ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Իրավականությունը՝ արժեզրկված
16:00 21.02.2020

Իրավականությունը՝ արժեզրկված

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Այս հանրաքվեի միջոցով միայն 213 հոդվածն է փոխվելու, որը նախատեսում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մի քանի այլ անդամների լիազորությունների վաղաժամ դադարումը։ Առհասարակ, հանրաքվե անցկացնելու մասին որոշումը թեժ քննարկումների առիթ է տվել։ Մասնագետների տեսակետները հակակշռում են միմյանց։ Մինչդեռ շարքային քաղաքացիների կարծիքները գրեթե նույնն են։

Կեղծ օրակարգ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը շեշտում է, որ իշխանությունը գնում է հերթական կեղծիքին։ «Առանց ամբողջական սահմանադրական փոփոխությունների, այն է՝ առանց ներկայիս ոչ լեգիտիմ, ապօրինի և հանցավոր սահմանադրության կասեցման (թեկուզ հենց հանրաքվեով) կամ ամբողջական վերափոխման, այն տեղ-տեղ սեփական շահերին հարմարեցնելն ուղղակի ոտնձգություն է Հայաստանի ժողովրդավարացման դեմ: Եվ այդ ոտնձգության առաջամարտիկի դերն այսօր սկսում են ստանձնել ոչ միայն նախկին հանացավոր ռեժիմի ուժերը, այլև հենց ինքը՝ այսօրվա իշխանությունը»։

Հ․Մարտիրոսյանը հավելում է՝ սա անչափ վտանգավոր երևույթ է: «Իշխանությանն անհրաժեշտ է վերջապես քաղաքական դաս տալ և բոյկոտել այսպիսի հանրաքվեն կամ քվեարկել ՈՉ: Բայց դրա համար քաղաքական գրագիտություն է անհրաժեշտ: Իսկ այն մենք չունենք: Մենք դիտարկում ենք այս հանրաքվեն որպես նախկին ռեժիմի դեմ պայքար, մինչդեռ դա նախկին ռեժիմի ժառանգության ամրապնդման ցայտուն օրինակ է»: Քաղաքագետի խոսքով՝ սահմանադրությունն անհրաժեշտ է փոխել ամբողջությամբ: Մասնակի՝ միայն անձերի փոփոխությունը հակահեղափոխական օրակարգ է: Մի օրակարգ, որ հեղափոխության օրերից որդեգրեցին պսևդոհեղափոխական ուժերը, այն ուժերը, որոնք այսօր կառավարում են երկիրը:

«Ժողովու՛րդ ջան,  սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ»․  ո՞վ է ժողովուրդը 

Կապանում անցկացրինք հարցումներ, բառացի մեջբերենք քաղաքացիների կարծիքները։ «Արդյո՞ք ոգևորում է հանրաքվեի անցկացումը» հարցին ի պատասխան Կապանի բնակիչ Ջուլիետա Պետրոսյանն ասում է․ «Գիտեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ինչ էլ որ լինում է, ոչ մի անգամ սովորական մարդկանց ոչ մի լավ բան չի տալիս։ Բնականաբար, ժողովրդի որոշմամբ պետք է լինի, բայց եթե ԱԺ է հավաքված այնտեղ, եթե իրենք այդ հարցը չեն կարողանում լուծել, բնականաբար ժողովուրդը պետք է որոշի, ինչ կարող եմ ասել»։ «Ինչպե՞ս պետք է գործի սահմանադրական դատարանը»․ քաղաքացի Կոլյա Կարապետյանը թվում է․ «Կոռուպցիա չպետք է լինի, ժողովրդին պաշտպանի, ժողովրդի հետ միասին լինի, ժողովրդական լինի, էլ ի՞նչ պետք է լինի»։ Այստեղ ընդհատեցի պարոն Կարապետյանին, հարցնելով՝ իսկ իրավակա՞ն չպետք է լինի․ «Դե դա չեմ կարող ասել», - հնչում է պատասխանը։ Հիշյալ հարցին կապանցի Վլադիմիր Մկրտչյանը պատասխանում է․ «Այնպես պետք է գործի, որ Փաշինյանը գոհ լինի, եթե Փաշինյանը գոհ լինի, ուրեմն ժողովուրդն էլ է գոհ»։ 

