ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վարչապետը հանդիպեց սևազգեստ մայրերի հետ
16:00 20.03.2020

Վարչապետը հանդիպեց սևազգեստ մայրերի հետ

Պաշտոնական

Կառավարության շենքի դիմաց օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող սևազգեստ մայրերը ի վերջո հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարության ղեկավարն առաջարկեց ծնողներին ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի նաև վերջիններիս համար վստահելի երեք փաստաբանից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր առաջադրած երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը: Վարչապետը հավելել է, որ բոլոր իրավաբանների ծախսերը կհոգա կառավարությունը, և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգո՞վ, թե՞ վաղեմության ժամկետով: Կարևորվել է նաև, որ քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերի հետ:

Վստահում են, բայց կասկածներ ունեն

Պաշտպանության բանակի N զորամասում ծառայող Իրինա Ղազարյանի որդին  զոհվել է 2010-ի դեկտեմբերի 17-ին, ըստ պաշտոնական վարկածի՝ գլխուղեղի ուռուցքից, այնինչ մայրն ասում է, որ մինչ օրս մահվան իրական պատճառը փաստող որևէ ապացույց չկա։ Իրինա Ղազարյանի խոսքով՝ իրենց պայքարը միայն սպանված որդիների համար չէ. առհասարակ նմանատիպ սպանությունները կանխելու նպատակով է։ «Եթե նախկին համակարգը նույնն է մնացել, ոչ մի փոփոխություն՝ անցյալում, թե ներկայում։ Մենք էլի ստեղծենք այդ նույն խումբը, բայց արդյո՞ք իրենք արդար քննություն կանեն։ Հեղափոխությունից հետո պարոն Փաշինյանը մեզ ընդունեց, ես նշեցի, որ նա ասում է մի բան, իսկ քննիչը, դատախազը անում են մեկ ուրիշ բան, որովհետև  նախկին համակարգը սովոր էր, որպեսզի կոծկեր։ Եթե հանկարծ իրենք խաբեն, հանկարծ ինչ-որ շոու լինի, կամ ուզենան ինչ-որ ծնողի բերանը փակել, ավելի վատ է լինելու։ Բայց հիմա ես ուզում եմ հավատալ, որ Փաշինյանը իրոք կվերահսկի», - ասում է մահացած զինծառայողի մայրը։

Պետք է ի վերջո արդարությունը վերականգնվի, և բացահայտվեն այն հանցագործությունները, որոնք կատարվել են բանակում։ Իրինա Ղազարյանն ասում է, որ միևնույն է, իր տղային էլ չի վերադարձնի, բայց սա կլինի այդ սպանդին վերջ դնելու սկիզբը, իսկ փաստաբանների ընտրության հարցում դեռ որոշում չեն կայացրել, նա նշեց, որ հակառակ կողմի ընտրության դեպքում էլ պետք է տեղյակ լինեն, որպեսզի հանկարծ նախկին դատախազ, քննիչ չլինեն, ովքեր այսօր իրենց մանդատները դրել են և եկել փաստաբան դարձել։

Ռեալ փոփոխություններ հավանաբար չեն լինի

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ իրենց կազմակերպությունը երկար տարիներ է, որ զբաղվում է խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների քրեական գործերի բացահայտմամբ, ասում է՝ մեկ կամ մի քանի կազմակերպության ուժերով հնարավոր չէ կանխել դեպքերը։ «Շատ ողջունելի էր պարոն Փաշինյանի կողմից ծնողների ընդունելությունը, ուշացած էր այն, որովհետև դեռևս երկու տարի առաջ էր հանձնարարական տվել այդ գործերը վերաբացելու, բայց փաստացի քննչական կոմիտեն ոչինչ չի արել։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են աշխատելու։ Օրինակ՝ օպերատիվ հետախուզական միջոցառումները ինչպե՞ս պետք է հանձնարարվեն կամ չփոխված, չբարեփոխված պայմաններում նույն քննչական կոմիտեն, նույն օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնող մարմինները, նույն դատախազությունը ինչպե՞ս պետք է աշխատեն, որ արդյունք լինի», - ասում է տիկին Կարապետյանցը և հավելում, որ բանակում անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ։

Մեր հարցին, թե արդյոք ընտրված իրավապաշտպանների մեջ հենց ինքը՝ Նինա Կարապետյանցը, կլինի, նա պատասխանեց, որ պետք է ընտրվեն մեծ փորձ ունեցող փաստաբանները, իրավաբանները։ Թեկուզ մարդիկ, ովքեր մասնագիտացած են հենց զինվորական գործերի ոլորտում։ Առաջարկ լինելու դեպքում նա կհրաժարվի։ «Այս պահին ունենք այնպիսի իրավիճակ, որ Փաշինյանը ստիպված է իր վրա վերցնել անգամ դատավորի գործառույթը, շատ ցավալի է, որ երկու տարի անց ունենք այս իրավիճակը», - ասում է իրավապաշտպանը։ Նինա Կարապետյանցը ավելացրեց, որ առաջարկված բարեփոխումները չեն բերելու ռեալ փոփոխությունների, և ուղղակի լինելու է ժամանակի վատնում։

Տիգրան Ղուկասյան

16:00 20.03.2020