ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ցածր մակարդակի շոու
13:00 21.02.2020

Ցածր մակարդակի շոու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցեցին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը։ Այն վարում էր ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Տիկին Վալենդերը խոսքն առաջինը փոխանցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հին ձևերով՝ պատմական կեղծիքներով լի

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Դա պատմական ճշմարտություն է։ 1805թ․ Ղարաբաղի Իբրագիմ խանը համաձայնագիր է ստորագրել Ռուսական կայսրության հետ։ Այս համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանի ղարաբաղական խանությունը՝ որպես անկախ պետություն, հայտնվեց ռուսական կայսրության իշխանության  ներքո։ Պայմանագիրը կոչվում է Թուրքչայի պայմանագիր և այնտեղ ոչինչ չի ասվում Ղարաբաղի հայ բնակչության մասին։ Այլ պայմանագրեր ստորագրվեցին 1813-ին և 1828-ին, Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը, Ադրբեջանը դարձավ ռուսական կայսրության մաս։ Հայաստանը, Վրաստանը նույնպես մտան ռուսական կայսրության կազմի մեջ։ Այն ժամանակ, երբ ռուսական կայսրությունը փլուզվեց, վրացական, ադրբեջանական ժողովրդավարական  հանրապետությունները ստեղծվեցին։ Առաջին իսկ հրամանագրերից մեկը՝ ԱԺՀ-ի 1918-ին, վերաբերում էր նրան, որ Երևանը Ադրբեջանից փոխանցվի Հայաստանին, և այն ճանաչվի Հայաստանի մայրաքաղաք։ 1921 թվականի բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոն որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մասին, թողնելու և ոչ թե փոխանցելու մասին․․․

80-ականների վերջին Հայաստանը նախաձեռնեց ագրեսիա ընդդեմ Ադրբեջանի։ 300 հազար ադրբեջանցի տեղահանվեց Հայաստանի տարածքից։ Հետո՝ 90-ականների սկզբից, Հայաստանը ագրեսիա սկսեց արդեն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության։ Այդ ագրեսիայի հետևանքով մեր տարածքի մոտ 20 տոկոսը օկուպացիայի ներքո է։ Մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձան փախստական և ներքին տեղահանված, մեր ժողովուրդը էթնիկական զտման ենթարկվեց։ 1992-ին հայկական նախկին ռեժիմը պատերազմական հանցագործություն կատարեց (Խոջալուի ցեղասպանությունը), որի հետևանքով 630 անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ 106 կին և 63 երեխա, դաժանաբար սպանվեցին։ Ավելի քան 10 պետություն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Հիմա միջազգային իրավունքի տեսանկյունից․ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է․ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել, որով պահանջում է հայկական զորքի դուրսբերումը օկուպացված տարածքից։ Այդ բանաձևերը կատարված չեն․․․»։

Ալիևը հերթական անգամ հանդես եկավ կեղծ տեղեկատվությամբ։ Մեջբերեց այնպիսի իրողություններ, որոնք իրական պատմության հետ որևէ աղերս չունեն։  Այս մասին հայտնում  է «Սիվիլնեթի» լրագրող, «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի» համակարգող և հետազոտող Թաթուլ Հակոբյանը։ 

Հին ձևերով՝ առանց հերքելու

Ի պատասխան այս կեղծ տեղեկությունների՝ Փաշինյանը պատասխանեց․ «Հայոց թագավոր Տիգրան Մեծը, երբ բանակցում էր Պոմպեոսի՝ հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևէ պետություն հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան, ուստի չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում էր այդքան հեռու գնալը։

Բացի դրանից՝ չեմ համաձայնի նախագահ Ալիևի հետ, քանի որ կովկասյան բյուրոն որոշում կայացրեց, որ ԼՂ-ն լինի Հայաստանի մաս, այդ որոշումը հեղինակավոր որոշում էր։ Եվ այդ որոշումից հետո Ի․ Ստալինի անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց։ Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև։ Եվ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում։ Եվ երբ Դուք խոսում եք տարածքային ամբողջականության մասին, մենք պետք է որոշենք՝ որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք խոսում։ Իմ հարցը հետևյալն է․ եթե Ադրբեջանը հարգում էր ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը՝ դառնալով անկախ պետություն, ինչպե՞ս էր հարգում  այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ-ից նույն կերպ, ինչ ԼՂ-ն դուրս եկավ ԽՍՀՄ-ից։

Ինչ վերաբերում է Խոջալուին, ապա 90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց տվեց ռուսական «Аргументы и Факты» թերթին՝ ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով։ Եվ դա տեղի ունեցավ, որովհետև այդ իրադարձության հետևանքով Այազ Մութալիբովը հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին, ապա ո՞րն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը․ այն է՝ առանց պայմանների, անհապաղ հաստատել հրադադար, այսինքն՝ դադարեցնել որևէ բռնություն, դադարեցնել ռազմական գործողությունները»։

Ն․Փաշինյանը պատասխանեց այնպես, ինչպես մեր շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արտաքին աշխարհում ներկայացնում են Հայաստանը, և ովքեր հիմնականում հանդես չեն գալիս հակառակորդ երկրի կողմից մեր մասին հնչած կեղծ փաստերին հակադարձելով։

