ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայրենադարձությունը խթանող նախագիծ
19:00 07.02.2020

Հայրենադարձությունը խթանող նախագիծ

«Երբ ես մեկ տարի առաջ  տեղափոխվեցի Հայաստան, փաստաթղթային խնդիրներ առաջացան։ 3-ից 4 շաբաթ էր հարկավոր, որ կարողանամ իմ անձնական գույքը ստանալ օդանավակայանից։ Եթե փաստաթղթերը ավելի արագ պատրաստվեին, 1200-ի փոխարեն կվճարեի ընդամենը 400-ից 500 դոլար», - ասաց Հովիկ Քարդաշյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախկինում հայրենադարձվող քաղաքացիները մաքսային մարմիններում  հաճախ էին  դժվարությունների հանդիպում, իսկ հատկապես հեղափոխությունից հետո որոշեցին ոլորտին վերաբերող գործող օրենքում փոփոխություն  կատարել։

Ըստ նախագծի՝ արտագաղթած հայրենակիցները, անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի են, թե ոչ, եթե ցանկանում են մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց  որևէ մաքսատուրքի   և հարկի կարող են ներկրել իրենց անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ։ Հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է: 

Ներկայիս օրենսդրությամբ, եթե անձը ՀՀ քաղաքացի է կամ ունի Հայաստանում հաշվառում, ապա անկախ այն հանգամանքից, թե որքան է բացակայել երկրից, չի համարվում հայրենադարձ և չի ստանում որևէ արտոնություն․ «Մշտական բնակության վերադառնալու ցանկություն ունեցող հայրենակիցները, եթե 5 տարի չեն ապրել Հայաստանում, կօգտվեն արտոնությունից։ Մշտական բնակության կարող են վերադառնալ այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվում հայրենիքում, իսկ օրենսդրության տեսանկյունից մշտապես բնակվում են մի տեղ, որտեղ գրանցվել են», - ասաց պատգամավորը։

Լիբանանից, ԱՄՆ-ից կամ մեկ այլ երկրից եկողներին թույլատրվում է ունեցվածքը  բերել առանց մաքսազերծելու։ Խոսքը չի վերաբերում միայն ԵԱՏՄ երկրներին։

«Քաղաքացիներին ասում ենք, որ անկախ այն  հանգամանքից, թե քանի տարի եք ապրել դրսում, ինչ եք էդտեղ ստեղծել, տուն-տեղ կարող եք վերցնել և զրոյական վճարներով տեղափոխվել և հաստատվել հայրենիքում։ Այնպես չէ, որ սա միակ խթանող գործոնն է, որ քաղաքացիները վերադառնան Հայաստան, բայց, այնուամենայնիվ, նախագծի նպատակը հայրենակիցներին հայրենիք վերադարձնելն է։ Մշտական բնակության վերադարձող մեր հայրենակիցները չպետք է որևէ խնդիր ունենան մաքսային մարմիններում»։

Պատգամավորը ընդգծեց, որ սա լրացուցիչ հնարավորություն է։ Ֆեյսբուքյան գրառումից հետո մի քանի տասնյակ նամակ է ստացել մարդկանցից․ «Մի  քանի հարյուր հազար քաղաքացի շարունակում է հաշվառված լինել որպես ՀՀ քաղաքացի, և եթե այդ քաղաքացիների 20-30 տոկոսին կարողանանք վերադարձնել այս փոփոխություններով, շատերի մոտ շահագրգռվածություն կառաջանա»։

Արտոնությունից օգտվելու հնարավորություն տվող երկրից, տվյալ դեպքում՝ Հայաստանից,  բացակայության ժամկետը փոխվել է․ նախկին 5 տարին  դարձել է 3։  Սահմանափակումներ չկան, սահմանափակումը մեկ անձի վերաբերյալ մեկ ավտոմեքենան է։  Այն պետք է գնված լինի վերադարձի ցանկություն հայտնելուց առնվազն 6 ամիս առաջ, այն էլ տվյալ քաղաքացու անունով։  «Մենք  էս պահին էլ ենք հագուստ կրում, և այնպես չէ, որ հին է։ Ամբողջությամբ նորի դեպքում խնդիրներ կառաջանան»։ 

Նախագիծն առաջիկայում կմտնի Ազգային ժողովի օրակարգ։

Նարե Խաչատրյան

19:00 07.02.2020

Ամենաշատ ընթերցվածները