ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին
12:00 16.02.2020

Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին

Բաքվում 1988 թվականին

Բաքվի հայկական վերջին ջարդերից 30 տարի է անցել: Եվ նույնքան ժամանակ է, ինչ Հայաստանում են ապրում մեր հայրենակիցները, ովքեր ծնվել, մեծացել, հաստատվել էին հարեւան հանրապետության մայրաքաղաքում, ապրել, աշխատել ու բարեկամություն արել տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ:

19-րդ դարից ի վեր քաղաքի տնտեսական, հասարակական, քաղաքական եւ մշակութային կյանքում մեծ է եղել հայերի դերը: 1990 թվականի ջարդերից հետո Բաքուն հայաթափվել է, շուրջ 250. 000 մարդ հարկադրաբար լքել է քաղաքը:

Բաքվում իրավիճակն անհանգիստ էր 1988 թվականից, տեղահանման, ունեցվածքից զրկման, սպանության դեպքեր գրանցվել են նաեւ 1989-ին, իսկ ցեղին հատուկ վայրենությունը գագաթնակետին հասել է 1990-ին: Ըստ տարբեր աղբյուրների՝ ընդհանուր առմամբ այստեղ ջարդերի հետեւանքով սպանված հայերի թիվը հասնում է 500-600-ի. մարդիկ սպանվում էին իրենց ազգային պատկանելության պատճառով:

Իրադարձություններին անդրադարձել է այն տարիների մամուլը, այդ թվում 1990 թվականին «Կապան» շրջանային թերթում տպագրվել են բազմաթիվ հոդվածներ, ժամանակակիցների կարծիքներ. «Ինտերնացիոնալ քաղաքի վերջին հայ բնակիչները, խոշտանգված ու սարսափահար, թողած տուն ու կարողություն, մազապուրծ փախչում են իրենց բնակավայրից: Գաղթականների քարավանը ձգվում է՝ Կրասնովոդսկ, Հայաստան, Ռուսաստան եւ այլ վայրեր... Տարօրինակ է ու անհասկանալի, թե ինչու ժամանակին կտրուկ միջոցներ չձեռնարկվեցին, ինչու անմիջապես չկասեցվեցին ազգայնամոլների խժդժությունները...», - գրում է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վանյա Գալստյանը:

Ապրում էին հանգիստ, բարեկեցիկ կյանքով

Փախստականներից շատերն իրենց ընտանիքներով ապաստան գտան նաեւ Քաջարան քաղաքում: Նրանցից է Խաչատուրովների ընտանիքը: Գերդաստանի ավագը՝ տիկին Նադեժդան, 95 տարին է բոլորել, պատմեց, որ դեռ 1915 թվականին իր հայրը՝ Մարգարը, Հայաստանից հասել է Բաքու՝ աշխատանք փնտրելու:

«Հեշտ տարիներ չէին, - պատմում է տիկին Նադեժդան, - հայրս ասում էր՝ բոլորն աշխատանք ու բարեկեցություն էին փնտրում: Հիմնականում Բաքու էին գնում՝ նավթահանքերում աշխատելու»:

Ամուսինը եւս Բաքու ներգաղթած հայերի զավակ էր, երկար ժամանակ նավթարդյունահանող ընկերությունում արհմիության նախագահ էր աշխատել: Միասին երեք դուստր եւ մեկ որդի են մեծացրել: Նրանց ավագ դուստրը՝ Էլմիրան, մանրամասնեց Բաքվում իրենց կյանքի, նաեւ՝ արտագաղթի մասին...

«Պարենային խանութում էի աշխատում, գործընկերներս տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին, բարեկեցիկ, կարելի է նաեւ ասել՝ անհոգ տարիներ ... Պատկերացնել անգամ չէինք կարող, որ շուտով, ամեն ինչ թողած, գերդաստանով Հայաստան ենք գաղթելու, - պատմում է նա, - այժմ կարող եմ ասել, որ մեր մյուս հայրենակիցների համեմատ մեր բախտը նաեւ բերել է. հաջողվեց խուսափել բռնություններից, ուղղակի շուտ հասկացանք, որ Հայաստան գալ է պետք՝ մինչ իրավիճակի խիստ սրացումը: Անկեղծ կասեմ՝ թե՛ մեր հարեւանները եւ թե՛ գործընկերները փորձում էին ինչ-որ բանով օգտակար լինել մեզ, քանզի հասարակ ժողովուրդը հիմնականում ստեղծված իրավիճակի կողմնակիցը չէր, նրանք էլ խաղաղ ու հանգիստ կյանքի էին ձգտում»:

Սկզբում Բաքուն թողնելը իրատեսական չէր

Բազմազգ քաղաքում յուրաքանչյուր ընտանիք պահպանում էր իր ավանդույթները, սովորույթները, արարողությունները կազմակերպում ըստ ընդունված կարգի: Խաչատուրովների ընտանիքը եւս բացառություն չէր, ընտանեկան ալբոմի զգալի մասը կազմող հին արխիվային լուսանկարները արտացոլում են վերոնշյալը: Նրանք նախկինում էլ, իհարկե, եղել էին Հայաստանում, լավ հիշում են Մարգար պապի խոսքերը. «Հայաստան գնալ է պետք, մեր հողն ու ջուրը ճանաչել ու սիրել է պետք, Արցախը տեսել եք, լավ է, մեր կողմերում էլ եղեք»:

«Եվ պապի խորհուրդներին հետեւելով, - պատմում է տիկին Էլմիրան, - 1976 թվականի արձակուրդին այցելեցինք Հայաստան: Նախօրոք մեր հարազատներին տեղյակ էինք պահել: Քաջարան եկանք, շրջեցինք քաղաքում. «Այստեղ ազատ բնակարաններ շատ կան, - ասաց բարեկամուհիս, - ինչու՞ եք Բաքվում հաշվառման կանգնել բնակարան ստանալու համար, մեզ մոտ եկե՛ք»: Այդ պահին ամեն ինչ իրական չէր թվում... ինչպե՞ս գալ, նոր բնակարան, նոր աշխատանք փնտրել... Երբ իրավիճակն ավելի լարվեց, - շարունակում է, - մտածում էինք՝ կխաղաղվի, ազգայնամոլները կզսպվեն, սակայն.... դա չեղավ եւ խաղաղվելու փոխարեն... 1988 թվականի դեկտեմբերին մեր ընտանիքը ճակատագրական եւ ճիշտ որոշում կայացրեց....

