ԱՎԵԼԻՆ

Մամուլ

630 հազար մարդ ընդդեմ 6-ի
19:00 28.02.2020

630 հազար մարդ ընդդեմ 6-ի

Կապանում արված փողոցային հարցումները ցուցանում են, որ 2020թ․ ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի իմաստը հետևյալն է. «Դե որ մեր Նիկոլը ասըմա քեցեք ընտրեք, քյինելու ըք ԱՅՈ ասիք»: Իհարկե, մեկ տասնյակ մարդկանց կարծիքը չի կարելի տարածել 634000 մարդու վրա, որ անհրաժեշտ է այդ հանրաքվեի կայացման համար: Հենց այդ պատճառով է, որ մենք դեռ շարունակում ենք տպագրել այս թերթը, քանի որ հավատում ենք, որ մարդիկ դեռ ընթերցում են, դեռ ընկալում են տեղեկատվության բազմակողմանի հոսքը և դեռ կարողանում են վերլուծել մեր գրածները և հանգել սեփական ինչ-որ կարծիքի կամ դիրքորոշման: Դե ինչ, այս հոդվածով մենք բացում ենք գալիք հանրաքվեի վերաբերյալ մեր այն հոդվածների շարքը, որը նախատեսված է համակրանքից բացի՝ այլ կողմնորոշիչ գործիքակազմով առաջնորդվող մարդկանց համար:

Ամեն ՍԴ դատավորին 100 000 բնակիչ

Իսկապես ստորացուցիչ է, որ մենք այսօր ստիպված ենք առնվազն 100 000 քաղաքացու մղել դեպի ընտրատարածք, որպեսզի Սահմանադրական դատարանի մեկ դատավոր հեռանա իր պաշտոնից: Միայն այսպիսի պարզ ու պարզունակ խնդիր լուծելու համար նպատակահարմար չէ ծախսել թե՛ մարդկային և թե՛ ֆինանսական միջոցները: Վարչապետի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ևս մեկ-երկու տարի հետո նոր հանրաքվե ենք ունենալու ավելի խորքային սահմանադրական փոփոխությունների համար: Մի՞թե այս 6 դատավորները այդաստիճան պատուհաս են մեր երկրի համար: Բայց դե «մեր Նիկոլնա», որ մտքին դրելա, սաղս քաշված ենք, ուզենք-չուզենք, պետքա անենք:

Ովքե՞ր են դատավորները 

Մինչ ապրիլի 5-ը յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն իրեն պարզ հարց տա հետևյալի մասին. «Ո՞վ է դատավորը ըստ էության»: Ուրեմն ըստ էության, դատավորը պետք է լինի մի մարդ, ով առաջնորդվում է օրենքներով և ներքին համոզմամբ: Օրենքների առումով կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է: Դատավորը խոսող օրենքն է, իսկ այ ներքին համոզման վրա կուզենամ կանգ առնենք, սիրելինե՛րս: Դե գիտեք, յուրաքանչյուր քրեական հանցանքի համար պատժի տիրույթ գոյություն ունի: Օրինակ՝ 3-6 տարի դատապարտում: Դա արված է այն պարզ պատճառով, որ դատավորը, գործի նյութերից ելնելով, պետք է ներքին համոզմունք ունենա, որ, ասենք, միայնակ մորը, որը գողացել է 5000 դրամ իր 4 երեխաներին կերակրելու համար, արդյո՞ք առաջին անգամ արդարադատության առջև կանգնելու պարագայում պետք է ամենախիստ 6 տարվա ազատազրկման դատավճիռը կարդալ: 

Իհարկե, նորմալ դատավորը նվազագույն պատիժը կտա: Հիմա տեսեք, հայկական իրականության մեջ միջին վիճակագրական դատավորը ներքին համոզման է գալիս ոչ թե գործի նյութերով, սեփական վերլուծությամբ կամ ուղղակի իր ներքին պարկեշտության համոզմունքով, այլ, ՍԴ դատավորները նույնպես, առաջնորդվում է դատական գործընթացի մասնակիցների, ասել է թե՝ կողմերի թափով, փողով, դիրքով և, ի վերջո, վերջիններիս, իրեն այդ նույն դատավորի նկատմամբ վրեժխնդիր լինելու հավանականությամբ:

Մենք պետք է խոստովանենք, որ վերջին 30 տարում ամբողջապես տապալել ենք դատավորի անկողմնակալ, ազնիվ, սեփական համոզմունքներ ունեցող մարդու կերպարը: Ես հասկանում եմ՝ ինչու ներկա իշխանությունները չեն ուզում դա խոստովանել, բայց ես չեմ հասկանում՝ ինչու մենք՝ քաղաքացիներս, չենք ուզում իրերը կոչել իրենց անունով: Մեր դատավորները նույնպես քրեական բարքերի արժեհամակարգը կրող մարդիկ են: Նրանցից և ոչ մեկը չի հասկանում այն կարևորագույն պարտականությունը, որը անհրաժեշտ է մեր պետականաշինության համար, իսկ նրանք, ովքեր հասկանում են, մեծ դեր արդարադատության մակարդակի բարձրացման հարցում չեն խաղում:

