ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մանուալ ֆիզիոթերապիա
16:00 16.02.2020

Մանուալ ֆիզիոթերապիա

Ողնաշարը մի բարդ համակարգ է, որը գործունեության ժամանակ վնասվում է եւ բերում կյանքի որակի վատացմանը: Երկարատեւ հարկադրված դիրքերը, սխալ ֆիզիկական բեռնվածությունը եւ մարզանքներով ինտենսիվ զբաղվելը բերում են հենաշարժողական ապարատի վնասմանը, որն էլ իր հերթին առաջացնում է մեջքի եւ վերջույթների ցավերի, վերջույթների թմրածության եւ թուլության, գլխապտույտների եւ գլխացավերի, ներքին օրգանների ֆունկցիաների խախտումներ: Երբեմն այս երեւույթների վրա աչք փակելով՝ շարունակում ենք շարժվել կյանքի ռիթմին համահունչ, բայց գալիս է պահ, երբ վերոնշյալ բոլոր գանգատները խաթարում են այդ նորմալ ռիթմը:

Մանուալ թերապիան հենց բժշկության այն ճյուղն է, որը արագ եւ էֆեկտիվ վերականգնում է հենաշարժողական ապարատի նորմալ գործունեությունը: Մանուալ թերապիան անվնաս է, իհարկե, եթե իրականացնում է մասնագետը:
Դա պրակտիկ տեխնիկա է, որը կիրառվում է նվազեցնելու համար ցավը եւ վերականգնելու հոդերի ու մկանների ճկունությունը։ Այս թերապիայի կարեւոր բաղադրիչներն են մոբիլիզացումը եւ մանիպուլյացիան։ Երկու տեխնիկան էլ վերականգնում են հոդերի եւ կից մկանների հետ, կարող է արագորեն նվազեցնել ցավը եւ վերականգնել մկանների ֆունկցիոնալությունը։ Սա հատկապես օգտակար է մեջքի, վզի, գոտկատեղի, ծնկների, արմունկների, ուսերի ցավեր, ինչպես նաեւ մկանային լարվածությունից առաջացած գլխացավեր ունեցող մարդկանց համար։

Կինեզոլոգ Տիգրան Մկրտչյանը նշում է, որ մանուալ թերապիան՝ որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: «Նախկինում մանուալ թերապիան համարվում էր ժողովրդական բժշկության մի ճյուղ, իսկ 1990 թվականից հետո այն համարվեց բժշկության մեջ կիրառվող մեթոդ: Այն մերսման մեթոդից տարբերվում է նրանով, որ կարող է ազդել ոչ միայն մկանների, այլ նաեւ ողնաշարի սկավառակների, ոսկրերի եւ հոդերի վրա: Մանուալ թերապիան ձեռքային բուժական հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավականին արդյունավետ ձերբազատվել գանգուղեղային նյարդերի, գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթների, գանգի ոսկրերի, ներքին օրգանների, մկանային եւ կապանային համակարգի, հոդերի, ողնաշարի տարբեր հիվանդություններից եւ ախտաբանական փոփոխություններից: Մանուալ թերապիան բարելավում է արյան շրջանառությունը մկաններում, ինչի շնորհիվ լավանում են հյուսվածքների սնուցումը, նյութափոխանակությունը, փոխվում է

մկանների տոնուսը: Մանուալ թերապիայի բուժընթացը (կուրսը) միջինում կազմում է 15-20 հաճախում: Այն ցուցված է մեջքի ցավերի, վերջույթների ցավերի, վերջույթների թմրածության, գլխացավերի, գլխապտույտների եւ օստեոխոնդրոզների բուժման ժամանակ: Ինչպես մնացած մեթոդները, այս մեթոդը եւս, ցուցումներից բացի՝ ունի նաեւ հակացուցումներ: Դրանք են ոսկրային թարմ ջարդվածքները, ինֆարկտը, մենենգիտը, տուբերկուլոզը եւ այլն», - ասում է Տիգրան Մկրտչյանը:

Մանուալ թերապիայի առավելություններից է այն, որ այս մեթոդի միջոցով կարելի է բուժել նույնիսկ խրոնիկ հիվանդությունները, ազատվել ցավերից եւ վերականգնել օրգանիզմը ամբողջությամբ: Իհարկե, այս ամենը միայն այն դեպքում, եթե դիմեք լավ մասնագետի, քանի որ այս թերապիան ունի նաեւ մի էական թերություն՝ ընդամենը մեկ անզգույշ շարժումը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ:

Այսօր Հայաստանում այս մեթոդը դեռ այդքան էլ կիրառելի չէ, եւ մի շարք մարզային բժշկական հաստատություններում նույնիսկ չկան համապատասխան մասնագետներ: Մինչդեռ մի շարք այլ երկրներում մարդիկ ամսվա մեջ գոնե մեկ անգամ / պրոֆիլակտիկ կերպով/ հաճախում են մասնագետի մոտ, ընդունում համապատասխան կուրս եւ կարգավորում օրգանիզմի խախտումները:

Սոնա Օհանջանյան

16:00 16.02.2020

Ամենաշատ ընթերցվածները