ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խուճապի չմատնվել, բայց զգոն լինել
17:00 26.02.2020

Խուճապի չմատնվել, բայց զգոն լինել

Չնայած արդեն երկու ամսից ավելի է՝ աշխարհում տիրում են կորոնավիրուսով վարակվելու խուճապային տրամադրություններ, բայց Հայաստանում լարվածությունը հատկապես մեծացավ հարեւան Իրանում վարակի տարածումից հետո։ Անմիջապես «պահանջատեր» քաղաքացիները սկսեցին հայտարարություններ անել, ոմանք նույնիսկ հրաժարականներ ներկայացնելու կոչերով հանդես եկան, եթե սահմանը չփակվի, եւ վիրուսը տարածվի նաեւ մեր երկրում։ Մինչդեռ բժիշկները խուճապի չմատնվելու եւ սուր շնչառական վարակները կանխարգելելու կոչերով են հանդես գալիս գրեթե ամեն օր։ Նույնիսկ մի պահ կորոնավիրուսը շեղեց մեզ ապրիլի 5- ին կայանալիք հանրաքվեի թեմայից։ ՀՀ առողջապահության նախարարության հավաստմամբ՝ մեր բուժհաստատությունները պատրաստ են վարակի դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելուն։

Փակ, բայց բաց սահման

Փետրվարի 24-ին կառավարությունը որոշում կայացրեց երկշաբաթյա ժամկետով փակել ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ բայց բացառություններով. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, եւ բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի: Որեւէ սահմանափակում չի կիրառվի քաղաքացիների վերադարձի վրա. խոսքը վերաբերում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին եւ Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք:

Փաստացի, ինչպես շատերը որոշումից անմիջապես հետո իրավացիորեն արձագանքեցին, սահմանը չի փակվել։ Չվերթները չեն դադարեցվել, վարորդները հանգիստ գնում-գալիս են, առեւտրականների մասին էլ խոսք չկա։ Համենայն դեպս փետրվարի 24-ի դրությամբ սահմանը ոչ մեկի համար փակ չի եղել։ Ինչ վերաբերում է հայրենիք վերադարձողներին, ապա այստեղ էլ խնդիր կա. նրանք կարող են արդեն իսկ վարակակիր լինել եւ գաղտնի շրջանում գտնվելով՝ վարակը բերել մեր սիրելի հայրենիք։

Մյուս կողմից էլ չմոռանանք, որ հայ-իրանական սահմանը վերահսկում են ռուս սահմանապահները, եւ այն փակելու որոշում կայացնողը միայն Հայաստանը չէ։ Բացի դրանից՝ Հայաստան-Իրան սահմանը փակելով՝ մեր երկիրը փաստորեն կարող է կանգնել տնտեսական լուրջ խնդիրների առաջ, քանի որ այս դեպքում կունենանք ընդամենը մեկ բաց սահման։

Առեւտրականները կորոնավիրուսից չեն վախենում

Վերջին մեկ-երկու տարում Հայաստանի, նույնիսկ Արցախի տարբեր շրջաններից բազում առեւտրականներ օգտվում են պարսկական շուկայից, որովհետեւ այն էժան է։ Այս օրերին, երբ Իրանում տարածվեց կորոնավիրուսը, նրանք շարունակում էին այնտեղ գնալ-գալ, եւ չի բացառվում, որ գաղտնի շրջանն անցնելուց հետո Հայաստանում նույնպես դեպքեր արձանագրվեն։

Դե սահմանը մասամբ փակելու որոշում չկար, խանութում էլ ապրանքը վերջանում է։ Մի կորոնավիրուսը հո չի կարող «ճգնաժամի» առաջ կանգնեցնել առեւտրականին։ Էժան ապրանքը պետք է բերեն գինը հնգապատիկ, երբեմն նույնիսկ տասնապատիկ ավելացնելով՝ վաճառեն, իսկ կորոնավիրուսով վարակվածները թող մեռնեն, իրենց ի՞նչ։ Հետաքրքիրն այն է, որ այս մարդիկ նույնիսկ չեն մտածում իրենց մասին, որ հնարավոր վարակակիր կարող են հենց իրենք դառնալ։

