ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սումգայիթյան ջարդերը վերապրածները
19:00 27.02.2020

Սումգայիթյան ջարդերը վերապրածները

1988 թվականի փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղական ազգայնամոլները իրականացրել են հայերի մասսայական ջարդեր: Երեք օր շարունակված անօրենությունների ժամանակ սպանվել, խոշտանգվել, ունեցվածքից զրկվել են հազարավոր մարդիկ:

Ամեն տարի Հայաստանում հարգանքի տուրք է մատուցվում բռնության զոհերի հիշատակին և, իհարկե, աշխարհից պահանջում ենք համապատասխան գնահատական տալ դեպքերին:

Որ այս ջարդերը վաղուց պլանավորված ու ծրագրված են եղել, հասկանալի է, կան նաև տեղացիների բազմաթիվ հիշողություններ՝ այն տարիներին բնակավայրում պտտվող խոսակցությունների մասին, և, ինչպես հասարակագետներն ու պատմաբաններն են ասում, գործ ունենք ցեղասպանության շարունակական օրինակի հետ, «ազգերի բարեկամության քաղաքում» մարդիկ սպանվում էին հայ լինելու համար: 

Դեպքերից հետո բազմաթիվ  հայեր ապաստան են գտել նաև Քաջարանում, նրանցից է Նոնա  Հայրապետյանը, ով արդեն 3 տասնամյակ է՝ հաստատվել է այստեղ, աշխատում է «ԶՊՄԿ» ՓԲԸ ֆինանսական դեպարտամենտի աշխատավարձի հաշվառման բյուրոյում՝ որպես հաշվապահ․«Սումգայիթում բարեկեցիկ կյանքով էինք ապրում, աշխատում էի պետական բանկում որպես հաշվապահ, հասցրել էի  վաստակել մարդկանց, նաև գործընկերներիս հարգանքը: Սումգայիթը մեծ էր, գեղեցիկ, Կասպից ծովի ափին՝ Բաքու քաղաքից 30 կմ հյուսիս, բայց քիմիական արդյունաբերության, նավթահանքերի պատճառով էկոլոգիական լուրջ խնդիրներ ուներ, ինչը հաշվի առնելով՝ հիմնականում կանաչապատված էր: Դեռևս 1935 թվականին խորհրդային իշխանությունները որոշում կայացրին տարածքում զարգացնել  քիմիական արդյունաբերությունը, բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ ավելի ուշ՝ 1949 թվականին: Աշխատանքն այստեղ բերեց շատերին, այդ թվում՝ հայերին, ինչի շնորհիվ բնակչության թիվն աճեց»:

Իսկ աշխարհին Սումգայիթը հայտնի դարձավ հենց 1988 թվականի փետրվարի 27-ից հետո, երբ այստեղ տեղի ունեցան հայերի մասսայական ջարդեր: 

Կյանքը Սումգայիթում 

«Թաղամասը, որտեղ ապրում էինք, հեռու էր կենտրոնից. մեր տունը հայրս իր ձեռքերով էր կառուցել, նա ճանաչված վարպետ էր, արմատներով՝ Լենինականից, ու միշտ երազում էր մի առանձնատուն էլ այնտեղ կառուցել: Ցավոք, չհասցրեց… Հայրենասեր էր, նրանից միշտ լսել ենք՝ շփվեք, ընկերներ ունեցեք, բայց միշտ պահպանե՛ք մեր ազգայինը: Ի կատարումն այդ հորդորների, հաճախ էինք հայկական եկեղեցի և թատրոն գնում: Այսպես էլ ապրում էինք առօրյա կյանքով՝ չպատկերացնելով, թե ինչ վտանգ է սպառնում մեզ:

1988 թվականն էր, մայրիկիս ավտոբուսով ճանապարհեցի Բաքու՝ հարազատների մոտ, և զարմանքով նկատեցի, որ 2-3 ավտոբուս ամբողջությամբ հայեր են… 

Եղանակը հրաշալի էր, զբոսնելով տուն վերադարձա: Անմիջապես եկավ հարևանուհիս և մտահոգ ասաց. «Ձգտեք տնից հնարավորինս քիչ դուրս գալ, քաղաքն անհանգիստ է, հայերն ու ադրբեջանցիները բախվել են»: Աստիճանաբար պատկերը պարզվում էր… արդեն հասկանալի դառնում՝ ինչու էին հայաշատ Սումգայիթից մեկնող ավտոբուսները, շուտով էլ հայտնի դարձավ, որ քաղաքի որոշ հատվածներում, հատկապես կենտրոնում, ադրբեջանցի ազգայնամոլները հայերի նկատմամբ վայրագությունների են դիմում:

Ավագ եղբայրս բնակվում էր Սումգայիթի կենտրոնում, նա ամենի ականատեսներից էր, նույն քաղաքում ապրելով՝ միմյանց հանդիպել չէինք կարողանում, փակ էին փողոցները, ու դադարեցված՝ ողջ երթևեկությունը:

Իսկ Բաքուն առերևույթ դեռ հանգիստ էր…

Հարաբերական հանգիստ էր նաև մեր թաղամասում, իսկ քաղաքում արդեն սպանում էին, ծեծում, այրում ունեցվածքն ու թալանում հայերին: Մենք տանն էինք, աշխատանքի չէինք գնում, փողոց դուրս էինք գալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հասունանում էր արտագաղթի գաղափարը, պատժվում էր անգամ տեղացին, ով փորձում էր օգնել հայերին:

Բանկում կապերիս շնորհիվ կարողացանք արագ կազմակերպել տան վաճառքն ու որոշ իրերի տեղափոխումը: Փախստականներով լիքը գնացքի վագոնները քարկոծում էին ճանապարհին, ջարդում պատուհանները: Ամեն ինչ ծրագրված էր նախապես…

Սկզբում կենտրոնացել էինք Լենինականում հաստատվելու ուղղությամբ, անգամ փորձում էինք կացարանների հարցը լուծել, սակայն այստեղ էլ վրա հասավ ավերիչ երկրաշարժը… Հայաստանում մեր հաջորդ հանգրվանը Քաջարանն էր, զարմուհիներս այստեղ էին…»։

Հարկավոր էր նոր կյանք սկսել

«Քաղաքն ու նրա մարդիկ շատ հյուրընկալ էին: Շուտով բնակարաններ ունեցանք,  վերանորոգեցինք դրանք, ամեն դեպքում՝ հարկավոր էր նոր կյանք սկսել: 

Մեծ   ու փոքր քաղաքների մեջ բնականաբար շատ մեծ է տարբերությունը, սակայն այստեղ ունեցանք ամենակարևորը՝ ապահովություն, մեզ արդեն ոչինչ ու ոչ ոք չէր սպառնում, հանգիստ էինք դպրոց հաճախող, բակում խաղացող, ընկերների հետ շփվող մեր երեխաների համար:

1990-ականների մութ ու ցուրտ տարիներին հարևաններով հավաքվում էինք, կիսում  մի կտոր հացն ու ունեցածը: Սոցիալական ստեղծված իրավիճակը մտերմացրել էր մարդկանց, պարզություն ու ջերմություն կար հարաբերությունների մեջ:

Շուտով լուծվեց նաև աշխատանքի խնդիրը, կոմբինատի՝ այն տարիների տնօրեն Ֆրունզե Պետրոսյանը խոստացել էր բոլորին անխտիր գործով ապահովել…

Ընդունվեցի կոմբինատ, սկզբում մարզահամալիրում էի աշխատում, ապա՝  հաշվապահություն տեղափոխվեցի: Ձեռնարկության գլխավոր հաշվապահը Գառնիկ Ներսիսյանն էր, մարդ, ում մասին շարունակ կարող ես խոսել՝ որպես օրինակելի  աշխատակից, լավ ղեկավար, մեծատառով անձնավորություն: Նրա ջերմ վերաբերմունքի շնորհիվ էր նաև, որ կայացա նոր աշխատավայրում:

Հետագայում աշխատել եմ ոլորտի գիտակ մասնագետների հետ, յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ իմ մասնագիտական աճի մեջ. Մեժլում Հակոբյան, Արիստակես Ներսիսյան, Կարեն Կարապետյան, այժմ՝ Վարդան Մարության», - ասում է տիկին Նոնան։ 

«Անձնապես նրան չճանաչելով, կյանքի պատմությանը ծանոթ չլինելով՝ դժվար կլինի հավատալ՝ ինչպիսի փորձությունների միջով է անցել։ Նոնա Հայրապետյանն այն մարդկանցից է, ովքեր շատ դժվարություններ են հաղթահարել, կոփվել, այդ ամենը նրան միայն դրական նոր որակներ է հաղորդել, երբեք անձնական խնդիրները աշխատանքային միջավայր չի տեղափոխել, ունի  ուժեղ բնավորություն, զգացմունքային պոռթկումներ չես նկատի… Նախաձեռնող է, միշտ բաց՝ նորությունների համար, պատասխանատու, պատրաստակամ: Նաև՝ թիմի հաճելի անդամ, ում դեմքից ժպիտն անպակաս է, ինչի կարիքն այսօր կարծես շատ կա…», - գործընկերոջը նկարագրում է «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Վարդան Մարությանը։

Լիլիթ Իսրայելյան

19:00 27.02.2020

Ամենաշատ ընթերցվածները