ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անվճար հետազոտություն Սյունիքում
16:00 15.02.2020

Անվճար հետազոտություն Սյունիքում

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենահաճախ ախտորոշվող չարորակ նորագոյացություններից է։ 2018-ին ամբողջ աշխարհում դրա թիվը կազմել է ավելի քան 2 մլն։ Հայաստանում 2018-ին արձանագրվել է 1135 դեպք։ Ցուցանիշները բարելավելու նպատակով Առողջապահության նախարարությունը փորձնական ծրագիր է սկսել, որը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամի միջոցներով։ Սքրինինգային հետազոտություններ անցկացնելու նպատակով ձեռք է բերվել մամոգրաֆիայի շրջիկ կայանք, որով հանրապետության 3 մարզում՝ Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում, կատարվելու են անվճար հետազոտություններ 50-69 տարեկան կանանց շրջանում։ «Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել այդ տարիքային խմբի կանանց գոնե մինչեւ 50 տոկոսով ընդգրկել սքրինինգային հետազոտության մեջ։ Սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով՝ ընտրել ենք սահմանամերձ մարզերը, հաշվի ենք առել նաեւ հանքարդյունաբերության գործոնը», - ասաց Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Երվանդ Էլիբեկյանը։

Ի՞նչ է մամոգրաֆիան

Մամոգրաֆիան ռենտգենյան հետազոտության տեսակ է, որն իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար։ Ստացվող պատկերները կոչվում են մամոգրամներ։ Պատկերներում կարելի է տեսնել այնպիսի փոքր գոյացություններ, որոնք շոշափելի չեն։ Հետազոտության նպատակը հիվանդության վաղ հայտնաբերումն է, երբ այն բուժելը ավելի հեշտ է։ Ցանկալի չէ կատարել մամոգրաֆիա մինչեւ 35 տարեկան կանանց, քանի որ այդ տարիքային շրջանում նախ կուրծքն ավելի զգայուն է ռենտգենյան ճառագայթների հանդեպ, եւ, բացի դրանից, երիտասարդների մոտ առավել ինֆորմատիվ է սոնոգրաֆիան: Կրծքով կերակրելը հակացուցում չէ մամոգրաֆիայի համար: Կինը կարող է կերակրել կրծքով մամոգրաֆիա անցնելուց անմիջապես հետո: Իսկ հղի կանանց մամոգրաֆիական հետազոտությունը հակացուցված է. խիստ անհրաժեշտ դեպքերում կնոջը հագցնում են հատուկ պաշտպանիչ գոգնոց։

Անվճար հետազոտությանը հնարավոր է մասնակցել միայն մեկ անգամ։ Երվանդ Էլիբեկյանը ընդգծում է՝ հիվանդությունների կանխարգելումը վաղ շրջանում ավելի

արդյունավետ է, ակտիվ մասնակցությունը խրախուսվում է. «Գանգատ չունեցող կանայք անցնելու են հետազոտություն, եւ եթե հետագայում հայտնաբերենք անոմալիաներ, ապա նրանք կուղղորդվեն մասնագիտացված հաստատություններ՝ արդեն ախտորոշում ստանալու։ Առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող ծառայությունները անվճար են։ Նույնը վերաբերում է նաեւ սքրինինգային հետազոտություններին»։

Կապանի ԲԿ-ում արդեն հերթագրվում են

Կապանի պոլիկլինիկայի վարիչ, բժիշկ-ռադիոլոգ Նառա Հարությունյանը նշում է՝ մարզի բնակիչները միշտ չէ, որ կարողանում են մայրաքաղաք հասնել, միայն թե լավ չէ, որ սարքը շրջիկ է։ Ասում է՝ ուռուցքաբան չունեն, այս ծրագրերը իրականացնում են թերապեւտներն ու ընտանեկան բժիշկները։ Հետաքրքրվողներ կան, հերթագրվողներ՝ նույնպես. «Ըստ ընդունված ուղեցույցերի՝ 35-50 տարեկան բոլոր կանայք երկու տարին մեկ պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ 50 տարեկան եւ ավելի բարձր տարիքի կանայք տարին մեկ անգամ, դա առանց գանգատների։ Մենք, քանի որ չունենք սարքը, հետազոտությունը կատարում ենք սոնոգրաֆիայի միջոցով։ Անցած տարվա ընթացքում կատարել ենք 1000-ից ավելի կնոջ կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն։ Հայտնաբերվում են տարբեր տեսակի խնդիրներ, ինչպես չարորակ, այնպես էլ բարորակ գոյացություններ։ Դրանից հետո մարդիկ պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն մայրաքաղաքում։ Անցած տարի վերը նշվածի համարյա կեսը մայրաքաղաքում անցել է մամոգրաֆիկ հետազոտություն», - ընդգծեց բժիշկը։

Իտալիայում կոմպլեկտավորվող մամոգրաֆիական շրջիկ կայանքը Հայաստան կհասնի մարտին։ Սյունիքը կլինի վերջին կանգառը, որտեղ հետազոտությունները կտեւեն մոտ 7 ամիս, մարզի բոլոր տարածաշրջաններում. «Բավական թանկարժեք սարքավորումներ են, եթե բյուջեի հնարավորությունները թույլ տան, ապա կունենանք ստացիոնար մամոգրաֆներ, եթե ոչ, այս նույն շարժական մամոգրաֆի միջոցով կարող ենք մյուս մարզերում եւ, ինչու ոչ, որտեղ արդեն արել ենք, նորից կրկնել», - եզրափակեց խոսքը Երվանդ Էլիբեկյանը։

Նարե Խաչատրյան

16:00 15.02.2020

Ամենաշատ ընթերցվածները