ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մասնավորը մնում է պահանջված
12:00 23.02.2020

Մասնավորը մնում է պահանջված

Տարիներ առաջ, երբ հայտարարվեց 12-ամյա կրթության ներդրման մասին, ոլորտի բազում մասնագետներ միանգամայն դեմ արտահայտվեցին դրան՝ ոմանք նշելով հնարավոր ռիսկերը, ոմանք էլ առհասարակ չտեսնելով դրա անհրաժեշտությունը: Հաջորդ ուսումնական տարիները, կարծես թե, արդարացրին կրթության փորձագետների մտավախությունները: Կասկածի առիթ դարձավ նաև 2016-17 ուստարվանից գործող՝ 12-րդցիներին վերաբերող մի փոփոխություն, ըստ որի՝ ավարտական դասարանների աշակերտները երկրորդ կիսամյակում պետք է ուսումնասիրեն իրենց իսկ նախընտրած 3 առարկաները: «‎Այդ ամենի գլխավոր նպատակը կրկնուսույցին փոխարինելն էր, բայց այսօր անհատական պարապմունքների հաճախող աշակերտների թվի պակաս չի նկատվում, հետևաբար, տրված խոստումը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Առաջին պատճառը այն է, որ ոչ բոլոր ուսուցիչներն են կարող պատրաստել երեխաներին միասնական քննությունների: Երկրորդ՝ եթե անգամ պատրաստ են, շատ հաճախ անազնվորեն դա չեն անում դպրոցներում՝ դրդելով աշակերտներին այցելել կրկնուսույցի», - մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը‎:

12-րդցի Ֆլորա Օհանյանը սովորում է Կապանի թիվ 9 ավագ դպրոցում, ասում է, որ շրջապատում գրեթե բոլորը հաճախում են կրկնուսույցի մոտ, մասնավորապես ավարտական դասարաններում սովորողները: Աղջիկը ասում է. «Կարծում եմ, որ ավագ դպրոցը լավ հնարավորություն է տալիս պատրաստվել բուհական կրթությանը, սակայն առանց պարապմունքի բարձր ցուցանիշ գրանցելը անհնար է: Համոզված եմ, որ ավագ դպրոցը միայն այն աշակերտների համար է, ովքեր գիտեն, թե ինչ մասնագետ են ուզում դառնալ: Ցավոք, այսօր կան շատ աշակերտներ, ովքեր դպրոցում պարզապես ժամանակ են վատնում»: Իսկ ահա Մհեր Պետրոսյանը, ով սովորում է զուգահեռ դասարանում, հակառակ կարծիք ունի. «Ջանասեր աշակերտը կարող է դպրոցի և սեփական վերահսկողության շնորհիվ ինքնուրույն պատրաստվել ընդունելությանը»։

Փաստորեն, այն նպատակը, որին պետք է ծառայեր նախաձեռնությունը, չի արդարացրել սպասելիքները. աշակերտները շարունակում են հաճախել մասնավոր պարապմունքների՝ կասկածի տակ դնելով 12-ամյա կրթության արդյունավետությունը և արժեզրկելով ուսուցչի դերակատարությունը: Գուցե տարիներ հետո ուսուցիչներից շատերը նախընտրեն աշխատել միայն տանը ավելի հանգիստ ու անհամեմատ շահավետ պայմաններում:

Անի Գրիգորյան

12:00 23.02.2020

Ամենաշատ ընթերցվածները