ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տանիքը նորոգվեց, բայց խնդիրը չլուծվեց
14:00 22.02.2020

Տանիքը նորոգվեց, բայց խնդիրը չլուծվեց

Կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականին 115 մլն 500 հազար դրամ էր հատկացվել մարզի առաջնահերթ վերանորոգման ենթակա բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգման համար։ Այդ ծրագրով Կապանում նորոգվել է 22 շենքի տանիք, որոնցից մեկը Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքն էր։ Սակայն այդ շենքի բնակիչները ընդամենը ամիսներ անց բողոքում են․  նորոգված տանիքից  դարձյալ  ջուր է թափվում։ Ըստ բնակիչների՝ ձյան տեղումներից հետո անորակ աշխատանքի հետևանքով տանիքը համատարած ջուր է բաց թողնում։ Խիստ վնասվել են առաստաղներն ու պատերը․ «Տազը դրած, վեդրոն դրած, ջուրը լցվում թափվում է պատշգամբ, այնտեղից հյուրասենյակ ընդամենը 30 սանտիմետր է, ստիպված վեդրոն ժամը մեկ փոխում եմ։ Փաստորեն տանիքը նորոգելուց հետո տները ջուր է լցվում և մարդկանց նյութական վնաս պատճառում», - վրդովված ասաց շենքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։  

Շինարարները եղանակը հաշվի չէին առել 

«Գազկոմշին» ՍՊԸ-ի Կապանի տանիքների վերանորոգման տեղամասի պետ Երվանդ Մելքոնյանը խոստովանում է՝ բողոքներն արդարացի են։  Մի քանի օրվա մեջ լուծում կստանան առաջացած խնդիրները․ «Կապանում վերանորոգել ենք մոտ 10000 քառակուսի լանջավոր և 5000 քառակուսի մետր հարթ տանիքներ։ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքը շատ բարդ կառուցվածքով, մոտ 1600 քառակուսի մետրանոց տանիք ունի։ 30 սանտիմետր ձյան տեղումից հետո վերանորոգված տանիքում առաջացան խնդիրներ, որոնք լուծելի են, ասել, որ անորակ է արվել, ճիշտ չէ․ ամեն ինչ արվել է նախագծին համապատասխան»։ 

«Սա էլ որերորդ անգամ դիմում ենք մարզպետարան, զանգահարում աշխղեկին, ամեն օր ասում են՝ այսօր, վաղը։ Տեղացած ձյունը մեր բախտից էր, փոխհատուցման մասին էլ չխոսեմ, աշնանը, նորոգման աշխատանքը դեռևս չավարտած, տեղացած հորդառատ անձրևի հասցրած վնասները չեն փոխհատուցվել», - ասաց շենքի բնակիչ Մխիթար Սանթորյանը։  

Մարզպետարանում տեղյակ են խնդրին, նմանատիպ վիճակ է նաև մի քանի այլ շենքերում։ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը ընդգծում է՝ գրություն են ուղարկել տարածքային զարգացման հիմնադրամ հանձնաժողով ստեղծելու խնդրանքով, որը  կգնահատի աշխատանքի որակը․ «Բացի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքից՝ ունենք ևս 5 շենքից բողոք։  Մարզպետարանը ոչ մի թերի աշխատանք չի ընդունել և  չի ընդունելու, հետևողական աշխատանք ենք կատարում։ Փոխհատուցման մասին տեղյակ ենք պահել տարածքային զարգացման հիմնադրամին և ասել, որ չփոխանցեն գումարները այնքան ժամանակ, մինչև բնակիչները այլևս բողոք չունենան»։ 

Կենցաղային աղբն էլ էր պատճառ

Տեղամասի պետ Երվանդ Մելքոնյանի խոսքով՝ վերանորոգումը սկսելուց առաջ տանիքում առկա էր մեծ քանակությամբ կենցաղային աղբ, որը ժամանակին չեն հեռացրել․ «Աղբի հետ կապված հարցով տեղական իշխանության ներկայացուցիչներին տեղեկացրել ենք։ Լուծումը ձգձգվեց 1 ամսից ավելի, սակայն մտածելով, որ եղանակները աստիճանաբար ցրտում են, մեր միջոցներով մաքրեցինք։ Այդպես էլ հարցը չլուծեցին՝ անձրև եկավ, մարդիկ տուժեցին։ Բոլոր բնակարաններում անձամբ եղել եմ, նախնական փոխհամաձայնության եկել ենք։ Իմ  համոզմամբ՝ մի քանի օրից կլուծենք փոխհատուցման հարցը՝ ըստ իրենց կրած վնասի չափի։   Ստացվում է, որ դա արվում է մեր միջոցներով, բայց այնքան էլ մեր մեղքով չէ»։   

Բացի տանիքից՝ բնակիչները դժգոհում են նաև տեղադրված ջրհորդանից։ Այն տեղադրված է բավականին բարձր հատվածում, որտեղից դուրս թափվող ջուրը ջերմաստիճանի կտրուկ իջեցումից հետո սառչում է և շենքում բնակվող երեխաների համար վտանգավոր վիճակ ստեղծում։  Ջրհորդանի սխալ տեղադրման վերաբերյալ Երվանդ Մելքոնյանը պարզաբանում է․ «Փորձել եմ մինչև գետինը ջրհորդանը իջեցնել, բայց շենքի տակ գտնվող խանութների սեփականատերերը չեն համաձայնել։ Հարցը տարբեր մակարդակներում բարձրացվել է, թող բերեն համապատասխան փաստաթուղթ, որ սեփականատերերը առարկություն չունեն, ես կիջեցնեմ ներքև»։ 

Նարե Խաչատրյան

14:00 22.02.2020

Ամենաշատ ընթերցվածները