ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ձգտել ապրել առանց սթրեսի
16:00 10.02.2020

Ձգտել ապրել առանց սթրեսի

Ասում են՝ երջանկություն  է, երբ առավոտյան հաճույքով աշխատանքի ես գնում, իսկ երեկոյան հաճույքով վերադառնում տուն: Բայց կյանքում լինում են պահեր, երբ և մեկը, և մյուսը պարզապես անտանելի են դառնում։ Հոգեբանության մեջ այս երևույթը համարվում է սթրես: Աշխատանքի ոլորտում մարդու վրա ազդող սթրեսներին են միանում  կյանքի այլ ոլորտներում առկա նման գործոնները, առօրյա կյանքի տհաճությունները, ամուսնական կոնֆլիկտները, սոցիալական կյանքում կատարվող կտրուկ փոփոխությունները և այլն: Այս վիճակում տհաճությունները տեղափոխվում են ընտանիք և այլ սոցիալական հարթակներ և ընդհակառակը՝ ունեցած կոնֆլիկտներն ազդում են աշխատելիս և նոր խնդիրներ ծնում: Հոգեբան Մարիամ Հովհաննիսյանը նշում է, որ աշխատավայրի հետ կապված սթրեսը կարող է խանգարել յուրաքանչյուր մարդու։

Այն կարող է բացասաբար ազդել աշխատողի ընտանեկան կյանքի, աշխատանքից դուրս փոխհարաբերությունների և աշխատանք-կյանք հավասարակշռության վրա։ «Բացասական և նույնիսկ դրական դեպքերը, ինչպես օրինակ՝ ամուսնանալը, ծննդաբերելը, կարող են լինել սթրեսային։ Սթրեսի պատճառ դարձող հանգամանքները կամ իրավիճակները կոչվում են սթրեսորներ։ Սթրեսորները տարբեր մարդկանց վրա ներգործում են տարբեր մեխանիզմներով, և մի անձի մոտ գերսթրեսային կամ անհանգստություն պատճառող իրավիճակը կարող է մեկ այլ անձի մոտ որևէ խնդիր չառաջացնել։ Սթրես կարող է լինել մեզ հետ կապ ունեցող դեպքերից կամ իրավիճակներից, ինչպես նաև մեր իսկ մտքերից, վերաբերմունքից և ակնկալիքից։ Աշխատավայրում կան սթրեսի զարգացման տարբեր պատճառներ, օրինակ՝ երկարատև աշխատաժամանակը, գերբեռնվածությունը, գործընկերների կամ գործատուի հետ լարված փոխհարաբերություններն ու հակասությունները։

Աշխատանքային սթրեսը կարող է ավելի սրվել, եթե դուք չունեք աջակցող գործընկերներ։ Նման դեպքերում աշխատավայրը վերածվում է սթրեսի աղբյուրի, որը կարող է բերել աշխատողի հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրների, այդ թվում՝  դեպրեսիայի», - նշում է հոգեբանը:

Սթրեսի ճնշման ներքո դուք չեք կարողանում լիարժեք դրսևորել ձեր ունակությունները և սկսում եք դժվարությամբ անել այն, ինչ երբևէ ձեզ չի անհանգստացրել։ Աշխատավայրի հետ կապված սթրեսը կարող է խանգարել յուրաքանչյուր մարդու, բացասաբար ազդել աշխատողի ընտանեկան կյանքի, մասնագիտական ունակությունների, ընդհանուր առողջական վիճակի,  աշխատանքից դուրս փոխհարաբերությունների և աշխատանք-կյանք հավասարակշռության վրա։ Աշխատանքային սթրեսը բացասաբար է անդրադառնում նաև գործատուի վրա, քանի որ ընկնում է աշխատանքի արտադրողականությունը, ուստի,  գործատուն ևս պետք է խիստ շահագրգռված լինի, որ նվազեցնի աշխատավայրում սթրեսի մակարդակը։

Մարիամ Հովհաննիսյանը նշում է, որ կան աշխատանքի հետ կապված սթրեսի կառավարման որոշ մեթոդներ: «Սթրեսը թեթևացնելու առաջին քայլը ապրելակերպի մեջ որոշակի փոփոխություն մտցնելն է։ Առողջ սննդակարգ պահպանեք, բավականաչափ քնեք և ֆիզիկական վարժություններ արեք։ Փորձեք սթրեսային գործերն անել ոչ թե միաժամանակ, այլ առանձին, զրուցեք ձեզ հավատարիմ մարդու հետ անձնական կամ մասնագիտական կյանքից, փորձեք հասկանալ, թե երբ է պետք շատ աշխատել։ Հարմար օրերին կրճատեք աշխատաժամերը, վերցրեք արձակուրդ կամ ժամանակավորապես կտրվեք աշխատանքից և զբաղվեք ձեզ հաճույք պատճառող գործերով՝ ընտանեկան հոբբիներ, մարզաձևեր և այլն: Սթրեսը մեղմացնելու  մասին խորհուրդներ ստանալու համար դիմեք ձեր բժշկին կամ հոգեբանին: Երբեմն շատ կարևոր է զրուցել գործատուի հետ անհանգստացնող բոլոր հարցերի շուրջ, քննարկել և համատեղ լուծումներ գտնել: Ամենակարևորը օրվա մեջ ժամանակ գտնենք հանգստի համար և  ձգտենք բավականաչափ հանգստանալ», -եզրափակում է հոգեբանը:

Սոնա Օհանջանյան

16:00 10.02.2020

Ամենաշատ ընթերցվածները