Այս հարցումները վկայում են․ մարդիկ բավարար իրավական գիտելիքներ չունեն, որ կատարեն արդյունավետ ընտրություն։ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների իրավասությունների կասեցման հարցը արդյո՞ք այն հարցն է, որ հենց ժողովուրդը պետք է որոշի, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ընդգծում է․ «Ցավով անհրաժեշտ է արձանագրել, որ նախկին ռեժիմների երեսուն տարվա «տքնաջան» աշխատանքն արդյունք է տվել. այսօր մենք ունենք խորապես քաղաքականապես անգրագետ հասարակական լայն շերտեր, որոնցից սկսում են օգտվել ներկայիս իշխանությունները»։

Մինչդեռ իրավագետ Հայկ Արամյանը հակադարձում է․ հանրաքվեն հնարավորություն կտա մարդկանց լրացնելու իրավական գիտելիքների բացը։ «ՀՀ սահմանադրությամբ ժողովուրդն ունի հանրաքվեների միջոցով տարբեր հարցեր լուծելու իրավունք։ Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների միջոցով։ Հանրությունը շփումների միջոցով հարցեր կուղղի, կստանա պատասխաններ և կձևավորի իր դիրքորոշումը։ Սպառվել են բոլոր միջոցները, և, կարծում եմ, իշխող քաղաքական ուժը ցանկանում է, որ հանրաքվեի միջոցով այս փոփոխությունը կայանա, որպեսզի այն ունենա լեգիտիմության բավարար աստիճան, այլապես հնարավոր է լինեին նաև շահարկումներ, թե ՍԴ-ն ենթարկվում է ճնշումների։ Այս ամենը չեզոքացնելու համար որոշվեց հանրաքվե անցկացնել»։

Ընդդիմադիրները դիմադրում են

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է․ «Մեր մոտեցումը հետևյալն է, որ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական գործընթացի մեջ չպետք է լինի հակառակ ճամբար։ Պիտի լինի այո-ի ճամբար, ոչ-ի ճամբար չպետք է լինի։ Որովհետև իշխանությանը օդ ու ջրի պես պետք է, որ ինչ-որ մարդիկ ոչ-ի քարոզչություն տանեն, ու ինքն այդ մարդկանց ասի․ «Դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում»։ Այ այսպես ելույթներ կունենա, որից արդեն բոլորը հոգնել են, և մարդկանց կասի, որ եթե չգնաք տեղամասեր,   նրանք կգան և ձեզ կկեղեքեն, որ մարդիկ գնան ընտրատեղամասեր»։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշում է․ «Պայմանական ինչ-որ մեկը հարկերը թաքցրել է կամ այսքան թալանել է, չնայած իրեն օրենքով հասնում է, որ 100 միավոր մենք բռնագանձենք, բայց քանի որ ինքը շատ է թալանել, պետք է 1000 միավոր բռնագանձենք, սա օրենքին հակասում է։ Պետք է գնալ ճիշտ ճանապարհով»։

Սահմանադրական կարգի տապալո՞ւմ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի կարծիքով՝ հանրաքվե անցկացնելը հակասահմանադրական է․ «Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածները հստակ սահմանում են, որ Ազգային ժողովը պարտավոր է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, հանրաքվե իրականացնելու մասին ակտերը ներկայացնի ՍԴ, որպեսզի վերջինս որոշի այդ հարցերի սահմանադրության համապատասխանությունը։ Այնուհետև իրականացնի համապատասխան փոփոխությունները։ Սա ՍԴ-ի կողմից նախնական վերահսողություն իրականացնելու կարևորագույն գործիք է, որպեսզի սահմանադրությանը հակասող իրավանորմեր չընդունվեն, քանի որ մատուցվում է արդեն հստակ փոփոխությունների նախագիծ, և հանրությունը ի վիճակի չէ մասնագիտորեն գնահատել, թե դրանք ինչքանով են սահմանադրությանը համապատասխանում, ինչքանով՝ ոչ»։

