ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սահմանադրություն է էլի, մենք էլ բզբզենք
13:00 15.02.2020

Սահմանադրություն է էլի, մենք էլ բզբզենք

Հայաստանը վերջին 20 տարիներին չորրորդ անգամ է անցկացնելու սահմանադրության ընդունման կամ մայր օրենքը փոփոխելու հանրաքվե: Ինչու՞ ստացվեց այնպես, որ մեր բոլոր իշխանությունները «յոլա» չեն ուզում գնալ մայր օրենքում արձանագրված կարգ ու կանոնի հետ, միանգամից դժվար է ասել: Եթե կարճ, ապա սահմանադրության ու սահմանադրականության միջեւ էական տարբերություններ կան, որոնք այս երկրում ապրողների 99%-ը չի ընկալում: Բայց, մեր ոճին հավատարիմ, հերթով, կարգով...

Բազային գիտելիքներ

Արդի իրավական-քաղաքական գրականության մեջ օգտագործվում են սահմանադրականության սահմանման տարաբնույթ մոտեցումներ: Իրավաբանական ուսումնասիրություններում արտահայտված առաջին մոտեցմամբ սահմանադրականությունը սահմանվում է որպես սահմանադրությամբ սահմանափակված պետական կառավարում, երկրորդ մոտեցմամբ` սահմանադրականությունը ուսմունք է սահմանադրության` որպես պետության եւ հասարակության ու նրանց փոխհարաբերությունները սահմանող հիմնական օրենքի մասին: Ըստ սահմանադրականության քաղաքագիտական մեկնության՝ սահմանադրականությունը կառավարման սահմանադրական մեթոդների վրա հիմնված քաղաքական համակարգ է: Ներկայումս սահմանադրականության մակարդակը ասոցացվում է պետության ընդհանուր մակարդակի հետ, ավելին` շատ չափով կանխորոշում է պետության հետագա տնտեսական զարգացման մակարդակը: Այս առումով սահմանադրականությունը դառնում է տնտեսագիտության խնդրո առարկա:

Նշելով սահմանադրականություն հասկացության բազմիմաստությունը` հարկ է նկատել, որ այն նախեւառաջ իրավական գաղափարախոսություն է, որն ուղղված է դեսպոտիզմի կանխմանը եւ անձնական ազատությունների երաշխավորմանը, ինչն առաջարկում է սկզբունքների ձեւավորում, որոնց պետք է համապատասխանի հասարակական իշխանության կազմակերպումը: Այստեղ է, որ պետք է հստակ ընկալել այն հանգամանքը, որ իշխանությունները կգան ու կգնան, իսկ Սահմանադրության ու Սահմանադրականության պահապաններ պետք է լինեն այդ կուռ, խոհեմ, համընդանուր հարգանք վայելող, այդ մարմնի վեհ աթոռներին բազմած մարդիկ: Ու այո, այդ մարդիկ պետք է կառավարեն 12,35,89 տարի, որ հանկարծակի իշխանության եկած ոչ մի ուժ չկարողանա գահավիժեցնել այս ինստիտուտը: Իհարկե, խոստովանենք, Սահմանադրական դատարանը մեզանում չի կայացել ճիշտ այնպես, ինչպես մյուս ինստիտուտները, պառլամենտը կամ կառավարությունը: Ինչեւէ, այստեղ կանգ առնենք:

Սահմանադրականությունը պատմականորեն որպես գաղափարախոսություն նախորդել է սահմանադրությունների ստեղծմանը: Այն չի նույնացվում սահմանադրության՝ որպես հիմնական օրենքի առկայության հետ: Որպես իրավական քաղաքական ֆենոմեն՝ սահմանադրականությունը առավել լավ բնութագրվում է բնորոշող սկզբունքների միջոցով` ընտրովի ներկայացուցչություն, օրենքի գերակայություն եւ իշխանությունների տարանջատում:

Ժամանակակից սահմանադրաիրավական գիտությունում ձեւավորվել են սահմանադրականության հասկացության սահմանման երեք հիմնական մոտեցումներ` քաղաքական, պատմափիլիսոփայական եւ իրավաբանական: 1 Քաղաքական ասպեկտում սահմանադրականությունը բնորոշվում է որպես կոնսենսուսի հիման վրա պետության եւ հասարակության միջեւ հատուկ բնույթի հարաբերություններ, որպես գաղափարաքաղաքական դոկտրին եւ շարժում:

