ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
16:00 28.02.2020

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Փետրվարի 15-ին «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում հայտնի դարձավ, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում: 12 ելույթից ժյուրին և հանդիսատեսը առավելագույն միավորը շնորհեցին հունահայ 26-ամյա երգչուհի Աթենա Մանուկյանին, ով մայիսին կներկայացնի մեր երկիրը Նիդերլանդներում:

Նախագծին մասնակցեց նաև կապանցի Գաբրիել Ջիգը, ում ելույթը միջազգային ժյուրին բավականին բարձր գնահատեց՝ մասնակցին տալով երրորդ հորիզոնականը: 

Մեր մասնակցի մասին 

Երգելիս Գաբրիելը իրեն հիշում է դեռ 5 տարեկանից, սակայն երաժշտական դպրոց սկսել է հաճախել 9 տարեկանում: Սովորելու ընթացքում հմտացել է 3 երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, շեփոր և թմբուկ գործածելիս, բայց սիրողական մակարդակով:

Երգիչը ասում է, որ ասպարեզում կուռքեր չունի, դժվարանում է առանձնացնել որևէ կատարողի, այնուամենայնիվ հարգանքով է վերաբերվում երաժշտական բոլոր ուղղվածություններին: Նույնիսկ սիրած երգի հարցում է երկմտում. «Նրանք այնքան շատ են, բոլորն էլ ինչ-որ տրամադրություն են փոխանցում, երևի Բեյոնսեի «Ես այստեղ էի» երգը կնշեմ, ամեն անգամ հաճույք եմ ստանում լսելիս»: Երիտասարդի խոսքով՝ դեռ մի քանի ամիս առաջ նույնիսկ պատկերացնել չէր կարող, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցը կդառնա, դեպքերը շատ արագ զարգացան: Կարևորագույն հանգամանքը այն էր, որ մասնակիցը ունենա անգլալեզու երգ, մեր պատվիրակի պարագայում դա եղել է «Քո հերթն է» (It is your turn) երգը, որի խոսքերի հեղինակը Տիգրան Աթայանն է, իսկ երաժշտությունը՝ Տիգրանինն ու Գաբրիելինը: Նախագծում հավուր պատշաճի ներկայանալու հարցում երգչին աջակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Մեր մենակատարի ելույթին սրտատրոփ հետևում էին համաքաղաքացիները և ընկերները, նրանց թվում նաև նախորդ տարիների մասնակից Գևորգ Հարությունյանը: «Գաբրիելի ելույթը շատ արժանի էր, դա ասում եմ անկախ հանդիսատեսի տեսանկյունից, իսկ որպես մասնագետ ինձ համար տեսանելի էր այն, որ նա բավականին պատրաստված ելույթ ունեցավ», - իր խոսքում նշեց Գևորգը: 

«Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես նույնպես երբեմն ցանկացել եմ հրաժարվել մասնագիտությունից, որոշ ժամանակ չէի երգում, սակայն ստեղծագործել երբեք չեմ դադարել», - խոստովանում է երգիչը։

Այս փորձը Գաբրիելը ոչ մի դեպքում ձախողում չի համարում, նրա գլխավոր ձեռքբերումը նոր փորձի կուտակումը դարձավ, որը պատրաստվում է առաջիկայում կատարելագործել և հայտ ներկայացնել «Նոր ալիք» երգի մրցույթին մասնակցելու համար: 

Հաղթողներին չեն դատում

Ըստ կոմպոզիտոր և պրոդյուսեր Գիսանե Պալյանի՝ ակնհայտ էր, որ բոլոր մասնակիցները հնարավորինս պատրաստված էին մրցույթին: Աթենա Մանուկյանի երգը և ելույթը ամենաշատն էին համապատասխանում եվրատեսիլյան ֆորմատին: Պատվիրակությունը ունի բավարար ժամանակ ելույթը կատարելագործելու և հնարավորինս արժանի ներկայանալու համար: Մասնակցին հարկավոր է զերծ պահել հաղթողների շուրջ սովորաբար տարածվող ասեկոսեներից, իսկ մեզ մնում է միայն հավատալ Հայաստանի ներկայացուցչի ուժերին:

Անի Գրիգորյան

16:00 28.02.2020

Ամենաշատ ընթերցվածները