ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Փող չկա․ լուծումը չի երևում
18:00 21.03.2020

Փող չկա․ լուծումը չի երևում

Կապանի Շինարարների N 3 շենքի բնակիչները բողոքում են․ վերջերս ուժեղ քամուց տանիքի ասբոշիֆերը կախվել է և բնակվողների ու անցորդների համար դարձել վտանգավոր։ Արևիկ Մովսիսյանը ասում է, որ առանց այն էլ տանիքը  մի լավ օրում չէր, հիմա էլ դուրս ընկած ասբոշիֆերի պատճառով տան պատերն են խոնավանում։ Դիմել են համայնքապետարան, այնտեղ ասել են, որ համատիրության գործն է․ «Խողովակը պայթում է, բնակիչն է հոգսը քաշում, հիմա էլ ասբոշիֆերն է տեղից շարժվել, ում դիմում ես, խնդիրը չի լուծվում՝ հարմար չէ, իմ գործը չէ, ֆինանս չկա, դու արա։ Համատիրություն զանգում եմ, ասում են՝ փո՞ղ ես վճարել, որ գանք սարքենք», - վրդովված պատմեց Շինարարների 3 շենքի բնակիչ տիկին Արևիկը։  

Մեկը մեկի վրա գցելով 

«Սարահարթ» համատիրության նախագահ Արշավիր Հարությունյանը նշում է․ բնակիչները գումար չեն վճարում, իրենք էլ միջոցներ չունեն խնդիրը կարգավորելու համար․ «Համապատասխան աշխատող չունենք, որ կարողանա այդ գործը կատարել։ Ամեն մարդու չենք կարող բերել ասել՝ տանիք բարձրացիր, այն էլ՝ թեք լանջավոր։ Համատիրությունը ո՛չ կառավարությունից և ո՛չ էլ մեկ այլ ուրիշ տեղից ֆինանսավորում և  համաֆինանսավորում էլ չունի։ Եթե բնակիչը իր շենքի պահպանման համար  ոչ մի լումա ներդրում չի արել, նման դեպքում ո՞նց պետք է լուծվի հարցը», - նշեց Արշավիր Հարությունյանը։

Տիկին Արևիկն ասաց, որ մուտքերին նայել հնարավոր չէ, 1971 թվականից այստեղ է բնակվում,  համատիրությունից որևէ աջակցություն չի տեսել․ «Գնում եմ մի տեղեկանք վերցնելու, ասում է՝ գումար վճարի, որ տամ։  Վճարում եմ 5000, 1000 դրամ, ինչքան այդ պահին լինի, բայց որ ամեն ամիս վճարեմ, բացառվում է։ Համակարգչում տեղը տեղին գրված  է լույս՝ 8000 դրամ, հանում եմ տալիս, որովհետև գիտեմ, որ ծախսել եմ, դրա համար էլ այդքան գումար է եկել։ Թող սա էլ այդպես անեն։ Եթե մնում եմ, ուրեմն պիտի վճարեմ, չեմ հրաժարվում։ Տանեմ փողը տամ իրեն, գամ նստեմ տանը՝ չիմանալով՝ ինչի համար եմ վճարում։ Թող մեկը մեկի վրա գցեն, տեսնեմ՝ ուր են հասնելու։ Սպասում են մի դեպք լինի, որ խրատվեն», - ասաց տիկին Արևիկը։

Պետք է փոխվի համակարգը, որ խնդիրը լուծում ստանա

Շենքի բնակիչ Արուսյակ Հախումյանը նույնպես անհանգստացած է խնդրով։  Համատիրությունում  վերջին անգամ վճարում կատարել է 2011 թվականին․ «Մի ձեռքը ծափ չի տալիս, միշտ պատճառաբանում են, որ բոլորը պետք է վճարեն շենքում մի բան անելու համար։ Եթե ես վճարում եմ, մյուսը չի վճարում, բնական է, չեն անելու», - շեշտեց նա։   

Համատիրության նախագահի կարծիքով՝ ամսական տրվող գումարը մեծ չէ, բնակիչների անտարբերություն է նկատում։  Ասում է՝ եթե մարդը պարտավորվածություն չի զգում, իրենք ոչինչ անել չեն կարող։ Սա ավելի շատ պետության խնդիրն է, պետք է փոխվի համակարգը․ «Մեկ սենյականոց բնակարանի վճարը կազմում է 130 դրամ, 2 սենյականոցինը՝ 215 դրամ՝ ըստ բնակմակերեսի, 3 սենյականոցինը՝ ամսական 270 դրամ։ Ավելի շատ այսօր աշխատում ենք հասարակական հիմունքներով, եթե տվյալ համատիրությունը համարվում է իրավաբանական անձ, առաջինը բնակիչը պարտավորված պետք է լինի շենքի պահպանման համար», - ընդգծեց Արշավիր Հարությունյանը։  

Համատիրության նախագահը ասաց նաև, որ  մոտ 18 միլիոն դրամի գումար ունեն հավաքելու բնակիչներից․  «800 բնակարանի պետք է դատի տանք, որ գնան վճարումները կատարեն։ Դրա համար էլ ասում եմ, որ  պետական այնպիսի մի մոտեցում պետք է լինի, որ այսպիսի խնդիրներ չառաջանան»։

Իսկ  ասբոշիֆերը  շարունակում է  կախված մնալ տանիքից։ Հարցի լուծումը դեռևս չի  երևում։ Համայնքապետարանը տեղեկացրեց, որ  դիմել են սուբվենցիոն ծրագրի։ Շինարարների թիվ 3 շենքը ևս ընդգրկված է առաջնահերթ վերանորոգման ենթակա բազմաբնակարան բնակելի շենքերի ցանկում։ Եթե հաստատվի, 2020 թվականի ընթացքում տանիքը կնորոգվի։  

Նարե Խաչատրյան

18:00 21.03.2020

Ամենաշատ ընթերցվածները