ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են Կապան-Քաջարան ճանապարհին կատարված սպանությունը
13:00 10.03.2020

Կապանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են Կապան-Քաջարան ճանապարհին կատարված սպանությունը

ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ոստիկանները բացահայտել է Կապանից Քաջարան տանող ճանապարհի սկզբնամասում Ձորաստան գյուղի բնակչի սպանությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին մարտի լույս 8-ի գիշերը ահազանգել են, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ աշխատանքով պարզել են, որ Ձորաստան գյուղի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել Կապանից Քաջարան տանող ճանապարհի սկզբնամասից։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Կապանի ոստիկանները պարզեցին նաև, որ նշված վայրում անձնական հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել նրա և Կապանի 56-ամյա մի բնակչի միջև։ Այդ ընթացքում վերջինս հրացանից կրակել է 36-ամյա տղամարդու ուղղությամբ, ապա հրազենը նետել Ողջի գետը։

Դեպքից երկու ժամ անց՝ 03.30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, խոստովանական ցուցմունք տվեց ու ձերբակալվեց։

Հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 10.03.2020

Ամենաշատ ընթերցվածները