ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սուրբ Գևորգի փրկված խաչը․․․
19:00 15.03.2020

Սուրբ Գևորգի փրկված խաչը․․․

«Մեզ` փրկվածներիս համար խաչի քարոզությունն Աստծո զորություն է»

Ս․Պողոս առաքյալ (տես Ա Կորնթ․Ա 18)

Պատմական ակնարկ

Կավարտի Սուրբ Գևորգ եկեղեցին, ըստ տարբեր աղբյուրների, կառուցվել է 14-րդ դարի սկզբին։ Այն բավականին երկար կյանք է ունեցել, որը ընդհատվել է խորհրդային ժամանակներում։ Այն հետաքրքիր և լուրջ դերակատարում է ունեցել մեր պատմության շատ հայտնի իրադարձությունների ժամանակ, խոսքը վերաբերում է հատկապես 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումների շրջանին։ Եկեղեցում հավաքվել, պատսպարվել են մարդիկ։ Կավարտի համար իսկական պատերազմ է եղել, երկու նշանավոր դեմքեր են զոհվել՝  արևմտահայ հայդուկ Կալոն և Շիկահող գյուղից Պապի Այվազյանը կամ, ինչպես նրան անվանում էին՝ Քաջ պապին կամ Թունունց պապին։ Եվս մի քանի հոգի զոհվել են, որոնց մարմինը տեղափոխվել է իրենց գյուղը, իսկ այս երկու նշանավոր հերոսները թաղվել են Կավարտի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, նույնիսկ աղբյուրներից հայտնի է, որ նրանց թաղմանը, արցունքն աչքերին, ելույթ է ունեցել Սեբաստացի Մուրադը։

«Կավարտի եկեղեցին որոշակի դեր կատարեց Զանգեզուրի գոյամարտի տարիներին։ Այս եկեղեցում մկրտվել են հարյուրավոր տարիների սերունդներ, ովքեր՝ այդ նույն սերունդների ժառանգները, ցավոք, չկարողացան տեր կանգնել եկեղեցուն։ Խորհրդային ժամանակներում, հավանաբար 50-ականների վերջին և 60-ականների սկզբներին, անհոգի եղան և մի քանի բուռ պղնձի, պղնձահանքի համար ոչնչացրին Սուրբ Գևորգ եկեղեցին, նրա բակում թաղված կավարտեցիների իսկապես սրբազան գերեզմանները, ինչպես նաև Կալոյի, Պապիի գերեզմանաքարերը։ Հանուն հարստության բուլդոզերների բերաններով նրանք լցվեցին ձորը», - ասում է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն, պատմաբան Գրիշա Սմբատյանը։

Ըստ պատմաբանի՝ եկեղեցու հետ կապված շատ հետաքրքիր պատմություն կա, որը լեգենդ չէ, այլ պատմական իրականություն, այն է՝ խորհրդային ժամանակներում տարածվեց աստվածամերժության «վիրուս», որը ոչ պակաս վտանգավոր էր։ Փորձեցին քանդել եկեղեցիները, չնայած որ շրջանում արդեն մի քանիսը քանդել էին։ Հերթը հասավ Սուրբ Գևորգ եկեղեցուն։ Նայում էին զորավոր խաչին, որի  թևերի տակ դարեր շարունակ պատմություն էր կերտվել, և ոչ ոք չէր համարձակվում մոտենալ և ինչ-որ բան անել։ Հիվանդ մի կին՝ Աղավարտ անունով, փոցխով սկսում է քանդել եկեղեցին՝ հարվածելով մի քանի անգամ, որից հետո անմիջապես համրանում է։ Նա հետագայում սկսում է գուշակություններ անել։ Նրա լեզուն բացվեց, երբ ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը։ Կավարտի Սուրբ Գևորգ եկեղեցու վերջին քահանան եղել է տեր Դավիթ Ազարյանը։ 

Մոտ 720 տարվա պատմություն ունեցող խաչը գտավ իր տեղը․․․

Փետրվարի 23-ին Կավարտ թաղամասում, թաղային լիազոր ներկայացուցիչ Էրիկ Գևորգյանի նախաձեռնությամբ, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի օժանդակությամբ, բացվեց մատուռ, որի օծման արարողությունը կատարեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը։ Էրիկ Գևորգյանը, մեկ տարի առաջ նշանակվելով լիազոր ներկայացուցչի պաշտոնին, առաջնային խնդիրներից է համարել թաղամասում սրբավայր ունենալը։ «Այն ժամանակ բաց հանքի շահագործման հետևանքով եկեղեցին փլվեց, որի գմբեթի խաչը մեր համագյուղացի Վոլոդյան տեղափոխեց իր տուն։ Խնդրելով նրան՝ խաչը տեղափոխել ենք և տեղադրել շինության ներսում, այժմ մոտ 720 տարվա պատմություն ունեցող խաչը գտնվում է մատուռում։ Նպատակահարմար չգտանք եկեղեցի կառուցել, քանի որ դա կապված էր ֆինանսական մեծ ծախսերի հետ։ Տարեց բնակիչները, որոնք չեն կարողանում այցելել քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի կայցելեն այստեղ, իրենց աղոթքը կանեն առ Աստված», - ասում է Էրիկ Գևորգյանը։

Կավարտի բնակիչ Վոլոդյա Ազարյանը, որը եկեղեցու վերջին քահանա տեր Դավիթ Ազարյանի թոռն է, ցավով է հիշում այն օրը, երբ պայթեցվեց եկեղեցին։ «Երբ գնացի և տեսա, որ խաչը ընկել է ավերված եկեղեցու մոտ, վերցրի և բերեցի տուն, որպես իմ պապի խաչ, հիշատակ, որը պահել եմ մինչ այսօր։ Խաչը մեր տան բակում էր դրված, եթե ցանկացողներ լինում էին, գալիս մոմ էին վառում, մատաղ անում, աղոթք ասում ու գնում», - ասում է Վոլոդյա պապը։

Նորակառույց մատուռի մոտ հավաքված երեխաները մոմ էին վառում այնտեղ։ Նրանք տարբեր իղձեր և նպատակներ ունեին։ Այսօր արդեն բնակավայրը ունի իր սրբատեղին, բնակիչները կարող են այլևս այստեղ կատարել իրենց եկեղեցական տոները։ Նրանք վստահ են, որ ազգի հավերժությունը պահպանելու, հավատքը չկորցնելու համար սրբատեղի ունենալն անհրաժեշտություն է։ «Այստեղով անցնելիս միշտ մտնում եմ, աղոթք անում, նոր ճանապարհս շարունակում։ Քանի որ մեր խաչը մեր հնությունն է, այն պաշտպանելու համար բերել և դրել ենք այստեղ», - ասում է կավարտեցի Ռաֆիկ Ստեփանյանը։

Կավարտը շատ անվանի մարդիկ է տվել, հատկապես քաղաքական, պետական, կուսակցական գործիչներ, գիտնականներ։

Կավարտի Սուրբ Գևորգ եկեղեցու պատմությունը մեզ ուսուցանում է, որ պետք է մեր պատմության հանդեպ  ուշադիր լինենք, չկեղծենք, չպղծենք, հավատքը երբեք չկորցնենք։ Պահենք այն, ինչ ունենք։

Տիգրան Ղուկասյան

19:00 15.03.2020

Ամենաշատ ընթերցվածները