Երկու կողմից խորհրդային ռուսական զորքերով շրջապատված՝ թողեցինք բնակավայրը, հետեւում ազգայնամոլներն էին՝ մեզ ուղեկցող վայրագ հայացքներով: Գնացքից իջանք Երեւանում դեկտեմբերի 7-ին, հենց երկրաշարժի օրը: Կարծում եմ՝ չլիներ աղետը, մեզ կկարողանային ավելի արագ եւ հարմար կացարաններում տեղավորել: Կայարանը բազմամարդ էր, շատ հայեր դիմավորում էին մեզ, անգամ անծանոթները ազատ ամառանոցների բանալիներն էին առաջարկում: Սկզբում մեզ տարան Հոկտեմբերյան, ապա եկանք Սյունիք՝ Քաջարան՝ մեր հարազատների մոտ»:

«Որոշ ժամանակ անց Բաքվում տիրող իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, որոշեցինք ռիսկի դիմել, ետ գնալ ու մեր իրերը բերել, - պատմում է, - բեռնատարի վարորդը ադրբեջանցի էր, ում հետ պայմանավորվեցինք, որ յուրաքանչյուրս իր հողում պատասխանատու է մյուսի անվտանգության համար: Իհարկե, անհանգիստ, բայց հաջողությամբ կարողացանք տեղափոխությունն իրականացնել: Դա եղավ մեր վերջին այցելությունը, - շարունակում է տիկին Էլմիրան, - մինչեւ վերջին պահը թվում էր՝ երազում ենք, սակայն նաեւ գիտակցում էինք, որ նախկինն այլեւս չի լինի, ապրել նման իրավիճակում անհնար էր ...»:

Հայրենիքում ապահով էր

«Իսկ Հայաստանում ապահով էր, սկզբում հարազատների մոտ էինք ապրում, միեւնույն ժամանակ փորձում արդեն սեփական կացարանն ունենալ...Ճակատագրի հեգնանքով հայտնվեցինք այն նույն բնակարաններում, որոնք դեռ տարիներ առաջ մատնացույց էր արել բարեկամուհիս, աստիճանաբար հարմարվեցինք նոր միջավայրին, երեխաներն էլ՝ նոր դպրոցներին: Իհարկե, հեշտ չէր, բայց շրջապատի օգնությամբ եւ մեր տրամադրվածությամբ կարողացանք...

Սկզբնական շրջանում բոլորիս մոտ նոստալգիա էր, - հիշում է նա, - պատկերացրեք, ինչ զգացողություններ, 40 տարի ապրեցինք բարեկեցիկ կյանքով, ու հանկարծ ամեն ինչ թողնելով՝ փրկեցինք ամենակարեւորը ... Հետեւում էինք իրադարձություններին հեռուստատեսությամբ, համոզվում կրկին, որ արագ հեռանալը միակ ճիշտ ելքն էր...»։

«Քաջարանը հանգիստ ու խաղաղ է, - շարունակում է պատմել, - այս քաղաքը քուն չունի, իրար փոխարինող հերթափոխով աշխատակիցների շարժը չի ընդհատվում, աշխատանք կա մարդկանց համար եւ երեւի դրանով պայմանավորված՝ բարեկեցություն: Տղամարդիկ աշխատանքի տեղավորվեցին արագ, կանայք էլ, ովքեր արհեստ ունեին, սկսեցին աշխատել, հիմնականում՝ դերձակներ»:

Մասնագիտությամբ դերձակ է նաեւ ընտանիքի հարսը՝ Կարինան, ով պատմեց. «Խորհրդային Միության մյուս մայրաքաղաքների պես այնտեղ եւս շատ էին կարի արհեստանոցները, մարդիկ պատվիրած հագուստ էին սիրում հագնել: Ուստի մասնագիտությունը պահանջված էր ու հարգված: Իմ կարի մեքենան այն կարեւոր իրերի մեջ էր, որ բերեցինք մեզ հետ, այն նոր տեղում էլ ինձ շատ օգտակար եղավ»:

Խաչատուրովներն ամբողջությամբ ինտեգրվեցին Հայաստանում, օրհասական պահերին տիկին Էլմիրայի կրտսեր որդին՝ Էրիկը, 1992 թվականին որպես հայկական բանակի զինվոր, մարտնչեց եւ իր կյանքը զոհաբերեց հայրենիքի պաշտպանությանը:

Այժմ Նադեժդա տատիկը հանգիստ է, ասում է՝ միայն այն միտքը, որ քո տանն ես, քո հայրենիքում, նոր փորձությունների չես ենթարկվելու, բավական է...

Անցյալը ժպիտով է հիշում, ինչպես բոլորի մոտ, լավ ու վատ օրեր եղել են, ու ավելացնում է. «Մենք ծննդավայր ենք կորցրել, բայց հայրենիք ձեռք բերել...»:

Լիլիթ Իսրայելյան

12:00 16.02.2020

Ամենաշատ ընթերցվածները