ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ի․Կերտես․ «Անբախտություն»
19:00 09.02.2020

Ի․Կերտես․ «Անբախտություն»

Հոլոքոստի մասին պատմող ստեղծագործությունների մեջ իր որոշակի տեղն ունի ծագումով հրեա Իմրե Կերտեսի «Անբախտություն» վեպը, որը 2002-ին արժանացավ Նոբելյան մրցանակի։ Հունգարացի գրողը պատմում է հրեա պատանու մասին, որը մեկ տարի գերմանական համակենտրոնացման ճամբարների կյանքը «վայելելուց» հետո պետք է որոշի, թե ինչպես է ապրելու այսուհետ։

Տասնչորսամյա պատանին լավ-վատ ապրում էր Բուդապեշտում։ Պատերազմը իր կնիքն էր թողել ամեն ինչի վրա, բայց նա կարծես այնքան էլ դժգոհ չէր իր կյանքից։ Սակայն մի օր նրան շատ հրեաների հետ իջեցնում են ավտոբուսից և ուղարկում Գերմանիա։ Այդ տարիքին վայել թեթևությամբ է սկզբում նայում իր շուրջ․ «Հիշում եմ, որ հանկարծ ծիծաղս եկավ․ նախ՝ զարմանքից ու շփոթմունքից, ապա՝ այն զգացողությունից, որ հաջողել եմ ինչ-որ ապուշ ներկայացման մեջ ընկնել, որում ինձ համար առանձնապես պարզ չէ դերս»։

Կալանավորներն ապրում են փոքրիկ ուրախություններով․ ապուր են բաժանելու։ Ոմանց դեմքերը երախտագիտությունից նույնիսկ փայլում են․ այնուամենայնիվ, իրենց մասին հոգ են տանում։ Հետո, իհարկե, վրա են հասնում առաջին ցնցումները․ «․․․ Ծխնելույզը, որ երևում էր այնտեղ՝ մեր դիմաց, իրականում բոլորովին էլ  կաշեմշակման գործարանի չէր, այլ «կրեմատորիումի» ծխելույզն էր, այսինքն՝ դիակիզարանի, այդպես ինձ բացատրեցին անծանոթ բառը»։ Բացատրում են նաև, որ այնտեղ են տանում ինչ-որ հիվանդությունից մահացածներին։ Միայն թե կային կալանավորներ, որ իրավացիորեն հարց էին տալիս․ «Այդ ի՞նչ համաճարակ է, որ այդքան զոհ է տվել»։ Շուտով պատանու ականջին է հասնում, որ մինչև գազախուցը բոլորի հանդեպ սիրալիր ու հոգատար են եղել․ «Երեխաները գնդակ են խաղացել ու երգել, իսկ տեղը, որ նրանց խեղդել են, գեղեցիկ է, սիզամարգով, ծառ ու ծաղկով օղակված, երևի թե դա էր պատճառը, որ այդ ամենն ինձ վրա թողնում էր ինչ-որ զավեշտի, ուրախ աշակերտական չարաճճիության տպավորություն»։

Այդ «ուրախ» տպավորությունները պատանին ստանում է ընդամենը երեք օր Օսվենցիմում անցկացնելուց հետո։ Այնուհետև նրան մահվան ճամբարից տեղափոխում են աշխատանքային ճամբար՝ Բուխենվալդ։ Բայց տարբերությունը մեծ չէր։ Ճիշտ է, շատերն էին ցանկանում օրինակելի կալանավոր դառնալ։ Եթե մարդկանց թիվը համապատասխաներ, անվանակոչը կարճ կտևեր, հնարավոր կլիներ խուսափել ծեծուջարդից։

Մարդն առհասարակ ընտելանում է ամեն ինչի, նույնիսկ կալանավորի կյանքին։ Բայց դա հնարավոր է թերևս քաղաքացիական բանտում։ Իսկ համակենտրոնացման ճամբարում պարզապես ժամանակ չէին տալիս։ Նախ սկսում է տանջել քաղցը․ «Եթե ես ծառ, խիճ կամ երկաթ չէի ուտում, ապա սոսկ այն պատճառով, որ դրանք հնարավոր չէր ծամել ու մարսել»։ Բայց շուտով ցուրտն ու քամին, նույնիսկ քաղցն այլևս չէր զգում։ Չէր մտածում նաև օրինակելի կալանավոր դառնալու մասին․ «Եթե որևէ բան դուր չէր գալիս նրանց, թող ծեծեին, մեծ դժբախտություն չէր, հակառակը, ժամանակ կշահեի, առաջին իսկ հարվածից հետո ես շուտով գետնին էի փռվում, իսկ հետո էլ ոչինչ չէի զգում, քանի որ միանգամից քուն էի մտնում»։

Պատանին արդեն հիշեցնում էր զառամյալ ծերունու։ Շուտով հիվանդանոց է ընկնում։ Դժվար է ասել, թե ինչով կավարտվեր այդ ամենը, եթե պատերազմը չավարտվեր։ Տանը՝ Բուդապեշտում, տղային հարցնում են, թե ինչպես կպատկերացներ դժոխքը։ Ակնարկը ավելի քան թափանցիկ է։ Տղայի պատասխանը, սակայն, տարակուսանք է առաջացնում․ դժոխքը այնպիսի տեղ է, ուր անհնար է ձանձրանալ, իսկ համակենտրոնացման ճամբարում կարող էր և ձանձրալի լինել։ Տղան խոսում է ձանձրույթից գողացված երջանկության պահերի մասին, բայց դա կարծես ոչ ոքի չի հետաքրքրում։ Մարդիկ տղայից երկու անհնարին բան են պահանջում՝ վկայել և մոռանալ։ Իսկ տղան իր ապրածը, բնականաբար, մոռանալ չէր կարող։ Նա վաղուց արդեն կորցրել էր մանկությունը։ Միևնույն ժամանակ պետք է շարունակեր ապրել այդ բեռով։

Արթուր Իսրայելյան   

19:00 09.02.2020

Ամենաշատ ընթերցվածները