Պատմափիլիսոփայական ասպեկտում` որպես ուսմունք սահմանադրության, բնական իրավունքի, պետության պայմանագրային ծագման, պլուտոկրատիայի, տիրանիայի, դեսպոտիզմի, դեմոկրատիայի մասին: Իրավաբանական ասպեկտում սահմանադրականությունը նեղ իմաստով հասկացվում է որպես սահմանադրական մեթոդների հիման վրա պետական իշխանության գործունեության հատուկ ռեժիմ, իսկ առավել լայն ընկալմամբ` քաղաքաիրավական բարդ համակարգ: Իրավաբանական ասպեկտում սահմանադրականությունը համակարգ է, որի մեջ մտնում են սահմանադրական նորմերը, սահմանադրությունը, բայց ոչ որպես ինչ-որ կարծրացած, ստատիկ երեւույթ, այլ սահմանադրությունն իր դոկտրինալ հիմքերով, սահմանադրության կոնցեպցիան, փիլիսոփայությունը, էությունը արտահայտող իրավաքաղաքական արժեքների համակարգով, ինչպես նաեւ դրա կիրառման պրակտիկայով: Սահմանադրականության իրավաքաղաքական համակարգի այլ բաղադրատարրերից բացի՝ կարեւոր նշանակություն ունեն դրա այնպիսի տարրեր, ինչպիսիք են սահմանադրական իրավագիտակցությունը, սահմանադրական իրավահարաբերությունները եւ սահմանադրական օրինականությունը, որի ներդրմանն էլ ուղղված է այս բարդ համակարգի գործունեությունը: Սահմանադրականության համակարգի այսպիսի տարրերի «հավաքածուն» առավել լիարժեք է արտահայտում այս սոցիալ-իրավական երեւույթի էությունը:

Այսպիսով սահմանադրությունը եւ սահմանադրականությունը նույնական չեն: Ինչպես նշում է գերմանացի հետազոտող Վոյտը, սահմանադրականությունը բազմամակարդակ համակարգ է, որը գործառնապես դուրս է գալիս սահմանադրության եւ ընդհանրապես իրավունքի շրջանակներից եւ արտահայտում է ժողովրդի մենթալիտետի եւ կենցաղի առանձնահատկությունները:

Ահա այստեղ կանգ առնենք: Ունենալով վատ թե լավ Սահմանադրություն՝ մենք՝ հայերս, այդպես էլ չձեւակերպեցինք սահմանադրականության հասկացությունը, որն էլ իր հերթին լիարժեք արտահայտված է մեր ժողովրդի մենթալիտետի եւ կենցաղային առանձնահատկությունների մեջ: Պետք էր ժամանակին ՍԴ որոշում կայացնել, որ ընտրությունները արդար են, կայացրել ենք, պետք էր Ռոբերտ Քոչարյանին մայր օրենքի փոփոխություն նախաձեռնել, խնդրեմ: Պե՞տք է Նիկոլ Փաշինյանին սեփական սրտի ՍԴ դատավորներ նշանակել, ինչի մասին է խոսքը, հեսա բզբզենք, հեսա կազմակերպենք:

Վերջաբան

Մի աղջիկ ու մի տղա նստած են նստարանին: Հանկարծ աղջիկը հարցնում է. «Կյա՛նքս, ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ սիրու՞մ ես»: Տղան հեւում է եւ պատասխանում. «Գիտե՞ս, սիրելի՛ս, ամեն ինչ շատ ավելի բարդ է»: Այս անեկդոտը լիարժեք նկարագրում է մեր այսօրվա վիճակը: Սահմանադրություն փոխելու հետ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան ուղղակի ասելը, որ սիրում ենք նրան կամ ոչ: Չկան երաշխիքներ, որ ՍԴ նոր դատավորները նույնպես ամենազոր վիշապների չեն վերածվի, ինչպես որ պնդում են այժմյան իշխանությունները: Չկան երաշխիքներ, որ ՍԴ նոր դատավորները հարգանք կվայելեն հաջորդ իշխանությունների մոտ: Չկան երաշխիքներ, որ մենք երբեւիցե կունենանք իշխանություն, որը չի փորձում բոլոր երեք իշխանություններին նսեմացնել եւ մտցնել իր տակ: Այս ամենը չկա այն պարզ պատճառով, որ մենք մինչեւ այսօր Սահմանադրություն ենք ուզում փոխել եւ երբեք չենք մտածում, թե ինչ Սահմանադրականության կարիք ունի մեր ժողովուրդը, որի զգալի մասի մեջ արմատներ ձգած գողական բարքերն ու հետադիմական մենթալիտետը չեն ուզում էվոլյուցիոն վերելք ապրել: Կարող ենք միշտ կոտրել Սահմանադրականության հայելին, բայց դրանից մեր անճոռնի դեմքը չի գեղեցկանա, հավատացե՛ք:

Արման Սուլեյմանյան

13:00 15.02.2020

Ամենաշատ ընթերցվածները