ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Հանդիսատեսին մատուցել միայն լավ ներկայացումներ»․ Իշխան Ղարիբյան
18:00 22.02.2020

«Հանդիսատեսին մատուցել միայն լավ ներկայացումներ»․ Իշխան Ղարիբյան

Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը ունեցավ նոր գեղարվեստական ղեկավար։ Երկար տարիներ աշխատելով Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ դերասան Իշխան Ղարիբյանը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Աթայանից ստացավ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ, որին դերասանը նախնական համաձայնություն տվեց, սակայն վերջնական որոշում կայացրեց միայն ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո։ Ի դեպ, Իշխան Ղարիբյանը ունի երեք հրաշալի զավակ։

Կապան քաղաքը վաղուց է երիտասարդ դերասանի, բեմադրիչի սրտում։ 2017 թվականին Իշխան Ղարիբյանը Կապանի մշակույթի կենտրոնում բեմադրել է Սլավոմիր Մռոժեկի «Բաց ծովում» պիեսի հիման վրա գրված «Ձեզնից մեկը» ներկայացումը։ Կապանում գտնվելու ժամանակահատվածում սիրելի ընտանիքի հանդեպ կարոտն առնելու տարբերակը գտել է․ ինչքան հնարավոր է՝ ծանրաբեռնվել աշխատանքով։ Մինչ նշանակվելը Ղարիբյանը երկու բեմադրություն է արել Կապանի դրամատիկական թատրոնում՝ «Գողերի ընտանիքը» և ամանորյա մանկական ներկայացում։ «Մեր շնորհքը, ուժը, կարողությունները թույլ կտան, որ կապանցի հանդիսատեսին մատուցենք միայն լավ ներկայացումներ։ Եթե Երևանից կամ տարբեր մարզերից հրավիրենք մեզ մոտ այլ թատերախմբեր, ապա նրանց բեմադրությունները պետք է լինեն միայն ու միայն որակով», - ասում է գեղարվեստական ղեկավարը։

Կապանի պետական դրամատիկական թատրոնը, ըստ նորանշանակ գեղարվեստական ղեկավարի, խաղացանկում գրեթե չի ունեցել այնպիսի ներկայացում, որը հնարավոր լիներ հետագայում խաղալ, այդ իսկ պատճառով թատրոնը հիմա որակյալ խաղացանկի ձևավորման փուլում է։ Նա մեծ կարևորություն է տալիս նոր, երիտասարդ ուժերին, որոնք բեմադրիչի համար կենսական նշանակություն ունեն։ Այս պահին թատրոնում շատ ծանրաբեռնված աշխատանքային շրջան է։

Իշխան Ղարիբյանն ասում է․ «Կապանցի հանդիսատեսին առաջիկայում սպասվում են նոր առաջնախաղեր՝ փետրվարի 22-ին և 23-ին՝ մանկական ներկայացում, փետրվարի 29-ին և մարտի 1-ին՝ մոնոներկայացում։ Զուգահեռ աշխատում եմ նաև երկու գործի վրա, առաջինը Կապելոնիի «Մեկ տեսնում եմ, մեկ չեմ տեսնում» պիեսն է, որտեղ ամբողջությամբ ներգրավված է թատրոնի ավագ սերունդը։ Երկրորդը՝ էքսպերիմենտալ ներկայացում է լինելու Կապանի մշակույթի կենտրոնի երիտասարդների և թատրոնի դերասանների հետ համատեղ։ Դեռ չեմ ուզում փակագծեր բացել, որովհետև հնարավոր է մի քիչ հետաձգվի։ Մոտ օրերս  Քրիստինե Սլոյանը կսկսի նոր ներկայացման փորձերը, որը հրաշալի կատակերգություն է»։

Թատրոնի հետագա ծրագրերի մասին խոսելիս Իշխան Ղարիբյանը նշեց, որ եթե առաջարկներ լինեն կապանցի դերասաններին ֆիլմերում հանդես գալու, ինքը խոչընդոտ չի հանդիսանա, ընդհակառակը՝ կփորձի ինչ-որ կերպ մատնացույց անել իր դերասաններին։ «Ես իմ առջև խնդիր եմ դրել, որ մեր թատրոնի դերասանները պետք է լինեն ունիվերսալ, շատ պատրաստված և ամեն ինչ կանեմ, որ նրանք երևան էկրաններին։ Բնականաբար, չի կարող լինել երկարաշունչ սերիալ, որի դեպքում դերասանները պետք է տեղափոխվեն Երևան։ Գեղարվեստական ֆիլմերի, սիթքոմների դեպքում, խոչընդոտ չեմ հանդիսանա», - ասում է Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանը։

Տիգրան Ղուկասյան

18:00 22.02.2020

Ամենաշատ ընթերցվածները