ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ոգու ճգնաժամ
17:00 15.03.2020

Ոգու ճգնաժամ

Ոգու ճգնաժամին խորություն ու լրջություն հաղորդում է այն վիճակը, որի մեջ այդ ճգնաժամը գտել է հիվանդին։

Պոլ Վալերի 

Նախաբան 

Մարզկենտրոն Կապանի կենտրոնից մոտ 10կմ հեռավորության վրա` բնության մի անկյունում  է առանձնացված Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերը։ Հաստատությունը Հայաստանում հոգեբուժական  ծառայություններ իրականացնող 10 կառույցներից մեկն է, որն ունի մոտ 50 տարվա պատմություն։

Երկհարկանի շենքում հաշվառված է 2433 անձ, որոնց գրեթե կեսը մշտական տնային պահպանման բուժման կարիք ունի։ Դիսպանսերը ստացիոնար պայմաններով կարող է սպասարկել 80 անձի։ Այստեղ գտնվողների գերակշիռ մասը սոցիալապես անապահով է, միայնակ մարդ։ Դիսպանսերի ձախակողմյան հատվածում կանանց բաժանմունքն է։ Վերջիններիս համար նախատեսված է հինգ մեծ ու երկու փոքր սենյակ։ Միջին վիճակագրության համաձայն՝ հիվանդների թիվն օրական հասնում է 30-35-ի։

Կառույցի աջ կողմում տղամարդիկ են։ Բաժանմունքն աչքի է ընկնում գերբեռնվածությամբ։ Ութ հիվանդասենյակ ու միջինը 42 հիվանդ։

Դիսպանսերն ունի երեք հիմնական խնդիր՝ մասնագետների պակաս, խիտ բնակեցում, թերի ֆինանսավորում: Փակ հաստատության տնօրենը, որ միաժամանակ նաև գլխավոր հոգեբույժն է, մանրամասն ներկայացրել է խնդիրները ըստ էության, խոսել պատճառների ու հետևանքների մասին։ «1997 թվականի մարտի 3-ին նշանակվեցի դիսպանսերի տնօրեն։ Այդ ժամանակ վիճակը սաստիկ ծանր էր, աստիճանաբար սկսեցինք կարգի բերել, կրթել, ուսուցանել անձնակազմը։ Ֆինանսավորում մի քանի ամիս չստացանք։ Ապավինեցի բարեգործներին և սկսեցի անընդհատ Երևան գնալ-գալ, կապեր ստեղծել և հայթայթել տարբեր միջոցներ։ Աստիճանաբար վիճակը սկսեց կարգավորվել», - ասում է կառույցի տնօրեն Արարատ Վարդանյանը։

Բաժանմունքները գերբեռնված են

Հոգեկան առողջական խնդիրներ ունեցող հիվանդների թիվ մեկ խնդիրը բաժանմունքային տարանջատման բացակայությունն է։ Այն հիվանդները, ովքեր կայուն էմոցիոնալ վիճակում են, փաստացի ապրում են ավելի ծանր հիվանդների հետ նույն սենյակում։ Մահճակալներն այստեղ նորմատիվից կրկնակի մոտ են իրար։ Նրանցից յուրաքանչյուրը զբաղեցնում է ընդամենը չորս քառակուսի մետր տարածք, իսկ միջազգային չափանիշներով մեկ մահճակալին պետք է բաժին ընկնի առնվազն յոթ քառակուսի մետր։ Խիտ բնակեցվածությունն էլ առաջացնում է կոնֆլիկտներ։

Հիվանդ 1-Գնաայստեղից․․․գնաայստեղից․․․

Հիվանդ 2-Աղբիդույլըկխփեմգլխիդ, լսեցի՞ր, ինչո՞ւինձհայհոյեցիր։Դուցմահայստեղեսմնալու, ցմահ։

Հիվանդ 1- Հա, գնաայստեղից։Մի 70%-ինպետքէմեկուսացնեն, այսպիսիփնթիներին, գժերին․․ 

Հիվանդ 2- Գիժըդուես․․

Հիվանդ 1-Դուիմնյարդերինազդումես։

Վլադիմիրը (անունը՝ պայմանական), չորս անգամ ստացել է գանգուղեղային վնասվածք մարտի դաշտում։ Արևելյան մարտարվեստի գիտակ է։ Վրդովվում է․ «Նյարդայնացնում է այն հիմարությունը, որ այստեղ համատեղ ապրում են մտավոր թերհասներն ու նորմալ մարդիկ։ Նրանք պետք է առանձին ապրեն։ Բժիշկը պետք է դուրս գրի ինձ, սակայն ես գնալու տեղ չունեմ։ Ես ոչինչ չունեմ, ես մերկ եմ»։Բժիշկ Արարատ Վարդանյանն ասում է․ «Ճիշտն այն կլիներ, որ հիվանդները լինեին առանձին բաժանմունքում։ Եթե շենքի պատերի գրոհունակությունը թույլ տա, մեկ հարկ ևս կարելի է կառուցել, եթե ոչ, մեկ մասնաշենք կողքը կառուցեինք, որպեսզի տարանջատենք քրոնիկ հիվանդներին մյուս հիվանդներից»։

