ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Չսնվելը նույնպես բուժիչ հատկություն ունի
13:00 24.02.2020

Չսնվելը նույնպես բուժիչ հատկություն ունի

Բոլորիս մոտ ընդունված կանոն է, երբ որեւէ մեկը առողջական խնդիրներ է ունենում, առաջին խորհուրդը, որ հնչում է՝ լա՛վ սնվիր: Բայց վերջին տարիների մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ սրա հակառակ տարբերակը՝ հրաժարվիր սննդից /որոշ ժամանակ/, եւս կարող է արդյունավետ լինել: Այս երեւույթը մասնագիտորեն անվանում են սովապահություն/ սովաբուժություն, որը կարելի է ասել այլընտրանքային բժշկության մեթոդ է: Սովապահության բուժիչ հատկությունները հայտնի են դեռ շատ հին ժամանակներից:

2016 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ սովաբուժության օգտակարությունն ապացուցող բջջային կենսաբանության ճապոնացի մասնագետ Յոսինորի Օսումին:

Ներկա ժամանակներում բավականին շատ քանակի նյութեր են հավաքված, որոնք վկայում են սով պահելու երիտասարդացման էֆեկտի մասին, եւ ձեռք է բերված դրա կիրառման մեծ փորձ: Սովաբուժության դրական արդյունքները հաստատված են ամբողջ աշխարհի հազարավոր հիվանդների վրա: Սովապահությունը, ինչպես եւ բոլոր բժշկական մեթոդները, ունի իր կանոնները եւ պահանջում է բավարար չափով ինֆորմացիա եւ փորձառություն:

Տարբերում են այսպես ասած «խոնավ» եւ «չոր» սովաբուժություն: Լիակատար սով պահելու սկզբունքը, որը նաեւ կոչում են «խոնավ», այն է, որ հարկավոր է հրաժարվել սննդից՝ մեծ քանակի հեղուկ օգտագործելով: Այս ձեւի կիրառումը կարող է տեւել մեկից քառասուն օր ու գիշեր: Կան մարդիկ, որոնք դիմանում են քառասունից ավելի օր: Բացարձակ «չոր» սով պահելու սկզբունքի դեպքում մարդը հրաժարվում է եւ՛ սննդից, եւ՛ ջրից:

Սովաբուժությունն այդքան էլ անվտանգ միջոց չէ, եւ այն պետք է կիրառել միայն մասնագետ բժշկի հսկողության ներքո:
Ըստ մի շարք հետազոտությունների՝ սովաբուժության համար ֆիզիոլոգիապես առավել հարմար ժամանակահատված է ձմեռը եւ գարնան սկիզբը, սրա հիմքում ընկած է գենետիկ հիշողությունը: Դարեր շարունակ մեր նախնիների համար առավել սակավ կերակրի շրջան եղել են հենց ձմեռն ու գարունը, քան ամառն ու աշունը: Եվ այս մեխանիզմը պահպանվել է մեր գենետիկ հիշողության մեջ:

Դիետոլոգ Անուշ Կարապետյանի խոսքով՝ ամբողջ բուժական մեխանիզմը գտնվում է մեր օրգանիզմում ու տրված է մեզ բնությունից: «Եթե հետեւել եք հիվանդ կենդանիներին, նկատած կլինեք, որ նրանք հրաժարվում են ուտելիքից: Եվ մենք էլ հիվանդ ժամանակ ախորժակ չենք ունենում: Օրգանիզմը նույնպես համակարգ է, որի հավասարակշռությունը կարող է խախտվել: Մեր նպատակն է այն նորից բերել հավասարակշռության վիճակի: Ու դրա համար մեր օրգանիզմն ունի այդ վիճակին ձգտելու հատկություն: Պետք է ընդամենը արտաքին ներգործությունից զերծ պահել, ինչպես մնացած համակարգերի դեպքում: Սովի ժամանակ մեր օրգանիզմn իր պահեստային էներգիան ամբողջովին ուղղորդում է միայն կենսական կարեւոր օրգաններին՝ մասնավորապես սրտին եւ ուղեղին:

Սովապահության ընթացքում չեն դիմանում էքստրեմալ պայմաններին հիվանդ բջիջները, որոնք թույլ են: Դրանք քայքայվում եւ ոչնչանում են: Մնում են այն բջիջները, որոնք ունեն լավ կազմակերպվածություն, աշխատունակ եւ լավ կառուցվածք, որոնք դիմացան եւ պահպանեցին իրենց հատկանիշները: Այսպիսով, սով պահելը վերացնում է այն ամենը, ինչ անպետք է, թույլ է, տկար է եւ վնասակար օրգանիզմին: Դրանք բջիջներ-մակաբույծներ են: Դրանք չեն կատարում իրենց պարտավորությունները, աշխատանքն ու գործառույթները: Այդ իսկ պատճառով ավելի լավ է դրանցից ազատվել ժամանակին:

Սովաբուժությունը, ինչպես եւ բոլոր բժշկական մեթոդները, ունի իր կանոնները։ Սով պահելը ճիշտ գործածություն պահանջող համակարգ է: Այստեղ կարեւոր է կատարել օրգանիզմի սահուն եւ հստակ անցում առօրյա ռեժիմից սահմանափակ սնունդ ընդունելու եւ դրանից ճիշտ դուրս գալու ռեժիմ: Գործողությունների հերթականության խախտումը կարող է բերել օրգանիզմի աշխատանքի խախտման: Շատերը սովաբուժությունը վերջացնելուց հետո միանգամից ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ: Առաջանում է ուտելիքի նկատմամբ անհաղթահարելի ցանկություն, որը, բժշկական լեզվով ասած, բուլեմիա հիվանդությունն է եւ լուրջ բուժման կարիք կարող է առաջացնել: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է հետեւել սովապահությունից դուրս գալու պարզ կանոններին: Եթե սով պահելուց հետո սկսեք ընդունել ճիշտ եւ բնական սնունդ, ոչ թե սնվեք ինչով պատահի, ապա օրգանիզմը կվերականգնի իր բոլոր գործառույթները», - ասում է Անուշ Կարապետյանը:

Յուրաքանչյուր օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում մշտապես կատարվում են նորացման եւ վերականգնման գործընթացներ: Թռչունները փոխում են իրենց փետուրները, կաթնասուն կենդանիները՝ մորթյա ծածկը: Այդ գործընթացները անվանվում են ֆիզիոլոգիական վերականգնում/ռեգեներացում/:

Օրինակ, մարդու մոտ մշտապես նորացվում են մաշկի արտաքին շերտը, մազերն ու եղունգները: Վերականգնման ունակություն ունի նաեւ ոսկրային հյուսվածքը: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ 3 օր սով պահելուց հետո լիովին ռեգեներացվում է նաեւ մարդու իմունիտետը:

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ, հատկապես եթե այն կապված է ձեր առողջության հետ, խորհրդակցեք մասնագետի հետ, տեղեկացեք ցուցումների եւ հակացուցումների մասին, ինչպես նաեւ հետեւեք ճիշտ կանոնակարգին:

Սոնա Օհանջանյան

13:00 24.02.2020

Ամենաշատ ընթերցվածները