ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը
13:00 20.02.2020

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։
Այս մասին լուրը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը:

«Իմ և բոլորիս սիրելի պապիկը մահացավ», - գրել է նա և կից հրապարակել իր և դերասանի լուսանկարը։

Նշենք, որ Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանում 1924 թվականին։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։

Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Խաղացել է նաև «Հարսնացուն Հյուսիսից»,«Հարսնացուն Ջերմուկից»,«Տժվժիկ», «Մորգանի խնամին» և այլ հայտնի ֆիլմերում։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։

Աղբյուր՝ tert.am

13:00 20.02.2020

Ամենաշատ ընթերցվածները