ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեծ պահք. Ում խորհուրդ չի տրվում հետևել այս սննդակարգին
18:00 26.02.2020

Մեծ պահք. Ում խորհուրդ չի տրվում հետևել այս սննդակարգին

«59 օր՝ Բուն բարեկենդանից մինչև ապրիլի 11-ը պահոց շրջան է։ Իսկ Ծաղկազարդից՝ ապրիլի 5-ից սկսվում է ավագ շաբաթը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը։

Մեծ պահքի ծիսակարգը եկեղեցում մեկնարկել է դեռ նախորդ շաբաթ երեկո՝ վարագույրերի փակմամբ։

«Երկուշաբթի և երեքշաբթի օրերին պարզ պահոց ընթացք է եղել, դեռևս չկային մեծ աղոթքները, իսկ այսօրվանից սկսվում են ամենածանր աղոթքները»,- նշեց Տեր Շահե քահանան։

Պահքը Աստծո պատվերն է, որ բոլոր կրոնների դեպքում պարտադիր է, այն մարդաստեղծ ծիսակարգ չէ, այլ կարծես դրախտի հիշողությունների արտացոլումն է, որտեղ Եվային ասվում էր՝ մի կեր խնձորը։

Տեր Շահե քահանան ասաց, որ մարդ Աստծո առաջ չի կանգնում ուտելու կամ խմելու համար, այսինքն՝ ավելի կարևոր է մարդու առաքինի, արդար, հաշտ, խաղաղ և ողորմած լինելը։ Նա նշեց, որ մարդ աստվածահաճո է դառնում, երբ բացի սննդից հետևում է Աստծո պատվիրաններին։

Սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանն էլ տեղեկացրեց, որ պահքի սննդակարգը առողջ է համարվում բացարձակապես առողջ մարդկանց համար.

«Սակայն կան որոշակի առողջական խնդիրներ, որոնք այս սննդակարգի ընթացքում կարող են սրվել։ Եվ ուզում եմ հատուկ շեշտել, որ աղեստամոքսային տրակտ և սակավարյունություն ունեցող մարդկանց արգելվում է պահել այս երկարաժամկետ պահքը։ Սակավարյունության խնդիր ունեն գրեթե բոլոր կանայք, իսկ տղամարդկանց դեպքում շատ ավելի վտանգավոր է այդ խնդիրը։ Ուստի պետք է հատուկ ուշադրություն դարձնել առողջական նշված խնդրին»։

Աբովյանը նշեց՝ կան եկեղեցիներ,  որտեղ հոգևոր առաջնորդները որոշ մարդկանց արգելում են պահել պաս, օրինակ, ռուս ուղղափառ եկեղեցին ունի բժիշկներ, ովքեր շատ հավատացյալ մարդկանց խորհուրդ չեն տալիս հետևել այս սննդակարգին։

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաներին, քանի որ նրանց համար 59 օր կենդանական մթերքից հրաժարումը վտանգավոր է։ Նաև հղիներին չի կարելի հետևել պահքին։ 
Եթե նրանց թույլ տրվի մի փոքր կաթնամթերք օգտագործել, ապա կարող են պահել, բայց միայն բուսակերությունը բերում է սահավարյունության, ուստի լավ կլինի, որ հղին զերծ մնա»,- ասաց բժշկուհին։

Պահքի միջոցով առողջանալ ցանկացող մարդկանց  մոտ կարող է քաշի ավելացում լինել, քանի որ կենդանական սնունդ չստանալով, նրանք միայն ածխաջրեր ենք ընդունում, ինչը սննդի գիրացնող հատվածն է։

«Բուսական սնունդը ջերմամշակում անցնելուց հետո շատացնում է գիրացնելու հատկությունը։ Այս սննդակարգով կարելի է իսկապես շաքարային դիաբետի ցուցանիշները լավացնել, բայց շատ նուրբ մասնագիտական գիտելիքներ են հարկավոր։ Ես խորհուրդ կտամ բուսական սնունդ ընդունել ոչ թե տապակած, այլ թարմ վիճակում»,- ասաց սննդաբանը։

Հասմիկ Աբովյանը պահքին հետևողների խորհուրդ տվեց օգտագործել լոբազգիներ, ընդեղեն, հացահատիկ, կանաչեղեն և մրգեր։

Տեր Շահե քահանան էլ նշեց, որ եթե մարդու առողջական վիճակը թույլ չի տալիս պահքի ողջ ընթացքին հետևել, ապա կարելի է միայն ավագ շաբաթվա՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթվա ընթացքում հետևել պահքին։

Հարցին, թե արդյոք կարելի է մեծ պահքի ընթացքում պսակադրություն անել, քահանան պատասխանեց, որ 1960-ականներին Վազգեն առաջինը թույլ տվեց եկեղեցիներում պսակադրություն իրականացնել՝ բացառությամբ ավագ շաբաթվա։

«Մինչ այդ արգելվում էր եկեղեցում պսակադրություն անցկացնել մեծ պահքի շրջանում, բայց քանի որ այդ դեպքում մարդ-եկեղեցի կապը խզվում էր, և մարդիկ առանց եկեղեցու ամուսնանում էին, որոշվեց միայն ավագ շաբաթվա ընթացքում արգելել եկեղեցում պսակադրություն իրականացնել»,- նշեց քահանան։

Աղբյուր` Panorama.am

18:00 26.02.2020