ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հետախույզի կյանքի ընդհատված ուղին
17:00 09.02.2020

Հետախույզի կյանքի ընդհատված ուղին

«Ես սերժանտ եմ, շատ ուրախ եմ, որ  ծառայում եմ այս զորմասում։ Վստահ եմ, որ ես և զինակից ընկերներս կարող ենք՝ առանց մեծ դժվարության կատարել մեր առջև դրված խնդիրները․․»։ Բավական չէ լինել հայրենիքի զավակը, պետք է նաև նրա հրաչունչ զինվորը լինել։ Դա բնորոշ է միայն զտարյուն տղամարդկանց։ Նրանցից մեկը հետախույզ Գոռ Նիկոլայանն էր։

Կենսագրական

Գոռը Նիկոլայանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 11-ին Կապանում։ Սովորել է Կապանի թիվ 10 հիմնական դպրոցում, ապա ընդունվել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ։ 2015-2017-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Նա մասնակցել է Ապրիլյան պատերազմին, աչքի ընկել խիզախությամբ։ Գոռը այն եզակի երիտասարդներից էր, ով իր գործողություններով ապացուցեց նվիրվածությունը հայրենիքին։ Սրա մասին զինակից ընկերներն ու սպայական կազմն են պատմում, ասում՝ հայրենի հող ու ջրի համար նա միշտ պատրաստ էր ամբողջ կյանք նվիրաբերել, բայց 2018-ի դեկտեմբերի 25-ի չարաբաստիկ վրաերթը կիսատ թողեց նրա բոլոր երազանքները։

Երանի

Գոռի զինակից ընկեր Կարեն Գրիգորյանն ասում է․ «Հիշում եմ Նիկոլայան Գոռի՝ զորամաս մտնելու առաջին օրը։ Հենց առաջին տպավորությունը եղել է դրական։ Գոռը սիրված է եղել թե՛ հրամանատարության, թե՛ զինվորների շրջանում։ Նա շատ արդար զինակից էր, շատ լավ մարդ։ Նույնիսկ հիմա երանի ենք տալիս, որ մեր շարքերում լինեին նման զինվորներ»։ Իսկ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Գոռը ընկեր էր, ով միշտ պատրաստ էր լսել քեզ, զրուցել հետդ, խրատել, օգնել անշահախնդիր, ամենադժվար պահին կողքիդ լինել։ 

Պատմում են հրամանատարները 

Զորամասի հրամանատար Արմեն Պետրոսյանը պատմում է․ «Նիկոլայանը գտնվել է այն ստորաբաժանումում, որը անձամբ ես եմ ղեկավարել։ Զբաղեցնելով Մարտունիում տեղակայված բարձունքներից մեկը՝ առաջադրանք էր ստացել ամուր պահել տվյալ բարձունքը։ Հավուր պատշաճի կատարել է, օգնել տղաներին, չնայած գտնվել է պաշտպանության այլ տեղամասում։ Կազմակերպչական ջիղ ուներ, որպես կրտսեր հրամանատար կարողացել է իր շուրջը համախմբել զինակիցներին։ Անընդհատ հետևել է, որ վերակարգերում կարգուկանոնը պահպանվի։ Մարտական հերթապահության ժամանակ, հատկապես գիշերը, չէր քնի՝ կշրջեր այնքան,  մինչև վերջին ծառայողի քունը կանխեր»։

Հրամանատարը հավելում է՝ Գոռին սիրում էին բոլորը, նրա ամենակարևոր հատկություններից մեկը ազնվությունն էր։ «Նույնիսկ եթե մի թեթև զանցանք էլ գործած լինեին, Գոռը կասեր, կխոստովաներ, չէր խաբի։ Առաջինը նրան որ լսեինք, ուրիշ ոչ մեկին լսելու կարիք չէր զգացվում։ Չնայած երիտասարդ էր, բայց հասուն մտածելակերպ ուներ։ Ջանք ու եռանդ չէր խնայում, որ ֆիզիկապես հնարավորինս կոփված լինի։ Ակտիվ էր մարտավարական պարապմունքների ու կրակային պատրաստությունների ժամանակ։ Դրա համար լավագույններից հենց նրան ընտրեցինք և գործուղեցինք սերժանտական դասընթացների։ Չսխալվեցինք․ գերազանց ավարտեց դասընթացները։ Այնուհետև մասնակցեց «դյուցազուն» որակավորման կարգի»։

Վաշտի հրամանատար Ռազմիկ Հովսեփյանի խոսքով՝ Նիկոլայան Գոռին էին վստահվում ամենապատասխանատու խնդիրները, քանի որ կարողանում էր զգուշորեն ու միաժամանակ համարձակությամբ դրանք հասցնել ավարտին։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերել է խիզախություն ու զինվորական կարգապահություն, որի համար էլ ներկայացրել եմ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալի։ Ստացել է անձամբ նախարարից, որի համար իսկապես ուրախ էինք։ Բանակի գերազանցիկ էր, կրծքանշանն էլ ստացել է գեներալ-մայոր Լևոն Մնացականյանից։ Նա սերժանտական խորհրդի նախագահն էր ու մշտապես զինվորների շրջանում հանդես էր գալիս կարևոր հարցերի բարձրացումով»։

«Նրա հետ սկսել եմ ընկերություն անել 2016 թվականից, Ապրիլյան պատերազմից հետո։ Իրենց խումբը սարում ես եմ ընդունել։ Իսկ երբ վաշտ գնացինք, սկսեցի մտերմանալ, նա ջանադիր ու գիտակ սերժանտներից էր։ Ինձ համար Գոռը փոքր եղբոր պես էր։ Աչքի էր ընկնում պարտաճանաչությամբ, ամբողջ վաշտի խնդիրներով էր զբաղվում։ Տղաների մեջ սերմանում էր անշահ սեր՝ հանդեպ հողի, ջրի, հայրենիքի։ Մի մահճակալի վրա էինք քնում, չի ստացվում հաշտվել նրա մահվան հետ, ծանր փաստ է», - նշում է Արթուր Սարգսյանը։

Թե՛ զինակից ընկերները, թե՛ հրամանատարները համոզված են՝ քաջերի հարությունն է մահը, քաջերը մահ չունեն, նրանք միշտ կան  ու միշտ օգնում են ճակատագրական պահերին։ Գոռը իրենց հետ է միշտ։ Հեռացավ երիտասարդ տարիքում, այնուհանդերձ պատմություն կերտեց՝ մնալով այնտեղ հավիտյան։

Անուշ Միրզոյան

 

 

17:00 09.02.2020

Ամենաշատ ընթերցվածները