ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2025 թվականից Հայաստանում տարեկան կտնկվի 30 մլն ծառ, իսկ ծառ տնկելը գուցե դառնա պարտադիր
16:00 26.02.2020

2025 թվականից Հայաստանում տարեկան կտնկվի 30 մլն ծառ, իսկ ծառ տնկելը գուցե դառնա պարտադիր

«Կլիմայի փոփոխություններն առաջին հերթին ազդում են երեխաների և երիտասարդների վրա։ Երբ այսօր ծնված երեխան դառնա 71 տարեկան, ապա կապրի երկրագնդի վրա, որի միջին ջերմաստիճանը բարձր է լինելու 4 աստիճանով»,- այսօր «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի ընթացքում ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրայտենը։

Նրա խոսքով, կլիմայական փոփոխությունը մարտահրավեր է, որին պետք է պատասխանի  յուրաքանչյուր երիտասարդ։

«Մենք վստահ ենք, որ կլիմայական փոփոխությունների ռիսկերին հակադարձել և դրա տեմպերը դանդաղեցնել հնարավոր է, եթե երիտասարդները միավորվեն։ Հայաստանի 52 խոշորացված համայնքներում մենք իրականացնելու ենք ծրագիր, որին ներգրավվելու են 12-18 տարեկան 28 հազար երիտասարդներ, վերապատրաստելու ենք 2470 ուսուցիչների և վարչական աշխատակիցների»,- ասաց Ինդրայտենը։

Ըստ նրա, կլիմայական փոփոխությունները անհանգստացնում են բոլորին, ուստի  նախատեսվում է, 21-րդ դարի տրամադրած հնարավորություններն ու հմտություններն օգտագործելով, դպրոցներում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ բարելավված կրթական ծրագրեր իրականացնել՝ այն համադրելով համայնքների զարգացման հետ. «Այս ծրագրով մենք պլանավորում ենք ամրապնդել երիտասարդ-համայնք հարաբերությունները»։

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ ծրագիրը ոչ միայն տարիքով, այլ նաև հոգով երիտասարդների համար է։

«2022 թվականին ավելի քան 28 հազար աղջիկներ և տղաներ զինված կլինեն համապատասխան հմտություններով։ Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում ընդգրկվելու են նաև 644 հազար բնակիչներ»,- ասաց նա։

Շարփը ընդգծեց՝ կլիմայական փոփոխությունները պետք է մեղմվեն բոլորի ջանքերով և բոլորի կողմից։

Նշվեց, որ Հայկական լեռնաշխարհի կլիման խիստ տատանվում է բազմաբնույթ տեղանքների, ցամաքային դիրքի և լեռնային լանդշաֆտի պատճառով, որը հանգեցնում է միկրոկլիմայի և էկոհամակարգային բազմազանության։

Ներկայիս կլիմայական պայմանները աշխարհում հանգեցնում են երաշտի, ջերմային ալիքների, ջրհեղեղների, սողանքների, կարկտահարության, ցրտահարության, քարաթափման, սելավների և ձնահյուսերի։ Սա բացասական ազդեցություն է ունենում գյուղական համայնքների կենսապահովման և սննդի անվտանգության վրա։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ աշխարհը կանգնած է կլիմայի ճգնաժամի առաջ, և Հայաստանը ևս մարտահրավեր ունի, քանի որ տարածաշրջանում այն չորրորդ ամենախոցելի երկիրն է՝ կլիմայի փոփոխության տեսանկյունից։

«Մենք ակնարկում ենք, որ Հայաստանում արդեն արձանագրվել է ջերմաստիճանի 1.3 աստիճան բարձրացում, և տեղումների 9 տոկոս նվազում։ Մենք այսօր արդեն իսկ ապրում ենք կլիմայական փոփոխված պայմաններում։  Եվ պետք է բոլոր ենթակառուցվածքները պատրաստ լինեն այս փոփոխություններին դիմագրավելուն»,- ասաց Ղափլանյանը։

Որպես բնապահպանական կարևորագույն խնդիր՝ նա առանձնացրեց Սևանա լճի խնդիրը։ Փոխնախարարը հիշեցրեց, որ լիճն արդեն երկու տարի անընդմեջ ծաղկում է, ինչի վրա նաև ազդեցություն ունի վերջին տարիներին Գեղարքունիքի մարզում գրանցվող ջերմաստիճանի բարձր ֆոնը։

«Հայաստանը չունի հանածո վառելիք, և արտանետումների մեծ տոկոսը տրանսպորտային վառելիքից է։ Մենք նախաձեռնել ենք օրենսդրական նախագիծ, որով էլեկտրական մոբիլները ազատվել են ԱՀԿ-ից։ Դրանով մենք փորձում ենք երիտասարդներին մղել՝ կիրառելու էկեկտրատրանսպորտ։ Բացի այդ, մենք մշակել ենք ծրագիր, ըստ որի՝ այս տարի Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ։

Մենք խնդիր ենք դրել մեր առջև մինչև 2050 թվական 260 հազար հեկտարով մեծացնել անտառային տարածքները։ Իսկ 2025 թվականից սկսած տարեկան պետք է տնկենք 30 մլն ծառ։ Նշեմ, որ ակնկալում ենք բոլոր դպրոցների մասնակցությունը հոկտեմբերին կայանալիք մեծածավալ ազգային ծառատունկին։ Մենք նաև կարող ենք առաջ բերել օրենսդրական նախագիծ, ըստ որի՝ աշակերտները դպրոցն ավարտելու համար պետք է պարտադիր ծառ տնկեն»,- եզրափակեց խոսքը Ղափլանյանը։

Աղբյուր` Panorama.am

16:00 26.02.2020

Ամենաշատ ընթերցվածները