ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բարեկամներից թշնամիներ չես կերտի
18:00 19.03.2020

Բարեկամներից թշնամիներ չես կերտի

2000 – 2006թթ․ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի մուտքը Վրաստան այդ երկրի  իշխանություններն արգելել են։ Քաղաքագետը չի բացառում, որ այս ամենը նաև հրահրված լինի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, քանի որ ծավալուն հոդվածներ է գրել Թուրքիայի կողմից ՀՀ տարածքների բռնազավթման, դրանց հայաստանապատկան լինելու վերաբերյալ։  Արա Պապյանը որոշակի մանրամասներ է հայտնել «Զանգեզուր պրեսին»։

-Պարոն Պապյան, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս իմացաք, որ այլևս չեք կարող մուտք գործել Վրաստան։

- Ինձ հետ կապ հաստատեցին միգրացիոն ծառայության աշխատակիցները, ես նրանց հետ հանդիպեցի, և ինձ տեղյակ պահեցին, որ վրացական կողմը արգելափակել է իմ մուտքը Վրաստան։ Ե՞րբ է տեղի ունեցել, ինչքա՞ն ժամանակ է, իրենք տեղյակ չեն կամ չասացին։ Պատճառների մասին ևս տեղեկություն չկա։ Նրանք հարցրին իմ կարծիքը, ես ասացի, որ ենթադրում եմ, որ այս ամենը կարող է կապ ունենալ իմ գիտական որոշ հոդվածների հետ։ Վրաստանով չեմ զբաղվում, իմ ուղղությունը չէ, ես զբաղվում եմ միջազգային իրավունքով, պայմանագրերով։ Բայց ունեմ երեք գիտական հոդված Վրաստանի մասին։

- Կարո՞ղ եք ասել՝ ինչի մասին են այդ երեք հոդվածները, ինչ բովանդակություն ունեն։

- Մեկը կոչվում է հայ-վրացական սահմանը՝ ըստ միջազգային իրավունքի, բայց դա լույս է տեսել մոտ 10 տարի առաջ։ Փաստերով նկարագրել եմ գործընթացը։ Մյուսը Վրաստանի պարտավորություններն են ազգային փոքրամասնությունների նկատմամբ, մասնավորապես ազգային փոքրամասնությունների լեզվի կիրառման վերաբերյալ, որոնք ներկայացված են կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից։ Իսկ երրորդը մի փաստաթղթի հրապարակում է, որը 1945 թվականին Լոնդոնում Թուրքիայի դեսպանի նամակն է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին, որտեղ նա ասում է, որ քիչ հավանական է, որ Ստալինը ուզում է՝ իրենցից հողեր վերցնել և տալ հայերին, որովհետև ժամանակին Ստալինը 21 թվականի փետրվարին Մոսկվայի պայմանագիրը կնքելուց առաջ ինքն է թուրքերին առաջարկել, որ Կաղզվանի շրջանը Արարատ սարով իրենց տան, 3300քմ։ Դրա փոխարեն Բաթումի մարզի հյուսիսային հատվածը, այն է՝ Բաթումի նավահանգիստը, տան Վրաստանին։ Իրենք եկել են այդ համաձայնության, փոխանակել են հայկական Կաղզվանը վրացական Բաթումի հետ։ Բայց սա էլ առնվազն մի 3-4 տարվա հոդված է։ Իմ գրվածքների մեջ բնավ վիրավորական ու անպատիվ խոսք չկա ո՛չ Վրաստանի, ո՛չ վրաց ժողովրդի հասցեին, ամեն խոսք հիմնավորված է փաստերով ու համապատասխան հղումներով։

- Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել։

- Իմ աղբյուրներն են կամ Միացյալ Նահանգների պետական արխիվը, կամ Բրիտանիայի կամ նրանց հրապարակած պաշտոնական ժողովածուները։ Ես դրանցից եմ օգտվում։ Որևէ հայկական աղբյուրից, որպես սկզբունք, չեմ օգտվում, որպեսզի հղում կատարելիս չասեն՝ հայի գրած է։ Եթե այդ հրապարակած  փաստաթղթերը որպես աղբյուր վերցնում  եմ, անկեղծորեն պիտի ասեմ, որ չեմ գնում հրապարակածը և արխիվայինը համեմատում։ Վստահում եմ, որ եթե բրիտանական աղբյուրը տպել է այդ փաստաթուղթը, ապա չի կեղծել։ Եվ, կարծում եմ, դա է ողջամիտը։ Չենք կարող կասկածի տակ դնել ամեն տպածը։ Եթե իրենք կհայտնաբերեն, որ բրիտանացիների տպած ժողովածուն և սկզբնաղբյուրը տարբեր են, թող դատ բացեն նրանց դեմ և ասեն, որ սխալ են տպել։ Բայց կարող եմ 100 տոկոսով ասել, որ նման բան բացառվում  է, նույնը ևս միտումնավորի պարագայում։ 

-Ինչպե՞ս կգնահատեք վրացական իշխանությունների այս քայլը։

- Վրացական իշխանության այս քայլը ոչ խելամիտ եմ համարում, քանզի իմ և ինձ նման մարդկանց մուտքը արգելելով դեպի Վրաստան՝ ոչինչ չեն շահում, բայց կորցնում են բարեկամ։ Որովհետև խորապես անտարբեր եմ Վրաստան իմ մուտքի նկատմամբ։ Եթե անգամ տեղյակ չպահեին, 10 տարի էլ անցներ, չէի իմանա։ Դա այն երկիրը չէ, որ նշանակություն ունենա իմ անձնական կյանքի  համար։ Իրենց համար իմ դիրքորոշումը կարևոր է, որովհետև այն մարդկանցից եմ, որ Հայաստանում որոշակի ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, և հենց այս դեպքը ցույց է տալիս, որ իրենք կեղծ ժողովրդավար են և հեռու են  գիտությունից, հատկապես քաղաքագիտությունից ու պարզ տրամաբանությունից․ սեփական բարեկամներիցդ թշնամիներ չես սարքի։

-Ձեռնարկելո՞ւ եք ինչ-որ միջոց, որ Ձեր մուտքի արգելքը հանեն։

- Ինձ ակնարկ եղավ, որ վրացական կողմը պատրաստ է այդ արգելքը վերացնել, եթե պարտավորվեմ այլևս նման բաներ չգրել, հրաժարվեցի։ Իմ բերանը ոչ ոք չի կարողացել փակել, ուր մնաց իրենք փակեն։ Ես պիտի ապրեմ և արտահայտվեմ։ Եթե ապացուցեն, որ որևէ հարցում սխալ եմ, զուտ գիտականորեն, պատրաստ եմ ընդունել։ Բայց փորձել լռեցնել ազատ խոսքը, ընդունելի չեմ համարում։

Անուշ Միրզոյան

18:00 19.03.2020

Ամենաշատ ընթերցվածները