաև, որ Հայաստանի կրթական համակարգը այժմ բավարար մակարդակի վրա է․ «Մեր գլխավոր սխալը օտար համակարգերի կրկնօրինակման փորձերն են։ Հարկավոր է մշակել սեփական ուղին՝ հիմնվելով ուժեղ կողմերի վրա և վերացնելով թույլերը»։

Անի Գրիգորյան

18:00 08.02.2020

Ամենաշատ ընթերցվածները