ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տնտեսական ճգնաժամի ուրվականը
21:00 19.03.2020

Տնտեսական ճգնաժամի ուրվականը

Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսից տուժում է համաշխարհային տնտեսությունը։ Աշխարհը խրվում է ֆինանսական և տնտեսական ճգնաժամի մեջ, որը կարտահայտվի գլոբալ տնտեսական աճի հստակ թուլացմամբ: Չնայած այդ ճգնաժամի ազդեցություններն ու հետևանքները դեռ ամբողջ ծավալով տեսանելի չեն, այնուհանդերձ պղնձի, նավթի շուկայում առկա խնդիրներն ավելի են խորացնում տնտեսության վրա ազդող բացասական երևույթները։

Առաջինը տուժեց հենց Չինաստանը

Համաշխարհային վերլուծության նախնական տվյալներով նոր կորոնավիրուսը համաշխարհային տնտեսական աճի վրա կթողնի 0․5%-ի չափով բացասական ազդեցություն։ Ըստ մասնագետի՝ սա լավատեսական ցուցանիշ է վարակի չսրման պարագայում, սակայն հակառակ միտումն էլ կա․ այն նոր երկրներ է ընդգրկում, սրան զուգահեռ էլ չկան արդյունավետ պաշտպանության միջոցներ։ Նման իրավիճակից տուժում է առաջին հերթին Չինաստանը, որտեղ տնտեսությունը կաթվածահար է եղել։ Մի շարք հաշվարկների համաձայն՝ Չինաստանի տնտեսությունը վերջին ամիսների ընթացքում 1-2 տոկոս անկում է գրանցել, որը տարեկան ընդհանուր ցուցանիշի վրա զգալի ազդեցություն կթողնի, և Չինաստանի վերջին տարիների տնտեսական աճը չի գրանցվի։ Այսինքն՝ 4-5%-ից ավելի ցածր կլինի տնտեսական աճը։

Պղնձի գները իջնում են 

Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է։ Այն ապահովում է մեր ՀՆԱ-ի 5․7%-ը և արտահանման մոտ 30%-ը։  Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով պղնձի մեկ տոննայի միջին գինը 5500 ԱՄՆ դոլարի սահմաններում է։ Հունվարի սկզբին 6100 դոլարի սահմաններում է եղել, հունվարի կեսերին հասել է 6300-ի։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 35 532 տոննա պղնձի խտանյութ։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 48.1%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 43.3%-ով և կազմել 1 045 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 1.9 անգամ և կազմել 1 544 տոննա։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ եթե այս միտումները շարունակվեն, պղնձի գնի հնարավոր իջեցում կլինի, ինչը մեծ ազդեցություն կթողնի մեր տնտեսության վրա։ Մարտի 9-ին միջազգային շուկայում պղնձի գինը նվազեց 150 ԱՄՆ դոլարով, որը նաև կարտահայտվի Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի վրա։ Մենք Հայաստանից մաքուր պղինձ չենք արտահանում, այլ՝ պղնձի խտանյութ։

Տուժում են նաև նավթարդյունահանողները

«Մեկ բարել նավթը մինչև մարտի 1-ը արժեր մոտ 50 դոլար, մարտին 9-ից իջավ 31 դոլարի։ Այժմ 33-34 դոլարի սահմաններում է տատանվում։ Մարտի 6-ին «ՕՊԵԿ+»-ի  (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) շրջանակում  Ռուսաստանին առաջարկվեց կրճատել նավթի արդյունահանման ծավալները։ Ռուսական կողմը հրաժարվեց այդ առաջարկից շատ պարզ պատճառով, քանի որ ցանկանում է ավելացնել իր արդյունահանման ծավալները։ Այժմ ռուսական ընկերությունները աշխարհում երրորդն են նավթի արդյունահանման ծավալներով, առաջինը ԱՄՆ-ն է, երկրորդը՝ Սաուդյան Արաբիան։ Սովորաբար, երբ ռուսական կողմը մեծացնում է նավթի արդյունահանման ծավալները, դրանից օգտվում են  ամերիկյան ու բրազիլական ընկերությունները և ավելացնում իրենց արդյունահանման ծավալները», - ասում է Սուրեն Պարսյանը։

Բացի դրանից՝ ռուսական նավթի ինքնարժեքը շատ ցածր է։ Նրանք իրենց կարող են թույլ տալ մինչև 20 դոլարի չափով նավթի գին՝ ի տարբերություն ամերիկյան, բրազիլական, ադրբեջանական ընկերությունների, որոնց մոտ ինքնարժեքը բավականին բարձր է․ «Ռուսական կողմը ցանկացավ ավելացնել իր մասնաբաժինը շուկայում, և ցածր գնի պայմաններում այդ հնարավորությունն ունեն։ Հիմա ռուսական կողմը վարում է շուկայի նվաճման տնտեսական ռազմավարություն և փորձում է իր մասնաբաժինը ավելացնել շուկայում։ Հետագայում նաև գներն էլ կբարձրանան, քանի որ այս ցածր գնի պայմաններում մի շարք նավթային ընկերություններ կդադարեն գործել կամ կսառեցնեն, քանի որ ձեռնտու չէ 30-34 դոլարով նավթ արդյունահանել և վաճառել։ Իսկ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ընկերությունները կարող են որոշակի ժամանակ այս իրավիճակը պահպանել»։

