ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հպարտ ու աղքատ կուրթանեցին
21:00 18.03.2020

Հպարտ ու աղքատ կուրթանեցին

Անցած շաբաթ բոլորս ականատես եղանք կուրթանեցի Մեխակի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողբերգական հանդիպմանը: Սկզբից կուրթանեցին ուղղակիորեն տուն պահանջեց վարչապետից, վերջինս հորդորեց վաստակել ինքնուրույն և ստեղծել այդ տունը: Հետո տեսանք կուրթանեցու վատառողջության մասին ռեպորտաժը և խղճահարված խոսքը այն մասին, որ չկարողացավ դա ներկայացնել վարչապետին: Վերջում վարչապետը ներողություն խնդրեց, որ անհարկի վիրավորեց գյուղացուն, և կարծես թե կինոն ավարտվեց: Իրականում, այս միջադեպը ուշագրավ էր լրիվ այլ անկյունով, որը, կարծես թե, ոչ մեկը չնկատեց:

Այս պատմության ողբերգությունը այն չէր, թե կուրթանեցի Մեխակը առողջ էր, թե հիվանդ, երևում է դա անզեն աչքով, թե ոչ, և թե արդյոք կարելի է այդպես խոսել հասարակ քաղաքացու հետ: Ողբերգությունը այն է, որ այսպիսի իրավիճակ ընդունելի էր նախորդների օրոք, երբ համակարգը չէր աշխատում, մանր ու միջին պաշտոնյաները թքած ունեին գյուղացու վրա, վերջինս էլ սպասում էր նախընտրական շանսի, երբ կկարողանա անմիջապես «արքայից» որևիցե բան խնդրել: Դե, ոչ լեգիտիմ «Արքան» էլ առոք-փառոք կխոստանար կամ կաներ, ընտրությունների համար մեկ-մեկ էլ կարելի է մի բան անել:

Փաշինյանի պարագայում սա ողբերգություն է: Հեղափոխությունից երկու տարի անց Մեխակի մտքով չի անցնում դիմել համայնքապետին, մարզպետին և միայն նրանց ցրողական վերաբերմունքից հետո մոտենալ և տեղեկացնել վարչապետին այդ բարձիթողի վիճակի մասին: Վարչապետն էլ, պատկերացնում ենք, կկանչեր այդ երկու մարզային չինովնիկին ու կպատժեր: Ոչ, բան չի փոխվել թե՛ Մեխակի, թե՛ վարչապետի համար: Երկուսի համար էլ հին ձևերը ընդունելի էին: Ձրիակերները թող ծլեն-ծաղկեն, իսկ հպարտ ու աղքատ, ի դեպ, մտածելակերպով աղքատ Մեխակը կմնա նրա հույսին, ով առաջինը տուն կտա: Դա կարող է լինել նույնիսկ Դոնալդ Թրամփը, կուրթանեցու համար միևնույն է:

«Զանգեզուր պրես»

21:00 18.03.2020