ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայկական Բուշիդոն
18:00 12.02.2020

Հայկական Բուշիդոն

Զինվորի ճանապարհ կամ պարզապես սամուրայի կանոնակարգը կոչվում է Բու շի դո։ Սամուրայների կանոնակարգի բուն էությունը հետևյալն է՝ չստել, չլինել երկերեսանի, չշողոքորթել, չենթարկվել ագահությանը, լինել քաղաքավարի, գլուխ չգովել, չզազրախոսել, այլոց պատվի հետ չխաղալ, չանհանգստանալ, ընկերների հետ համերաշխ լինել, գթասիրտ լինել, պարտքի զգացում ունենալ այլոց նկատմամբ, չափսոսալ սեփական կյանքը։ 

Օ՜, ո՛չ, այս անգամ ես չեմ առաջարկելու միջին վիճակագրական հայի կանոնակարգ մշակել, որի հիմքում լինելու են հետևյալ կանոնները՝ բաշարել, կպցնել, անել ամեն ինչ սեփական նպատակահարմարության տեսանկյունից, բոլորի վրա թքած ունենալ, անել քայլեր, հետո մտածել և այլն։ Հայկական այս ուղին կարող էր կոչվել ԹՈՂ ՍԱՂ ՄԵՌՆԵՆ։ Ճապոնացիների համար հնչեղ, ինչպես Բու շի դոն, իսկ մեզ համար՝ հավես ու իրատեսական։

Ես ուղղակի ուզում եմ ասել՝ ինչքան վատ է, որ մենք վերջին դարերում նորմալ պետություն չենք ունեցել, որպեսզի մեր սեփական փիլիսոփայությունն ու կյանքի հանդեպ վերաբերմունքը մշակենք։

Առանց ազգային կյանքի ընկալման ու փիլիսոփայության մենք երբեք չենք զարգանա: 

Քաղաքական գործիչները միշտ կտառապեն մաչոյիզմով, միմյանց հաթաթա տալով, տնային տնտեսուհիները կնախանձեն հարևաններին, վարորդները կկայանեն հետիոտնային անցումներին, իսկ պետական ծառայողները կստանան պարգևավճարներ, բայց կշարունակեն բթամիտ կառավարումը և աշխատանքների կազմակերպումը, իսկ մեր երեխաների միակ երազանքը լինելու է թանկարժեք հեռախոս ունենալը: Նիկոլ Փաշինյանը կհոգնի խոսել հեղափոխությունից, իսկ ես երբեք չեմ հոգնի գրել այն բանի մասին, որ միտք չունեցողը լավ գործ չի կարող անել, որ ուրիշի հոսքի տակ ընկնողը երբեք սեփականը չի ստեղծի, որ ԹՈՂ ՍԱՂ ՄԵՌՆԵՆ հայկական գաղափարախոսությունը ոչ մի տեղ չի տանում:

«Զանգեզուր պրես»

18:00 12.02.2020

Ամենաշատ ընթերցվածները