Արժեզրկվեց ռուսական ռուբլին

Նավթի գնի կտրուկ իջեցումն արժեզրկեց ռուսական ռուբլին․ մեկ դոլարը 74-75 ռուբլի է, սրան զուգահեռ կարժեզրկվի հայկական դրամը։ Եթե դա տեղի չունենա, հայկական ապրանքները կկորցեն մրցունակությունը ռուսական շուկայում․ ավելի թանկ կլինեն, բնականաբար շուկայից դուրս կմնան։ «Դրամի արժեզրկումը միանշանակ կհանգեցնի նաև ներկրվող ապրանքների գնաճի։  Դրա մեջ են ներառված առաջին անհրաժեշտության ապրանքներ․ կաթնամքերք, ալյուր, ձեթ, հավի միս և այլն։ Եվ այս իրավիճակում պետությունը պետք է որոշում կայացնի․ արժեզրկելով դրամը, պետք է բարձրացնի սոցիալապես խոցելի խմբերի համար փոխհատուցվող գումարի չափը, այսինքն՝ թոշակները, աշխատավարձերը։ Հակառակ դեպքում լուրջ սոցիալական  խնդիրներ կառաջանան», - նշեց Սուրեն Պարսյանը։

Ոսկին ու դոլարը թանկանում են

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ ֆինանսատնտեսական ճգնաժամերին կամ բացասական սպասումների պայմաններում մարդիկ նախընտրում են իրենց գումարները պահել ԱՄՆ դոլարով կամ ոսկով, ինչի հետևանքով կտրուկ թանկանում են դոլարը և ոսկին։ Մարտի 13-ի վաղ առավոտից դրամը սրընթաց արժեզրկվում էր, իսկ արդեն կեսօրից հետո նկատվում է, որ առևտրային բանկերը կտրուկ նվազեցրել են մեկ դոլարի առքի փոխարժեքը մինչև 486 ՀՀ դրամ։ «Սա նշանակում է, որ ՀՀ կենտրոնական բանկը նախապատրաստում կամ արդեն սկսել է դոլարային ներարկումները, այսինքն՝ արտաժութային պահուստների հաշվին ձեռք է բերվում դրամ, որպեսզի մեղմի արտաժութային շուկայի խուճապային տրամադրությունները։ Հիշեցնեմ, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունը տնտեսած գումարների մեծ մասը ներդրել է ավանդ կենտրոնական բանկում, բացի դրանից անցած տարի Կենտրոնական բանկը իր արտարժութային պահուստները ավելացրել է 580 մլն ԱՄՆ դոլարով կամ 25,7 տոկոսով։ Հետևաբար, պետք չէ խուճապի մատնվել։ Հայկական դրամի արժեզրկումը անխուսափելի է, քանի որ տարածաշրջանի և մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի արժույթները արդեն իսկ զգալիորեն արժեզրկվել են։ Եթե մենք չգնանք դրամի կառավարվող արժեզրկման, ապա մեր երկրից արտահանվող ապրանքները դուրս կմնան միջազգային շուկաներից, քանի որ կդառնան ավելի թանկ»։

Տուրիզմն ու տրանսպորտն անմասն չմնացին

Կորոնավիրուսի պայմաններում ուղղակի հարված է հասցվում տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներին։ Հիվանդությունը փոխեց զբոսաշրջության աշխարհագրությունը։ «Շատ տուրիստական ընկերություններում փաթեթները դադարեցվել կամ սառեցվել են։ Վաճառք չկա ո՛չ ներգնա, ո՛չ էլ արտագնա տուրիզմի մասով։ Պետք է նշել, որ փետրվար-մարտ ամիսներին մենք զբոսաշրջության ոլորտում մեծ կորուստներ ենք ունեցել։ Ցավոք, չկա նաև փաթեթ, որը ոլորտին թույլ կտա դուրս գալ այս իրավիճակից, օրինակ՝ սուբսիդավորում։ Այս պահին կորոնավիրուսը և զբոսաշրջությունը կանգնած են դեմ դիմաց՝ առանց պետության աջակցության։ Այս ամիսներին որոշ փոքր տուրիստական ընկերություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը. դրանք չեն կարող մրցակցել, պետք է վարձակալության գումար վճարեն, ինչը ձեռնտու չի լինի, ու կփակվեն այդ ընկերությունները։ Պետք է ինչ-որ փաթեթ մշակել զբոսաշրջության ոլորտի համար, քանի որ այս ոլորտում ծանր օրեր են սպասվում։ Կա հաշվարկ, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստան է բերում 1000 դոլար, և եթե հաշվենք՝ 30 հազար զբոսաշրջիկ չի եկել, ու դա էլ բազմապատկենք 1000-ով, ապա կտեսնենք, թե մարտ ամսին ինչքան կորուստ ենք ունեցել», - հավելեց Պարսյանը։

Քայլերի հաջորդականություն

1․Պետությունը պետք է վերահսկի դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների գների անհարկի բարձրացման գործընթացը։

2․Դեֆիցիտը լրացնելու համար պետությունն ինքը պետք է ներկրի համապատասխան պահանջարկը։ 

3․ Ուղղակիորեն միջամտի տնտեսական առանձին գործընթացների, այդ թվում՝ բիզնեսին։ 

4․Սոցիալապես անապահով խավերին աջակցի՝ տրվող գումարների բարձրացմամբ։

5․ Ռազմավարություն մշակի ռիսկերի կառավարման համար․ աշխատի հակաճգնաժամային ռեժիմով։

Անուշ Միրզոյան

21:00 19.03.2020

Ամենաշատ ընթերցվածները