Միջազգայնագետ Կարեն Հարությունյանը ընդգծում է․ «Փաշինյանը, փոխանակ հերքելու այս կեղծ պնդումները, փոխանակ հիշեցնելու Արցախի հայկական պետական միավորների՝ մելիքությունների, ռուս-պարսկական պատերազմին հայերի մասնակցության մասին, հեռանում է մ․թ․ա․ 1-ին դար՝ Տիգրան Մեծի մոտ»։

Միջազգայնագետը նաև ասում է․ «Ալիևը խոսում է Խոջալուի մասին, Փաշինյանը, փոխանակ հիշեցնելու Սումգայիթը, Կիրովաբադը, Մարաղան, վկայաբերում է ընդամենը «Аргументы и Факты» թերթին Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հարցազրույցը։ Ոչ մի խոսք այն մասին, թե ինչու Ադրբեջանը պատշաճ չի կազմակերպել իր բնակչության տարհանումը Խոջալուից։ Ալիևն ասում է՝ «նրանք քանդել են մեր մզկիթները, գերեզմանները, մշակութային վայրերը։ Փաշինյանը չի հիշեցնում, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը վերացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն համարվող Ջուղայի խաչքարերը, իսկ հայերը Շուշիում վերականգնել են Գոհար տիկնոջ մզկիթը։ Նաև չի հիշեցնում, որ Ադրբեջան պետությունում արգելված է հայկական յան ազգանունով որևէ անձի մուտքը՝ անկախ քաղաքացիությունից։ Չի հիշեցնում Սաֆարովի մասին, Քյարամի մասին»։

Լուծում + աջակցություն․ առաջինը սեղանին հենց սա պետք է դրվեր 

Սելեստա Վալենդերն այնուհետև խնդրեց առաջնորդներին նշել, թե ինչ կարող է անել միջազգային հանրությունը, որ առաջ տանի խնդրի կարգավորումը։ Փաշինյանն ասաց«Մի կոնկրետ բան կա, որ միջազգային հանրությունը կարող է անել։ Հստակորեն հայտնել, ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Միջազգային հանրությունը միանշանակ դա պետք է շեշտի։ Մեզ անհրաժեշտ է տևական ու հարատև խաղաղություն։ ՀՀ-ն և ԼՂ-ն պատրաստ են իրական ջանք գործադրել տարածաշրջանում ստեղծելու համար հարատևելի խաղաղություն։ Ես այս վիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը հանուն իմ երկրի անվտանգության, այլև գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի համար։ Հայաստանը և Ղարաբաղը պատրաստ են դրա համար»։Նույն հարցին Ալիևը պատասխանեց«Միջազգային հանրությունը պետք է բացատրի, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է՝ առաջինը, և երկրորդ՝ լուրջ ճնշում գործադրի ագրեսորի նկատմամբ»։

Միջազգայնագետ Կարեն Հարությունյանը նշում է«Ալիևն ասում է՝ միջազգային համայնքը պետք է վերահաստատի, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Փաշինյանն ասում է՝ միջազգային համայնքը պետք է խստագույնս վերահաստատի, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Պարոնա՛յք, միջազգային համայնքը ծակ պլաստինկայի նման դեռ շատ է վերահաստատելու դա։ Միգուցե արժե՞ր իրական, շոշափելի հարց բարձրացնել այս հեղինակավոր հարթակում՝ որ, օրինակ, միջազգային հանրությունը պետք է անմիջական ներգրավվածություն ու ներկայություն ունենա Արցախում՝ չսպասելով հակամարտության կարգավորմանը։ Չէ՞ որ Արցախում ապրող 150 հազար հայերի վրա էլ են տարածվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները»։

Գերմանիան այս բանավեճի տեղը չէր 

Լրագրող Թաթուլ Հակոբյանն ասում է ․ «Ցածր մակարդակի, պատմական կեղծիքներով լեցուն շոու էր։ Գլխավոր մեղավորը գերմանական կողմն էր։ Լավ է, որ կազմակերպեցին, բայց վատ են կազմակերպել, մեկը հենց այն պատճառով, որ վարողը նախ չպետք է թույլ տար, որ բանավեճը գնար պատմության հեռուները։ Նշաձողը սահմանեց Ալիևը, շատ կեղծիքներ թույլ տվեց  և այդ կեղծիքներին պետք էր պատասխանել հենց տեղում։ Սա պատմության խնդիրը չէ։ Վարողը շատ թույլ էր պատրաստված, կարճ ասած՝ չվարեց զրույցը, որովհետև ինքը  մանրամասներից տեղյակ չէր։ Եթե տեղյակ լիներ, պետք է խոսեր դետալների մասին, ի՞նչ ենք քննարկում, ի՞նչ է սեղանին դրված։ Սա մի բանավեճ էր, որ միայն վնասեց մեզ»։

Թաթուլ Հակոբյանը հավելում է, որ առհասարակ Գերմանիան այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հիմնախնդիրը, քանի որ այս հարցը հետաքրքրում է բրիտանացիներին, ռուսներին, ամերիկացիներին, ֆրանսիացիներին, բայց ոչ գերմանացիներին․ «Մի լուսավոր կետ կար այս ամենի մեջ, մենք հասկացանք, որ Ադրբեջանը ուզում է կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Այսինքն՝ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական քննարկումների»։

Անուշ Միրզոյան

 

13:00 21.02.2020

Ամենաշատ ընթերցվածները