Եվ ուրեմն ապրիլի 5-ին՝ ընտրատարածք մուտք գործելիս ձեզ հարց տվե՛ք, արդյոք ՍԴ դատարանի վեց նոր անդամները նույն արժեհամակարգի մարդիկ չեն լինելու, ինչպիսին այսօր են բազմած այդ աթոռներին: Ավելին՝ հանրապետության նախագահը այս երկու տարիների ընթացքում առաջարկել էր ՍԴ դատավորների երկու չեզոք թեկնածություն, սակայն իմքայլականներին անհրաժեշտ են հենց իրենց սրի տակով անցած թեկնածուներ: Սահմանադրական, թե մեկ այլ դատավորի փոփոխություն առանց բովանդակային փոփոխության արդարադատության արդյունքի ու որակի  վրա չի ազդում, ինչպես որ գումարելիների տեղափոխությունը։ Դե ինչ , կապրենք կտեսնենք:

Ինչի՞ց ենք զրկված

Նիկոլ Փաշինյանի վերջին՝ Հանրայինով տված հարցազրույցի ժամանակ նշվեց, որ սրանից էլ լավ բան, ուղիղ ժողովրդավարություն, թող գա ժողովուրդը որոշի, պատմական շանս ենք տալիս, մի խոսքով: Հիշեցնեմ, թե հստակ ինչերից ենք զրկված այս սահմանադրության շրջանակում, որը դեռ հարց է՝ կփոխե՞ն մի օր, թե՞ ոչ:

Այսօր գործող Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիները նախորդի համեմատությամբ զրկվել են`

- ՀՀ նախագահ ընտրելու հնարավորությունից, այժմ նրան ընտրում է Ազգային ժողովը, ինչպես որ պետության ղեկավարին՝ վարչապետին,

- Երևանի քաղաքապետ ընտրելու հնարավորությունը ևս վերացվել է: Նրան ընտրում է ավագանին: Էլի շատ վտանգավոր է, մի բնակիչ, որ մոտենա քաղաքապետին թքել-մրելու, կարող է ասել, դե ես ինձ համար ավագանի էի, ընտրեցին, ստիպված բզբզում եմ, որքան կարողանում եմ,

- Թաղապետ ընտրելու հնարավորությունից ևս զրկվել ենք, նրան նշանակում է Երևանի քաղաքապետը:

Չեմ նշում մեզ` քաղաքացիներիս գաղտնալսելու, բերման ենթարկվելու, բնակարանները խուզարկելու, գիտական փորձարկումների ենթարկելու լայն հնարավորությունները, որը ներկա սահմանադրությունը տալիս է գործող իշխանությանը: Այս հանցավոր դրույթները մնալու են նաև ապրիլի հինգից հետո:

Ապրիլի հինգի հանրաքվեով, թվում է, մենք իրավունք ենք ստանում պաշտոնանկ անելու Սահմանադրական դատարանի՝ ներկա իշխանությանը անհարմար, «շնաբարո վնգստացող դուրսպրծուկներին»։ 

Բայց մեկ անգամ: Այդ իրավունքը մեզ տրվում է մեկ անգամ:

Իսկ վերը նշված իրավունքները չեն էլ վերականգնվում: Սա ինչ-որ հիբրիդային դեմոկրատիա է: Ընտրատարածք գնալը շատ ժողովրդավար տեսք ու ֆասոն ունի, իսկ բովանդակությունը ֆեոդալիզմ է հիշեցնում, երբ բուրժուաները իրենց մոտ աշխատող մարդկանց փոխարեն ամեն ինչ որոշում էին:

Վերջաբան

Հարգելի՛ ընթերցող, խնդրում ենք, դուք ուղղակի մի՛ անջատեք ձեր ուղեղի կարողությունները: Մենք մինչև ապրիլի 5-ը ամեն ինչ կանենք, որպեսզի դուք կողմնորոշվեք, հասկանաք, թե ինչ ունենք, ինչ ենք ուզում ունենալ, ինչի ենք ձգտում, և որտեղ են մեզ մոլորեցնում նրանք, ովքեր բուրգի վերևում են, և արդեն նկատելի է, որ ուղղակի օգտվում են իրենց ունեցած իշխանական լծակներից: Իսկ մենք՝ ԶԼՄ-ներս, միշտ եղել ենք չորրորդ իշխանություն, որը միշտ փորձել է որոշ մարդկանց խանգարել յուրացնելու երեք իշխանական թևերի գործառույթները:

Արման Սուլեյմանյան

19:00 28.02.2020

Ամենաշատ ընթերցվածները