ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ջայ Ջագաթը» Հայաստանում
17:00 27.02.2020

«Ջայ Ջագաթը» Հայաստանում

Փետրվարի 15-ից ապրիլի 2-ը Հայաստանի տարածքով անցնելու է «Ջայ Ջագաթ - 2020» քայլարշավը։ Հայ-իրանական հարավային սահմանից մասնակիցները քայլել և հասնելու են հայ-վրացական սահման։ Վերջերս  ջայջաքաթցիները անցան նաև Կապանով և Գորիսով՝ ճանապարհին հյուրընկալվելով գյուղերում և քաղաքներում։ 

Մահաթմա Գանդիի 150-ամյակի առիթով այդ հանրահայտ խաղաղասերի 50 գաղափարակիրներ որոշեցին  նրա ուղերձները տարածել աշխարհով մեկ։ 50 հոգուց 16-ն է ժամանել Հայաստան։ Մեծ մասը հնդիկ է։«Այս տարի Հնդկաստանում և ամբողջ աշխարհում նշում են Մահաթմա Գանդիի  ծննդյան 150-ամյակը, որը 2019թ․ հոկտեմբերի 2-ին է լրացել, հենց այդ օրվանից էլ ջայջագաթցիները սկսեցին խորհրդանշական քայլարշավը։ Ջայ ջագաթ՝ նշանակում է՝ աշխարհին խաղաղություն։ Շարժման նպատակը Մահաթմա Գանդիի գաղափարների տարածումն է։  Դրանք հիմնականում մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանության, աղքատության վերացման, խաղաղության համար պայքարին են վերաբերում, խորագիրը խաղաղություն և արդարությունն է», - ասաց «Ջայ Ջագաթ» քայլարշավի հայաստանյան համակարգող խմբի անդամ Աղաբեկ Սիմոնյանը։

Ընդգրկելով  աշխարհի 10 պետություն և անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ՝  «Ջայ ջագաթ» քայլարշավը մտադիր է հասնել Ժնև։ «Անցնելու ենք շուրջ 40 բնակավայր մինչև Հայաստանի հյուսիսային սահմանը․ քայլարշավը շարունակվելու է Վրաստանով, այնուհետև  Սև ծովով կգնան Բուղարիա, Իտալիա, Սերբիա, վերջում՝ Շվեյցարիա, որտեղ կմասնակցեն տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին։ Ցավոք սրտի, ոչ բոլորը գիտեն, թե ով է Մահաթմա Գանդին։  Հետաքրքրիր մի բան կա, երբ ասում ենք Գանդի, շատերը Ինդիրա Գանդիին են հիշում, քանի որ բարիդրացիական հարաբերություններ էր պահպանում ԽՍՀՄ ղեկավարների հետ, իսկ վարչապետ լինելու ժամանակ այցելել է նաև Հայաստան։ Մարդկանց ընդունելությունից դժգոհել չենք կարող, չնայած նշեմ, որ գյուղերում բնակվողները ավելի հյուրասեր են», - ասում է Աղաբեկ Սիմոնյանը։

Ջիլ Հարիսը, որը քայլարշավի միջազգային համակարգողն է, Կանադայից է, բայց ապրում  է Հնդկաստանում։ Նրա խոսքով՝ 4 ամիս Հնդկաստանում քայլելիս ֆինանսական միջոցներով աջակցել են գաղափարին հետևող առանձին անհատներ․«Հիանալի միտք է քայլելով տեղեկացնել Գանդիի գաղափարների մասին, մենք հանդիպել ենք 100 հազարավոր մարդկանց, հեշտ է նրանց հետ շփվելը, քայլելու ընթացքում հասկանալ նրանց խնդիրները և մեզ հետ տանել Ժնև։ Ուշագրավ  է, որ Հայաստանում, երբ հնչում են խաղաղության, ոչ բռնի փոփոխությունների վերաբերյալ կարգախոսներ, մարդիկ ավելի են հետաքրքրություն ցուցաբերում։ Մեր միջոցները սուղ են, դրա համար էլ հյուրընկալվում ենք դպրոցներում, հանդիպումներ ունենում համայնքապետարաններում, քաղաքացիներին էլ տեղեկատվական բուկլետներ բաժանում», - նշեց նա։

Ջայջագաթցիները վստահ են՝ Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունը կտարածվի ամբողջ աշխարհում։ Քայլարշավի մասնակիցները Սյունիքում կլինեն մինչև փետրվարի 29-ը։  

Նարե Խաչատրյան

17:00 27.02.2020