ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անլարը քաղցկեղ չի առաջացնում
13:00 17.02.2020

Անլարը քաղցկեղ չի առաջացնում

Վերջերս համացանցում շատ է խոսվում այն մասին, որ նոր սերնդի անլար ականջակալները քաղցկեղ և մի շարք այլ հիվանդություններ են առաջացնում: Դրանք ազդում են ուղեղի, ականջի և ոսկորների վրա: 222 գիտնական՝ 41 երկրից, սկսեցին դիտարկել և ուսումնասիրել այդ անլար ականջակալները: Մասնագետները ուսումնասիրել են էլեկտրամագնիսական դաշտի բժշկական և կենսաբանական ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա: Գիտնականներն ասում են, որ էլեկտրամագնիսական դաշտը իսկապես ազդում է կենդանի օրգանիզմների վրա: Այն մեծացնում է քաղցկեղի ռիսկը և բջջային սթրեսի մակարդակը, ազատ ռադիկալների քանակը, գենետիկական վնասների հավանականությունը, առաջացնում վերարտադրողական համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, հիշողության դեֆիցիտներ, նյարդաբանական խանգարումներ և, ընդհանուր առմամբ, բացասաբար է անդրադառնում մարդու բարեկեցության վրա:

Հետազոտությունը դեռևս փաստ չէ 

Կապանի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Անահիտ Գասպարյանը նշում է, որ հետազոտությունները դեռևս բացասական ազդեցության ստույգ ապացույցներ չեն․ «Կա նախատրամադրվածություն, որ կարող է բերել ուղեղում որոշակի նորագոյացությունների զարգացման, բայց դա վերջնական հաստատված փաստ չէ, քանի որ հետազոտություններ նախ քիչ են իրականացված, բացի դրանից՝ սա դեռևս շատ անհայտ ոլորտ է»։  

Այնուամենայնիվ, ականջակալները լսողության վրա թողնում են բացասական ազդեցություն։ Իսկ չարաշահելու դեպքում կարող է առաջանալ լսողության կորուստ։ «Անլար ականջակալը անմիջապես շփվում է մաշկի հետ և բավականին տևական ժամանակ է լինում ականջի խոռոչում՝ արտաքին լսողական անցուղում, ուղղակի ազդեցությունը մեծ է լինում։ Եթե մենք լսում ենք միջին բարձրության երաժշտություն երկար ժամանակ, ապա օրվա ընթացքում երեք-չորս ժամից ավելին բերում է լսողության դանդաղ, բայց կայուն իջեցման, բայց եթե ցածր դեցիբելներով ենք լսում, ապա վիճակը համեմատաբար ավելի նորմալ է»,- ընդգծեց ականջաբանը։ 

Օգտագործում են հիմնականում երիտասարդները

Ականջակալներ ավելի շատ օգտագործում են երիտասարդները։ Գները տարբեր են՝ սկսած 3000-ից մինչև 45000 դրամ։ Աննան գիտի դրանց վնասակարության մասին, բայց օգտագործում է պարզապես ընկերներից հետ չմնալու համար․ «20․000 դրամ տվեցի անլար ականջակալ ձեռք բերելու համար, դեռ մեկ ամիս չօգտագործած՝ փչացավ։ Հարմար էր շատ, գրպանում շատ տեղ չէր զբաղեցնում, խոսելիս գրպանումս լարեր տեղավորելու խնդիր չէր առաջանում, ինչքան ուզում, ականջիս մեջ պահում էի։ Երբ փչացավ, լարով գնեցի, հիմա սա ավելի հարմար է», - ասաց Աննա Համբարձումյանը։  

Ականջաբանի կարծիքով՝ ցանկալի է առհասարակ ականջակալ չօգտագործել, իսկ եթե օգտագործում եք,  ապա գրագետ ձևով։ ժամային սահմանափակումը պարտադիր է դառնում․ «15-22 տարեկանների շրջանում կարող ենք նկատել լսողության շեմի որոշակի իջեցում, դա անվերադարձ կորուստ չէ, որովհետև, եթե լսողությանը հանգիստ տան առանց ականջակալների, հնարավոր է, որ նորից վերադառնա նախկին մակարդակին», - ասում է Անահիտ Գասպարյանը։ Մասնագետը խորհուրդ է տալիս ականջակալը օգտագործել ըստ անհրաժեշտության՝ օրվա մեջ երկուսուկես ժամից ոչ ավելի,  միացած վիճակում էլ անընդհատ չպահել։

Նարե Խաչատրյան 

13:00 17.02.2020

Ամենաշատ ընթերցվածները