Մասնագետի դիֆիցիտ 

137 հազար բնակչություն ունեցող մարզում կա ընդամենը երկու հոգեբույժ։ Թմրաբաններ ընդհանրապես չկան։ Փաստացի երկու հոգեբույժները սպասարկում են ալկոհոլի ազդեցությամբ խանգարումներ ունեցողներին, թմրանյութ օգտագործողին, հոգեկան առողջական խնդիր ունեցողներին։ Կառույցի ղեկավար Արարատ Վարդանյանն ասում է․ «Արդեն 61 տարեկան եմ, երիտասարդները չեն գալիս, չնայած Հայաստանում երիտասարդները հոգեբույժներ դառնում են։ Նրանք ի՞նչ են անում․ վճարում են անձամբ, որպեսզի պետական գումարներով չսովորեն, պետությունից կախվածություն չունենան և պետական հոգեբուժարան չգան»։

Կարիքների գնահատումը բացակայում է

Հոգեկան առողջական խնդիրներ ունեցող հիվանդների համար պետությունը հատկացնում է 109  միլիոն դրամ։ Աշխատակիցների աշխատավարձի ֆոնդը 96 միլիոն է։ Ստացվում է, որ 13 միլիոն դրամով 70 հիվանդ մարդու բոլոր խնդիրները  պետք է լուծել ամբողջ տարի, մինչդեռ միայն սննդով ապահովելը 13 միլիոն է կազմում։ Դիսպանսերում փաստացի մեկ ստացիոնար բուժվող հիվանդի համար օրական նախատեսված է 515 դրամ, բայց ծախսվում է 1573 դրամ։ Միջին հաշվարկով անտեսվել են հետևյալ կարիքները․ կոմունալ ծախսերը՝ 202 դրամ,  տրանսպորտը՝ 27 դրամ, ոչ մասնագիտական օգնությունը՝ 27 դրամ, ընթացիկ ծախսերը՝ 17 դրամ, հագուստի անհրաժեշտությունը։ Ստացվում է, որ եթե չլինեն բարերարները կամ միջազգային կազմակերպություններ, ապա հոգեկան առողջական խնդիր ունեցող հիվանդները դիսպանսերում պետք է լինեն կուշտ, բայց մերկ, առանց ջերմության, առանց այլ հիվանդությունների բուժման հնարավորության և առանց հիգիենայի պարագաների։

Հիվանդների իրական կարիքների գնահատումը բացակայում է, իսկ առողջապահության նախարարի 2019 թ․ N 12 Ա որոշմամբ սահմանված օրական 500 դրամի սննդի և դեղերի նորմերը փաստացի առկա ֆինանսների հետ  որևէ աղերս չունեն:

Տնօրեն Արարատ Վարդանյանի խոսքով․ «Ֆինանսական վիճակը խայտառակ է․ միայն հոգեվիճակը բուժելով և դուրս գրելով մենք ուղղակի տեղապտույտ ենք կատարում և առաջ չենք գնում։ Տարիներ ի վեր մեզ նույն պատասախանն են տվել․ բողոքը տեղին է,  բայց գումար չկա։ Սահմանափակ բյուջե է, հումանիստական աշխատանք ենք անում, բայց մինչև ե՞րբ»։

Ստացիոնար բուժումն ավարտելուց հետո հիվանդները կարող են տանը շարունակել բուժումը։ Թեկուզ մասամբ, բայց վերադառնալ բնականոն կյանքի, միայն թե մեծ մասին սպասող չկա։ Սա ողբերգություն է։ Վերադառնալուց հետո ինչպես իրենք կզգան հանրության մեջ, դժվար է ասել։  Հոգեկան առողջական խնդիրների մեծ մասն ունի քրոնիկական ընթացք, ընկնում է մարդու էներգետիկ պոտենցիալը, եռանդը, ակտիվորեն նախաձեռնելու հատկանիշը։ Մարդը, հասկանալով այս, մեկուսանում է, դառնում անվստահ սեփական ուժերի նկատմամբ։ Երբ հիվանդը դուրս է գրվում, նրան հարկավոր է հոգեբան, բուժքույր, սոցիալական աշխատող և, իհարկե, հասուն հասարակություն, որ կարողանա ինտեգրել տվյալ անհատին։ Ցավոք, սրանք դեռևս մեզանում բացակայում են։

Հ․Գ․

Պատմում է դիսպանսերի շահառուն․«Ռուս մեծ փիլիսոփա Բելինսկու խոսքերը հիշեցի, այս տառապանքը որ տեսա (նկատի ունի մյուս հիվանդի հետ վեճը), նա ասում է․ «Ապրել չի նշանակում ուտել, խմել, չարչարվել փողի ու պաշտոնի համար, ապրել նշանակում է զգալ, մտածել»»։ 

Անուշ Միրզոյան

17:00 15.03.2020

Ամենաշատ ընթերցվածները