ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անվճար այցելություն մշակութային կենտրոններ
10:00 23.02.2020

Անվճար այցելություն մշակութային կենտրոններ

Կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց պետական թատրոններ և թանգարաններ այցելելու անվճար տոմսեր կտրամադրվեն։ Սա կառավարության որոշումն է, ըստ որի՝   այդ տոմսերը կտրամադրվեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպություններ և թանգարաններ այցելելու համար․ «Ամիսներ շարունակ պետական կառույցների տնօրենների հետ աշխատել ենք կարգի մշակման վրա, և կարծում եմ, որ այսօր ունենք մի համակարգ, որը ամբողջապես կարգավորում է տոմսերից օգտվելու ընթացակարգը։ Վերջապես կկարողանանք վիճակագրական հստակ տվյալներ ունենալ, թե քանի մարդ է այս ծրագրի շրջանակ ընդգրկվում, ինչ խոչընդոտների են նրանք հանդիպում, երբ այցելում են թանգարաններ, թատրոններ, և ըստ այդմ կառույցների ղեկավարների հետ կկարողանանք կարգավորել և ստեղծել բոլոր հարմարավետ պայմանները», - ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։  

Այցելությունների կարգը

Կենսաթոշակառուները կարող են անվճար այցելել յուրաքանչյուր թատերական կազմակերպություն՝ տարեկան երեք, և թանգարաններ՝ ամիսը երկու անգամ: Կենսաթոշակառուներին անվճար տոմս տրամադրվում է մինչև միջոցառումից առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ այցելության պահին։ Տոմսերը կտրամադրվեն կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի և անձնագրի առկայության դեպքում: Տոմսեր կտրամադրվեն նաև տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավարին։ Խմբում ընդգրկված կենսաթոշակառուների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Խմբի հետ կարող է լինել մեկ ուղեկցող, որը ևս ստանում է անվճար տոմս: Այս դեպքում տոմս ձեռք բերելու համար պետք է դիմել առնվազն 5 օր առաջ:

Կապանից օգտվողներ քիչ կլինեն

«Շատ լավ է, որ նման ծրագիր է իրականացվելու, բայց եթե անվճար ներկայացում դիտելու համար պետք է հասնեմ Գորիս կամ Երևան, իմաստ չեմ տեսնում։ Մեր թատրոնը բաց չեմ թողնի, բացի դրանից՝ տարիքս էլ չի ներում, էլ ուր մնաց հեռու գնամ», - ասում է Կապանի բնակիչ Ալյոշա Համբարձումյանը։ 

Սյունիքում նախարարության ենթակայությամբ գործող երեք կառույց կա՝ Սիսիանի ազգային պատկերասրահը, Գորիսի Ակսել Բակունցի անվան տուն-թանգարանը և Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Քաղաքացիները գոհ են որոշումից, բայց մշակութային կյանքին մասնակցելու դժվարություններ ունեն․ Կապանից մարզի հիշյալ քաղաքներ հասնելը հեշտ չէ։

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը ողջունում է կենսաթոշակառուներին թատրոն ուղղորդելը։ Ասում է՝ թատրոնը հանդիսատեսի խնդիր ունի, սա լրացուցիչ խթան է․ «Դեռ հրաման չունենք, հուսով եմ՝ մոտ օրերս կլինի։ Նախորդ տարի աբոնեմենտային ծրագրից շատ քչերն օգտվեցին։  Այս անգամ  լիահույս եմ, որ տեղեկատվությունը բավարար կլինի, և քաղաքացիները իրազեկված կլինեն, ծրագրից էլ օգտվողների թիվը կավելանա», - ասաց նա։ 

Կարգի համաձայն՝ թատերական կազմակերպությունը ինքն է որոշում յուրաքանչյուր ներկայացման համար անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի  2․5 -5 %-ի սահմաններում: Թատրոնի տնօրենը ընդգծեց՝ ներկայացման համար մայրաքաղաք գնալը իրատեսական չէ։  «Չեմ կարծում, որ մարդիկ Սիսիանից կամ Կապանից  ծախս կանեն ու կգան Գորիս ներկայացում նայելու, բայց պարբերաբար հյուրախաղեր անցկացնում ենք մարզի մյուս տարածաշրջաններում, այդպես կարող են օգտվել։ Կարևոր է համայնքի ղեկավարների հետ այնպիսի մի ծրագիր մշակել, որ տրանսպորտային միջոցներ տրամադրվեն թոշակառուներին», - ընդգծեց Շանթ Հովհաննիսյանը։

Փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ այս հուշագրով կփորձեն կարգավորել ոլորտում առկա բոլոր խնդիրները։ Մշակութային կյանքի զարգացման գործում սա լավ նախադրյալ է և օրինակ համայնքային ենթակայության կառույցների համար․ «Պարտադիր չէ, որ անպայման մի հուշագրով կարգավորվեն բոլոր խնդիրները։ Համայնքի ենթակայությամբ գործող կառույցները կարող են իրենց  տարեկան ցանկում ընդգրկել նաև այսպիսի այցելություններ։ Սա խթան է, որ նախարարության ենթակայության տակ չգտնվող կառույցները մտածեն նոր մոդելներ, որոնցով կապահովեն կենսաթոշակառուների անվճար մուտքը։ Պետական կառույցների ղեկավարները իրենց ներքին կարգավորումներով այսպես կկարողանան անվճար մուտք ապահովել թատրոններ և թանգարաններ, հավելյալ ծանրաբեռնվածություն բյուջեի վրա չի դրվում, թատրոնները իրենց հաշվին են իրականացնելու ծրագիրը», -  ասաց նա։ 

Նարե Խաչատրյան

 

10:00 23.02.2020

Ամենաշատ ընթերցվածները