Մյուս կողմից էլ լավ է, որ մեդիա դաշտում տարածված խուճապային տրամադրություններին տեղիք չեն տալիս։ Ի վերջո չմոռանանք, որ շատ փորձագետների կարծիքով այս վիրուսի «նպատակը» որոշ երկրների տնտեսական, քաղաքական վնասներ հասցնելն է։ Լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ որոշ քաղաքներում էլ կան կորոնավիրուսով վարակման դեպքեր, բայց առայժմ շրջանառվում են միայն որոշ երկրների անուններ։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Վարակվածության քարտեզը ընդլայնվում է

Փետրվարի վերջին օրերի տվյալներով աշխարհի 30-ից ավելի երկրում կորոնավիրուսն արդեն տարածում էր գտել, իսկ առաջին եռյակում Չինաստանը, Հարավային Կորեան եւ Իտալիան են։

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի

դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: ԱՀԿ տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը՝ մահվան ելքով: Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Հայաստանում փետրվարի 25-ի ժամը 13:00-ի դրությամբ նշված վարակի հաստատված դեպք չկա: Ինչու ենք ժամը նշում, որովհետեւ թվերը ժամ առ ժամ փոփոխության են ենթարկվում։

Փորձարարական պատվաստանյութն ապրիլին մարդկանց վրա կթեստավորեն

Ինչպես տեղեկանում ենք medicine.news.am կայքից, կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը, որը գիտնականները մշակում են ԱՄՆ-ում, պատրաստ է մարդկանց վրա թեստավորմանը: mRNA-1273 պատվաստանյութը ստեղծել է Moderna դեղագործական ընկերությունը՝ ԱՄՆ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) հետ համատեղ: Արտադրողը պնդում է, որ իրեն հաջողվել է դեղամիջոցը ստեղծել ռեկորդային կարճ ժամանակում: Դրանից բացի՝ NIAID-ի ղեկավարի խոսքով՝ պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա փորձարկումներին:

2020թ. ապրիլին ընկերությունը կընտրի 20-25 առողջ կամավորների, որ նրանց օգնությամբ որոշի դեղամիջոցի անվտանգ դեղաչափը, ինչպես նաեւ արդյունավետությունը: WSJ-ի տեղեկություններով՝ թեստերի արդյունքները հասանելի կլինեն 2020թ. հուլիսին կամ օգոստոսին:

Չինական պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն ապրիլի վերջից ոչ վաղ։

Թիրախում մեծահասակներն են

Ըստ գիտնականների հետազոտությունների՝ վարակման ռիսկը ամենից բարձր է տարեցների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:

Մահացության մակարդակն աճում է՝ կախված տարիքից. 60-69 տարեկանների շրջանում այն կազմում է 3,6%, 70-79 տարեկանների շրջանում՝ 8%, իսկ 80-ից բարձր տարիքի մարդկանց մոտ մահ է գրանցվում 14,8% դեպքերում: Մահվան ռիսկը մեծանում է, եթե հիվանդի մոտ կան սրտանոթային հիվանդություններ եւ շաքարային դիաբետ:

Նոր կորոնավիրուսը ծանր սուր շնչառական համախտանիշի (SARS) հարուցիչի ազգակիցն է: Վիրուսի ախտանիշներն են՝ հազը, դժվար շնչելը եւ տենդը, մի խոսքով դրանք նման են այլ վիրուսային հիվանդությունների ախտանիշներին։ Տարբերությունն այն է, որ կարճ ժամանակում ձեւավորվում է թոքային ինֆիլտրատ։

Ինչպես տարբեր հետազոտություններ են վկայում, աշխարհում տարեկան գրիպից մահանում է մինչեւ 500 հազար մարդ։ Իսկ մասնագետները կրկին հորդորում են խուճապի չմատնվել եւ հետեւել խորհուրդներին.

✅  պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,

✅  խուսափե՛ք գրիպանման երեւույթներով մարդկանց հետ շփումից,

✅  եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երեւույթներ ունեցող երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց եւ մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը եւ բուժումը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին եւ մի ́ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի եւ սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից,

հագնվե՛ք եղանակին համահունչ, պահպանե ́ք հազալու եւ փռշտալու վարվելակարգը,

✅  օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,

✅  հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,

✅  հետեւե՛ք անձնական հիգիենային։

Իսկ մենք էլ մեր հերթին ավելացնում ենք՝ մամուլում եւ տարբեր սոցիալական ցանցերում դիտումներ եւ լայքեր ավելացնելու համար խուճապային տրամադրություն ստեղծող լուրեր մի՛ հրապարակեք։

Արմինե Հարությունյան

17:00 26.02.2020