ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հին ու բարի ավանդույթ դարձած
15:00 18.02.2020

Հին ու բարի ավանդույթ դարձած

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը փետրվարի 16-ին Կարմրաքարի նախկին հանգստյան գոտում իրականություն դարձրեց երկար սպասված «Կապանյան ձմեռ-2020» ժամանցային միջոցառումը։ Այդ հարցում նրան աջակցեց Կապանի համայնքապետարանը: Չնայած միջոցառումը բավականին պահանջված է երիտասարդների շրջանում և կազմակերպվում է 2013թ սկսած, այնուամենայնիվ ամեն տարի կազմակերպել չի հաջողվում ձյան սակավության կամ բացակայության պատճառով: 

Կապան համայնքի երիտասարդական խորհրդի նախագահ Վրույր Հարությունյանի խոսքով՝ միջոցառման գլխավոր նպատակը համայնքի երիտասարդներին համախմբելն էր, որպեսզի նրանց միջև ստեղծվեն նոր ծանոթություններ և ընկերական հարաբերություններ: «Շատ ենք ցանկանում, որ երիտասարդները արժևորեն միասին ժամանակ անցկացնելու հնարավորությունները: Այս տարի միջոցառումը ունեցավ մոտ 160 մասնակից, որոնց հիմնական մասը ուսանողներ էին։ Իրենց մասնակցությամբ միջոցառմանը յուրահատուկ հմայք հաղորդեցին Կապանում տեղակայված N զորամասի զինծառայողները։ Ներկա էին նաև համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը», - հավելեց խորհրդի նախագահը: 

Մասնակիցները պայմանականորեն բաժանվեցին 6 թիմի, որոնք իրար հետ մրցեցին սպորտային խաղերում: Հաղթող թիմը արժանացավ նվերի․ համայնքի ղեկավարի անունից նրանք ստացան Կապանի դրամատիկական թատրոնի տոմսեր նույն օրվա երեկոյան ներկայացման համար:

Խաղերից բացի՝ բոլոր մասնակիցների համար կազմակերպվեց մեծ թեյախմություն, իսկ օրվա ուրախ ռիթմերը ապահովում էր Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խումբը:

«Քանի որ «Կապանյան ձմեռը» պատմություն ու ավանդույթ ունի, մենք պարտավոր ենք այն շարունակական դարձնել, ամեն տարվա հետ ավելացնել մասնակիցների թիվը՝ միևնույն ժամանակ պահպանելով զանգվածային այդ միջոցառման գրավչությունը», - խոսքը եզրափակեց Վրույր Հարությունյանը։ 

Անի Գրիգորյան

15:00 18.02.2020

Ամենաշատ ընթերցվածները