ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Օրենքն էլ չի խախտվի. սաները կտեղափոխվեն «Ջերմիկ անկյուն»
19:00 14.02.2020

Օրենքն էլ չի խախտվի. սաները կտեղափոխվեն «Ջերմիկ անկյուն»

«Իմ մոտ ընկերները Երեւանում են, ես իրենց մասին եմ մտածում. Նատաշայի, Արթուրի, Քիսոյի, Ժանետայի, Գոհարիկի։ Ես իրենց շատ-շատ եմ սիրում»։

«Հիշում եմ բոլորին. Նատաշային էլ եմ հիշում, Արթուրին էլ եմ հիշում, Գոհարին, Արամեին էլ։ Մենք այստեղ ընկերացած էինք»։

Դիաննան ու Ռոզան իրենց ընկերներին ոչ թե կհիշեն, այլ շուտով կարող են հաճախ տեսնել միմյանց ու շփվել, մի քաղաքում ապրել։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի 7 սան հնարավորություն ստացավ տեղափոխվելու մայրաքաղաք՝ իրենց ութ ընկերների մոտ՝ «Ջերմիկ անկյուն»։ Ռոզան էլ արդեն ապագա պլաններ ունի. «Խոստանում եմ՝ հենց որ գնամ Երեւան, ինձ համար աշխատանք կգտնեմ եւ իմ քրտինքով իմ գումարը կվաստակեմ։ Ես ամեն ինչ կանեմ, որ իմ կյանքը դասավորեմ»։ Երկկողմանի ծնողազուրկ երեխաները կրթահամալիր էին եկել 2010-ին Երեւանի թիվ 11 օժանդակ դպրոցից՝ արհեստ սովորելու համար։ 18-ը լրանալուն պես, ըստ օրենքի, պետք է հեռանային հաստատությունից, սակայն գնալու տեղ չունեին։ 2017-ին ութ սան տեղափոխվեց «Ջերմիկ անկյուն»։ Եվ ահա շուտով մյուս յոթ սաները կմիանան ընկերներին։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր մրցույթ, որտեղ հաղթողը պարտավորվեց ստանձնել այդ երիտասարդների բնակության խնդրի լուծումը։ Նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանն ասում է. «Մտավոր խնդիրներ ունեցողներին շուրջօրյա ծառայություններ մատուցելու ծրագրի մասով դիմող եղել է մեկ կազմակերպություն՝ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամը, նա էլ շահել է մրցույթում։ Մրցույթի արդյունքում երեք կենտրոնում կազմակերպությունը պետք է ծառայություն մատուցի, երկու տեղ՝ ութական հոգի, մի տեղ՝ 14 հոգի»։ «Ջերմիկ անկյունը» ամբողջովին համապատասխանեց մրցույթի պահանջներին, ներկայացրել էր իր ծրագիրը, կանոնադրությունը, փորձը, հաստիքներով ապահովվածությունը», - նշում է Անահիտ Գեւորգյանը։

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանի խոսքով՝ շահառուները իրենց մոտ տեղափոխվելուց հետո դառնում են բնակիչներ եւ մինչեւ կյանքի վերջ կբնակվեն այդտեղ, նրանց համար արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դառնան

հասարակության լիարժեք անդամ։ «Կսովորեն ինքնասպասարկման, իրենց տան սպասարկման, սոցիալացման որոշ հմտություններ։ Փորձում ենք առավելագույնս զարգացնել նրանց կարողությունները, գտնել ուժեղ կողմերը եւ կենտրոնանալ դրանց վրա, որպեսզի կարողանան հասարակության մեջ լիարժեք ներկայանալ»։ Հիմնադրամի տնօրենը ընդգծում է դոնոր կազմակերպությունների աջակցությունը. «Հիմնականում անհատներ նվիրատվություն արեցին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին դիմեցինք, որը նույնպես պարտավորություն ստանձնեց աջակցություն ցուցաբերել շենքի ձեռքբերման եւ ստարտափային ծախսերի համար։ «Ջերմիկ անկյունը» ունի նաեւ մշտական դոնոր՝ «Ամերիկայում Ջերմիկ անկյան ընկերներ» կորպորացիան, որը հոգաց չբավարարող ծախսերը։ Պետք է հատուկ առանձնացնեմ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին, ով դեռեւս երկու տարի առաջ մեզ ձեռք մեկնեց։ Նա այսօր էլ շարունակում է ցուցաբերել իր աջակցությունը»։

Նախնական տվյալներով նախատեսվում է երիտասարդներին մայրաքաղաք տեղափոխել փետրվարի 21-ին։

Անուշ Միրզոյան

19:00 14.02.2020

Ամենաշատ ընթերցվածները