ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քաշաթաղում կորոնավիրուսի՝ ԱՀ ներթափանցումը կանխելու աշխատանքներ են տարվում
17:00 18.03.2020

Քաշաթաղում կորոնավիրուսի՝ ԱՀ ներթափանցումը կանխելու աշխատանքներ են տարվում

Քաշաթաղի շրջանի վարչակազմը և համապատասխան կառույցները լծված են կորոնավիրուսի Արցախ ներթափանցումը կանխարգելելու աշխատանքներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը։

Արցախում մարտի 17-ի դրությամբ որևէ դեպք չի գրանցվել։

Նա գրել է, որ Քաշաթաղի շրջանը Սյունիքի մարզին կապող բոլոր ճանապարհների երթևեկության վրա հաստատվել է խիստ վերահսկողություն։ Մասնավորապես՝ Գորիս-Բերձոր, Խնձորեսկ-Որոտան/Սարատակ, Կապան-Կովսական մայրուղիներում տեղադրվել են հսկիչ անցակետեր՝ ոստիկաններով և բուժաշխատողներով, ովքեր շուրջօրյա վերահսկելու են երթևեկողների առողջական վիճակը (առաջին հերթին՝ ջերմաչափման միջոցով)։

Հսկիչ անցակետերը կարրելի է հատել միայն անձնագրով։

Քաշաթաղը Սյունիքին կապող մյուս բոլոր ճանապարհները փակ են լինելու՝ բացառությամբ նշված երեքի։

• Կրթական բոլոր հաստատությունները շարունակելու են մնալ փակ։ Կարգադրվել է դադարեցնել նաև Քաշաթաղի երկրագիտական թանգարանի և Բերձորի գրադարանի աշխատանքները, չեղարկել բազմամարդ հավաքները։

• Քաշաթաղի շրջվարչակազմը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։ Սակայն վարչակազմի շենքում կաշխատեն սահմանափակ թվով աշխատակիցներ՝ ըստ անհրաժեշտության։ Աշխատողների մեծամասնությունը աշխատանքը իրականացնելու է հեռահար եղանակով՝ տանից։

Սարգսյանը նաև հորդորել է շրջանի բնակչությանը հնարավորինս նվազեցնել շրջկենտրոն Բերձոր այցերը՝ ուղևորվելով միայն անհրաժեշտության դեպքում։

«Նաև հորդորում եմ հնարավորինս խուսափել Սյունիքի մարզ և ՀՀ այլ մարզեր այցերից, քանի որ ՀՀ տարածքում արդեն գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր»,- ասվում է գրառման մեջ։

Աղբյուր՝ panarmenian.net

17:00 18.03.2020