ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայկական բանակի կորոնավիրուսը
13:00 19.02.2020

Հայկական բանակի կորոնավիրուսը

«Գոնե իմանայի էրեխես թշնամու գնդակից ա մահացել», - այսպիսի արտահայտություն լսել եմ վերջին 10 տարիներին մեկ տասնյակից ավելի՝ բանակում, ոչ մարտական պայմաններում, մահացած զինվորների ծնողներից: Երբեք չեմ կարողացել հաշտվել այսպես արտահայտվելու հետ: Ինձ թվում է, որ զավակի կորուստը մի այնպիսի հարված է, որ ամենևին էլ կարևոր չէ, թե ինքը մահացել է թուրքի գնդակից, թե ճանապարհատրանսպորտային պատահարից: Մյուս կողմից՝ այստեղ զուգադիպություններ չեն կարող լինել: Եթե բոլորը այսպես են արտահայտվում, ապա այս փաստը իսկապես կարևոր է զավակ կորցրած ծնողների համար: Գրեթե մեկ տարի առաջ Մեղրու գնդի զինծառայողները դուրս եկան զորամասից և քայլելով՝ գողականներին բնորոշ բառեր էին գոչում: Այն ժամանակ զոհեր չեղան: Կցկտուր տեղեկատվության համաձայն՝ մի անհնազանդ զինվորի կազմակերպած կապրիզ էր: Հետո զինվորներին տեղափոխեցին, հրամկազմին չպատժեցին, ծածկադմփոց արեցին, անցավ-գնաց: Իսկ այս տարի 44 օրում ունեցանք 13 ոչ մարտական զոհ, ոմանք՝ անզգուշության պատճառով, իսկ ոմանք էլ՝ դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակներից ինքնասպանության մշուշով պատված պաշտոնական բացատրությամբ: Դե ինչ, փորձենք հասկանալ, թե այդ ինչ կորոնավիրուս է ընկել մեր բանակ, որ այսպիսի մահեր են գրանցվում:

Վիճակագրություն

2017-2018թթ․ մեր բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահացության դեպքերը աճել են 40%-ով: Իսկ թշնամու գործողությունների հետևանքով մահացությունը նվազել է 60%-ով, ու դա այն իրավիճակում, երբ հակառակորդի կրակոցները ավելացել են երեք անգամ: 2019-2020թթ․ վիճակագրություն դեռ չունենք: Բայց ակնհայտ է, որ առողջական խնդիրներից մահացությունները ակնհայտորեն աճել են, ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով մահվան դեպքերը նույնպես աճ են գրանցում: Կարճ ասած՝ մահերի պատճառները տրանսֆորմացվել են ժամանակի հետ, իսկ մենք մնացել ենք հին ու բարի դեդովշչինայի ու ռուսական բանակի ընկալումների մեջ: Чем больше дубов в нашей армии, тем крепче наша оборона: Կներեք, բայց այս արտահայտությունը ուղղակի չի թարգմանվում:

Ոչ կանոնադրական հարաբերություններ

Երբ ուսումնասիրում ես բանակի կանոնադրական հարաբերությունները, ընդհանրապես այն, թե ինչով պետք է զինվորները զբաղված լինեն, ապա հասկանում ես, որ, ըստ այդ նույն կանոնագրքի, նրանք իրար հետ շփվելու ժամանակ նույնիսկ չունեն: Օրը հագեցած է անելիքներով: Իհարկե, իրականության մեջ բոլորս էլ գիտենք, որ սպայական անձնակազմը րոպեներ է հաշվում, որ երեկոյան գլուխն ազատի զինվորներից և գնա տուն հանգստանալու: Ահա հենց այդ ժամանակ էլ մեկնարկում է զորամասի կիսագողական «յախշիների» տիրապետությունը: Հենց նրանք են որոշում, թե ում պետք է երեկոյան հաշվարկի ժամանակ կողքի գումարտակից կանգնեցնեն շարք, որպեսզի ցրված գնդի պատասխանատու սպան չնկատի բացակայությունները, հենց իրենք են որոշում, թե ովքեր պետք է ինքնակամ լքեն զորամասը մինչ առավոտյան տողանը, ընդհանրապես իրենք շատ բան են որոշում, քանի որ սպաներին նրանք ձեռնտու են, ինչպես որ բանտերում քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիային ձեռնտու են բանտի այսպես կոչված «նայողները»: Կոնկրետ Հայաստանի ՔԿՀ-ներում քիչ մարդիկ են ցանկանում 92 000 դրամով աշխատել և զօր ու գիշեր վերահսկել հանցագործներին, դրա համար ես դա ինչ-որ կերպ հասկանում եմ: Բայց բանակում ինչու են գողական բարքերը ծլում-ծաղկում ու արժենում մեր զինվորների կյանքեր, այդքան էլ լավ չեմ հասկանում:

