ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խ․Կորտասար․ «Զավթված տունը»
14:00 16.02.2020

Խ․Կորտասար․ «Զավթված տունը»

Երբեք չես իմանա, թե ֆանտաստիկականը երբ է ներխուժում հերոսների կյանք, դառնում շոշափելի ու տեսանելի։ Մոգական ռեալիզմի ներկայացուցիչ Խուլիո Կորտասարի պատումներում եւս ամեն ինչ այնքան բնական է, որ հերոսները երբեք չեն զարմանում ֆանտաստիկականի ու իրականության գոյակցությունից։ «Զավթված տունը» պատմվածքում եւս ֆանտաստիկականը նույնքան բնական է, որքան իրականությունը։

Ընդարձակ ու հինավուրց տանն ապրում էին քույր ու եղբայր։ Այդտեղ էին ապրել նաեւ նրանց նախնիները։ Հիմնական զբաղմունքը տան մաքրությունն էր։ Իսկ հետո քույրը՝ Իրենեն, շարունակ գործում էր, քանդում հյուսվածքը, նորից գործում։ Վաղուց արդեն սովորել էին մենակ ապրել։

Բայց մի օր տան անդորրը խախտվում է։ Երեկոյան՝ ժամը ութին, եղբայրը որոշում է թեյամանը դնել կրակին։ Հենց այդ ժամանակ էլ կիսաձայն խոսակցություններ են լսվում։ Եղբայրը հասկանում է, որ տան այդ կողմի սենյակները գրավել են։ Ստիպված է լինում փակել միջանցքի դուռը։

Առաջին օրերը ծանր էին թվում։ Երկուսն էլ դռան այն կողմում թողել էին այնպիսի իրեր, որոնց հետ իսկապես կապված էին։ Բայց հետո հարմարվում են։ Նոր վիճակը ինչ-որ առումով նույնիսկ գոհացնում է։ Մաքրությունն ավելի շուտ էին ավարտում։ Գոհ էր հատկապես Իրենեն, քանի որ հյուսելու համար ավելի շատ ժամանակ էր մնում։ Եղբայրը եւս սկզբում փոքր-ինչ հուսահատվել էր կորցրած գրքերի պատճառով, բայց հետո քրոջը չվշտացնելու համար սկսում է կարգի բերել հոր դրոշմանիշների հավաքածուն։ Կյանքը նույնիսկ հաճելի դարձավ։ Քույրը նոր գործվածքն էր ցուցադրում, իսկ եղբայրը թույլ էր տալիս նրան հիանալ որեւէ դրոշմանիշով. «Մենք մեզ լավ էինք զգում եւ քիչ-քիչ սկսեցինք առհասարակ չմտածել։ Կարելի է ապրել նաեւ առանց մտածելու»։

Բայց խուլ ձայները հանգիստ չեն տալիս։ Նրանք զավթում են նաեւ տան մյուս կեսը։ Գիշերվա ժամը տասնմեկին եղբայրը բռնում է քրոջ ձեռքը, փակում դուռը եւ ձայներից փախչում փողոց։ Ոչինչ չեն հասցնում վերցնել, նույնիսկ փող. «Տնից հեռանալուց առաջ սիրտս մղկտաց, ամուր փակեցի դուռը եւ բանալին նետեցի ջրատարի մեջ։ Չլինի թե մի

խեղճ ու կրակ մարդու մտքով անցներ տուն մտնել ու թալանել այս ժամին, այն էլ գրավված տանը»։

Ահա այդպես զավթվեց ամբողջ տունը։ Հերոսները չեն հարցնում, թե ինչու զավթվեց։ Նրանք պարզապես փախչում են տնից։ Իսկ ընթերցողը չի կարող չհարցնել։ Իհարկե, դժվար է ասել, թե ովքեր են տունը զավթողները։ Լսվել են միայն խուլ ձայներ։ Նրանց մասին ուրիշ ոչինչ հայտնի չէ։ Բայց կարելի է ենթադրել, թե ինչու է զավթվել տունը։ Քույր ու եղբայր վաղուց հրաժարվել էին ամուսնանալուց։ Ընտանիք ու երեխաներ չունեին եւ առհասարակ ոչինչ չէին ստեղծում։ Ավելին, նրանք սովորել էին ապրել առանց մտածելու։ Այդ դեպքում ո՞րն է նրանց ապրելու իմաստը։ Տունը զավթվել է այն պատճառով, որ բացակայում է հենց այդ իմաստը։ Սա կարող է ընդամենը ենթադրություն լինել, որ հեռու չէ իրականությունից։ Կարող են լինել նաեւ ուրիշ ենթադրություններ։ Դրա համար Կորտասարը հիմքեր լիուլի տալիս է։

Արթուր Իսրայելյան

14:00 16.02.2020

Ամենաշատ ընթերցվածները