ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ալիևները վերադիրքավորվեցին
16:00 20.02.2020

Ալիևները վերադիրքավորվեցին

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Համացանցում հայտնվեցին կադրեր, որոնք հուշում են՝ կատարվել են անկարգություններ, լցոնումներ։ Արդյունքում հաղթել է իշխանական «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Թեկնածուների աննախադեպ մեծ թվաքանակ էր՝ 1321։ 

Ծեծ ու ջարդ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը տեղի ունեցած ընտրությունները խայտառակ որակեց: 

«Ակնհայտ խախտումներ էին տեղի ունենում։ Հենց քաղաքացիներն էին ահազանգում դրանց մասին։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ մարդիկ ավելի շատ տեսանկարեցին ու տարածեցին համացանցով։ Դրանցում պարզ երևում էին միջամտությունները, բռնությունները, լցոնումները, ծեծկռտուքը, ավելին՝ երկու մարդու մահ»։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ու ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը ընդգծում է․ «Չնայած առաջադրվածների մեծ թվին՝ սահմանափակող օրենսդրությունը և քաղաքական միջավայրը խոչընդոտել են իրական մրցակցությանը։ Մի շարք թեկնածուներ զրկվել են առաջադրվելու հնարավորությունից։ Ընտրողները չունեին ընտրության լայն հնարավորություն, քանի որ երկրում կա իրական քաղաքական քննարկումների պակաս, քվեարկության ընթացքում արձանագրվել են թեկնածուների վրա ճնշումների դեպքեր, չկար իրական մրցակցություն»։

Հին ձևերով, նոր դեմքեր

Նախքան ընտրությունները Ի․Ալիևը հայտարարել էր, որ խորհրդարանը թարմացման կարիք ունի․ նոր դեմքեր են պետք։ Սակայն, ըստ Տաթև Հայրապետյանի, նորերի թիվն այնքան էլ մեծ չէ, որքան նախատեսվում էր․ «Քանի որ հիմնականում մեծամասնական ընտրական համակարգ է, և, ենթադրում եմ, դրա շնորհիվ նախկինները բավականին շատ տեղ են զբաղեցրել։ Խորհրդարանի մոտ մեկ երրորդն է փոխվում, երկու երրորդը պահպանվում է։ Նույնիսկ որոշ փորձագետների շրջանում կարծիքներ են շրջանառվում, թե արդյոք արժեր նման փոքր փոփոխության համար ընտրություն կազմակերպել»։

Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն ընդգծում է․ «Ըստ Իլհամ Ալիևի՝ ընտրությունների հիմնական նպատակը բարեփոխումների շարունակությունն է։ Երկրում ընթանում է երիտասարդացման քաղաքականություն։ Ըստ ընտրված պատգամավորների տարիքային խմբերի՝ մինչև 40 տարեկան՝ 14 պատգամավոր կա (125-ից), այդ թվում՝ մինչև 30 տարեկան՝ 1 անձ, 30-ից 40 տարեկանների խմբում 9 պատգամավոր 35-ից բարձր է: Այսինքն՝ մինչև 35 տարեկան ընդամենը 5 հոգի կա, 60 տարեկանից բարձր՝ 45»։

Ալիևի գերակա շահը

Ադրբեջանագետ Անժելա էլիբեգովան նշում է․ «Ալիևի շահը առաջինը հենց այն է, որ ընդդիմությունը չկարողանա լուրջ պատրաստվել, անակնկալի գա ու քիչ ժամանակ ունենա դիրքավորվելու համար։ Երկրորդը՝ մարդկանց ցույց տա, որ իրենք ունեն անմիջական մասնակցություն այս գործընթացներում։ Երրորդը՝ սա հեթական փուլն էր իշխանական թիմի վերադիրքավորման։ Ամենակարևոր ֆիգուրը Թուրալ Գյանջալիևն է, ով Ղարաբաղի «ադրբեջանական» համայնքի ղեկավարն է։ Խորհրդարանում ընտրվեց որպես պատգամավոր․ ընտրվեց վիրտուալ տեղամասի վիրտուալ ընտրողներով, որը իրականության հետ առնչություն չունեցող գործընթաց էր։ Այնուհանդերձ արդեն պատգամավոր է, ինստիտուցիոնալ առումով այլ մակարդակ դուրս եկավ, միջազգային հանրությանը շատ հստակ մեսիջներ հղվեցին։ Ադրբեջանում փախստականի կամ տեղահանվածի կարգավիճակ ունեցողները հնարավորություն չունեն Արցախում ընտրությունների մասնակցելու»։

Ա․Էլիբեգովայի խոսքով՝ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ արեց Արցախի հայերին մասնակցել ընտրություններին, ինչը նոր քարոզչական դրույթ է, որ Ադրբեջանը փորձում է ներմուծել միջազգային մակարդակ։ Այս համատեքստում պետք է պատրաստ լինել նոր սադրանքների։

Անուշ Միրզոյան

16:00 20.02.2020

Ամենաշատ ընթերցվածները