Ավանդական սուտը

Այո՛, խոստովանենք, որ, ի տարբերություն նախկին իշխանությունների ժամանակների, այսօր զինվորների մահացության դեպքերը արագ արձանագրվում են, և նույնիսկ ինչ-որ չափով տեղեկատվություն տրվում է: Այլ հարց է, որ հին համակարգը դեռ կենդանի է, և մեզ շատ բան չեն բացատրում, քանի որ բանակը փակ հաստատություն է շարունակում մնալ, և դա շահավետ է բազմաթիվ սպաների համար: Հայաստանում բանակային տեղեկատվական մշուշը շատ օգտակար բան է: Շատ բան չեմ ասում, գնացեք ցանկացած դիրք պահող զորամասի անցագրային կետի մոտ, կանգնեք ու տեսեք, թե սպաները հերթափոխի օրերին ոնց են մեշոկներով ետ գցած ուտելիք բարձում քաղաքացիական մեքենաներ: Էլ բան չեմ ասում: Վարչապետն է սիրում ասել՝ զինվորի հաց ուտողներ, ՀԴՄ չտպողներ: Իսկ զինվորին գլխառադ անող սպային բան ասող չկա, հազիվ կցել-կցմցել ենք, մի կերպ համոզել ենք որոշ թափթփուկների սպա աշխատել հայոց բանակում: Հո այդ մարդկանց չենք պատժելու բոլորի աչքի առաջ: Լեգենդը այնպիսին է, որ ջահել զինվորները ագրեսիվ են ու մեկը մյուսին չներող, հետևաբար բոլոր խնդիրների մեղավորները հենց իրենք են: Որոշ դեպքերում էլ իրենց ծնողների տված վատ դաստիարակությունը: Սա է Պաշտպանության նախարարության պաշտոնական բացատրությունը: Վայ, քիչ էր մնում մոռանայի, մի հատ էլ լավը կա. «Բանակը մեր հասարակության հայելին է»: Այսինքն՝ ինչ մեղքեր որ կան բանակում, ամեն ինչ մեզնից է, քաղաքացիական հանրությունից:

Իրականում համով ճաշիկներով ու նասկիներով հեղափոխությունից հետո իշխանության եկածները ուղղակի դրվագային կառավարում են իրականացնում երկրում և չնկատելու են տալիս տասնամյակներով կուտակված ահագնացող, ինչպես տեսնում ենք, մահաբեր խնդիրները: Չնայած պետք է արդարացի լինել, բանակում չծառայած վարչապետը, առաջին փոխվարչապետը, աշխատակազմի ղեկավարը և ևս մի քանի տասնյակ իմքայլականներ ինչ իմանան, թե ինչ է պետք անել: 

Դանինգ Կրյուգերի էֆեկտը

Դանինգ Կրյուգերի էֆեկտը մի շեղում է, որի իմաստը հետևյալն է․ մարդիկ, ովքեր ունեն ցածր մակարդակի մասնագիտացում, միշտ անում են սխալ հետևություններ, ընդունում են սխալ որոշումներ ու չեն գիտակցում, որ իրենք սխալ են, քանի որ գիտելիքների շատ ցածր մակարդակ ունեն:

Դա բերում է նրան, որ իրենք սովորաբար մեծ կարծիք են ունենում իրենց մասին։ 

Բարձր մասնագիտական որակներ և գիտելիքներ ունեցող մարդիկ, հակառակը, հակված են ստորադասել իրենց գիտելիքները ու անելիքները, քանի որ այլ մարդկանց ավելի կոմպետենտ են համարում:

Այսպիսով, կոմպետենտ մարդիկ հաճախ կարծում են, որ հեշտ ու պարզ խնդիրները ընկալվում են նաև մյուս մարդկանց կողմից: Սա նկարագրում է մեր՝ հայի բախտը ամբողջությամբ: Չիմացողները մեծամտացել են ու չեն հասկանում գործից, իսկ հասկացողներին բանի տեղ դնող չկա: Իսկ հայկական բանակի կորոնավիրուսը շարունակում է անհասկանալի ձևով կյանքեր խլել, քանի դեռ նրան կանգնեցնող դեղամիջոցի մասին նույնիսկ քննարկում չկա:

Արման Սուլեյմանյան

 

13:00 19.02.2020

Ամենաշատ ընթերցվածները