ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երդում հայրենքին․․․
16:00 12.02.2020

Երդում հայրենքին․․․

Հայրենիքս և ես` մենք լծորդված ենք իրար, ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց: Նա գերագույն նպատակ է, ես՝ միջոց:
Գարեգին Նժդեհ

Կապանում տեղակայված N զորամասի շարահրապարակը սովորականի պես լիքն էր զինծառայողներով, միայն թե ամենուր թևածում էր տոնական տրամադրությունը։ Նորակոչիկ զինծառայողները երդում էին տալիս հայրենիքին։ Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները այսօր արդեն հայրենիքը պաշտպանողների շարքում են։
Նրանք, զենքը կրծքին առած, աչքի տակով երբեմն նայում էին ծնողներին, բայց և այնպես, տրված «Զգաստ» հրահանգի տակ կանգնել էին անշարժ ու խրոխտ։

 Ծնողների աչքերից արցունքներն էին հոսում, բայց հպարտանում էին իրենց զավակներով․ «Դժվարությունը տղամարդու համար է, տղան պետք է ծառայի», - ասում էին։ Փոքրիկ հարազատները՝ Մարկ Հայրապետյանը և Մարիամ Կարապետյանը, չնայած տարիքին, ասում էին․ «Հպարտ ենք, որ մեր եղբայրը ծառայում է բանակում»։ Նորակոչիկի հայր Հրաչ Թովմասյանը ուշիուշով հետևում էր որդուն, ով կանգնած էր զինվորների շարքում․ «Տղաս սովորում է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում, հատուկ ընդհատելով ուսումը՝ վերադարձել է հայրենիք, որպեսզի ծառայի բանակում։ Շատ ողջունելի կլինի, որ ցանկացած քաղաքացի իր պատասխանատվությունը զգար հայրենիքի հանդեպ։ Ծառայելու պատրաստակամությունը շատ կարևոր հանգամանք է մեր ամբողջ ժողովրդի համար»։

Նորակոչիկ Արա Կիրիմյանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ծառայությանը, չնայած բնակության վայրի փոփոխությանն ու ծնողների կարոտին, անվերապահորեն է կատարում հրամանատարների հրամանները․ «Նորակոչիկների պատրաստման ստորաբաժանումում եմ արդեն 54 օր, բայց չեմ նկատել, թե ինչպես են անցել այդ օրերը, քանի որ շրջապատում լավ վերաբերմունք եմ տեսել հրամանատարներից և ավագ զինծառայողներից։ Մի քիչ անսովոր էր առավոտյան շուտ արթնանալը, ֆիզիկական պատրաստությամբ զբաղվելը, բայց դրանք այն դժվարություններն են, որոնք հաղթահարելի են», - ասում է Արա Կիրիմյանը։

Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ երդում տված նորակոչիկները չեն զիջելու նախորդ սերունդներին։ Նրանք արդեն պատրաստ են հետագա ծառայությանը։ «Նորակոչիկների համար առաջին իսկ օրվանից ստեղծվել են սանիտարահիգիենիկ, սոցիալ-կենցաղային նորմալ պայմաններ (անկողնային հարդարանք, ննջարանային ջերմություն, լվացարանային պայմաններ, անձնական հիգիենայի պայմաններ), անցել են երիտասարդ մարտիկի պատրաստության դասընթացներ, անձնակազմին այս կարճ ժամանակաշրջանում ուսուցանեցինք առաջին նախնական զինվորական վարժությունները, զենքից օգտվելու կարգը, շարային քայլքը։ Նրանք սովորել են վերակարգին պատրաստվելու իրենց պարտականությունները և զինվորի պարտականությունները», - ասում է Արթուր Մարտիրոսյանը։ Նա նաև հավաստիացրեց, որ զորամասում սնունդը մատուցվում է բարձր մակարդակով։

Վերջում զորամասի հրամանատարը աչքի ընկած զինծառայողներին բարեխիղճ ծառայության և բարձր կարգապահության համար շնորհեց պատվոգրեր։

Տիգրան Ղուկասյան

16:00 12.02.2020

Ամենաշատ ընթերցվածները