Ըստ սահմանադրագետի՝ միայն մի դրույթը փոխելով՝ իշխող ուժը փորձում է հասնել իրեն ցանկալի որոշակի լուծումի։ «Այս փոփոխությունը ակնհայտորեն հակասահմանադրական է, հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներին։ Դրանք են՝ իրավունքի գերակայությունը, դատական իշխանության անկախության սկզբունքը, դատավորների անփոփոխելիության սկզբունքը։ Բացի դրանից՝ օրինականության սկզբունքը և ամենակարևորը՝ իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքը»։

«Արդյո՞ք սա սահմանադրական կարգի տապալում է» հարցին ի պատասխան Գ․Մելոյանն ասում է․ «Ավելի հստակ կորակեն քրեագետները, այնուհանդերձ ասում են՝ սա և՛ իշխանության յուրացման, և՛ սահմանադրական կարգի տապալման՝ քրեական օրենսգրքով նախատեսված  հանցագործության հատկանիշներ է պարունակում, որոշակիորեն կիսում եմ այս  կարծիքը, որովհետև եթե մասնագիտական  տեսանկյունից վերլուծում ենք այս հոդվածները, իրապես նմանաբնույթ հանցագործության հատկանիշների հստակ առկայություն տեսնում ենք»։

Արդյո՞ք ծայրահեղականություն չդրսևորեց վարչապետը։ «Ամեն դեպքում երկրի իշխող ուժը պետք է գիտակցի, որ եթե ինքը ստանձնել է իշխանությունը, նաև ստանձնել է պատասխանատվություն, և գործում է օրինականության սկզբունքը։ Այսինքն՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այն, ինչի համար լիազորված են օրենքով։ Օրենքից դուրս գործելու իրավասություն չունեն, և դա սահմանադրության և օրենքների ոտնահարում է», - նշում է սահմանադրագետը։ Իսկ հնարավո՞ր է, որ մինչև հանրաքվե անցկացնելը ՍԴ նախագահն ու մյուս անդամները վաղաժամ դադարեցնեն լիազորությունները, թե՞ նման զարգացումների չսպասենք։ «Ոչ վաղ անցյալում ընդունվել է այդ չարաբաստիկ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու օրենքը և դեռևս մինչև փետրվարի 27-ը գործելու է։ Գիտակցելով սա, դեռևս այդ օրենքի գործողության ժամկետը չսպառած, իշխող ուժը արհեստական շտապողականություն է ցուցաբերում՝ անհասկանալի դրդապատճառներով, որ միջանկյալ նմանաբնույթ հակասահմանադրական  գործողություններ ծավալվեն»։ 

Որպես վերջաբան 

Ներկա իշխանությունները նախկինում մշտապես բարձր ամբիոններից խոսել են սահմանադրության անորակության մասին, սակայն այսօր նույն դեմքերը հանդես են գալիս միայն կոսմետիկ ու իրենց շահերից բխող որոշակի փոփոխություններով։ Սա նշանակում է, որ մենք դեռևս չենք ձևակերպել, թե Հայաստանը ավելի շատ օրենքի՞, թե՞ իրավունքի գերակայության երկիր պետք է լինի։

Հ․Գ․

«Հիմա առաջարկվում է փոխենք վարորդին, բայց հին ու վատ շարժվող մեքենան մնալու է նույնը», - պնդում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Անուշ Միրզոյան

16:00 21.02.2020

Ամենաշատ ընթերցվածները