ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Չեխովի արվեստը Գորիսի թատրոնում
21:00 21.03.2020

Չեխովի արվեստը Գորիսի թատրոնում

Գորիսի դրամատիկական թատրոնում եռուզեռ էր, բայց խոսքն այս անգամ նոր ներկայացման մասին չէ։ Վեց օր շարունակ թատրոնում դերասանները զբաղված էին վարպետաց դասերով։ «Թեք տեղ» թատերախմբի նախաձեռնությամբ և Երևանի «Գյոթե» կենտրոնի հրավերով Եվրոպայից ժամանած Ուլրիխ Մեյեր Հորշը և Վլադիմիր Տարասյանցը վարպետության դասեր էին անցկացնում թատրոնի դերասանական կազմի հետ։

Թատրոնի դերասանները մեծ սիրով են ընդունել վարպետներին։ Վարպետաց դասերի ընթացքում նրանց ուսուցանվել է միայն Միխայիլ Չեխովի դերասանական վարպետության համակարգը։ Դերասանուհի Աքսաննա Բաբաջանյանը մեծ սիրով է կատարում տրված բոլոր խնդիրները․ «Նրանք ամեն ինչ անում են, որ իրենց վարպետությունը փոխանցեն մեզ, բնականաբար, մենք անցել ենք այս դասերը մեր մասնագիտության ոլորտում՝ ինստիտուտում, սակայն շատ հաճելի է նրանց հետ աշխատելը։ Կցանկանայի, որ այսպիսի դասեր շատ ավելի հաճախ լինեին»։ Մայրաքաղաքից հեռու լինելու պատճառով հարկավոր է այսպիսի հանդիպումներ էլ ավելի հաճախ կազմակերպել, որպեսզի մեծանա այն շփումը, որի միջոցով կարելի է կապ ստեղծել այստեղի և այնտեղի արվեստագետների միջև։

«Շատ գովելի է, որ նրանք ժամանեցին Հայաստան և ընտրեցին հենց Գորիսի դրամատիկական թատրոնը։ Եթե ոչ ամիսը մեկ, ապա տարին գոնե երկու անգամ պարտադիր են վարպետաց դասերը», - ասում է դերասան Միքայել Մաշուրյանը։ Չնայած նրան, որ Չեխովի արվեստի ուսումնասիրությունն է հանդիպման թեման, սակայն Միքայելը ասում է, որ պետք չէ մոռանալ Ստանիսլավսկու ուսմունքը։

Ոչ միայն Եվրոպայից ժամանած թատերական գործիչներն են Գորիսի բեմում, այլև Երևանից ժամանած երիտասարդ արվեստագետներ, որոնք, լսելով հանդիպման մասին, եկել էին մասնակցելու։ Նրանցից դերասանուհի Անի Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չէր կարող բաց թողնել այս հնարավորությունը, որովհետև ինքը Չեխովի արվեստի սիրահարներից է․ «Յուրաքանչյուր դերասանի համար խիստ կարևոր է անընդհատ սովորել և ավելի կատարելագործվել։ Երբ առաջին անգամ մասնակցեցի դասերին, որոշեցի, երբ հնարավորություն լինի, պետք է մասնակցեմ։ Սա ուղղակի նվեր է մեզ համար»։

Գորիսի պետական դրամատիկական թատրոնն այս տարի իր ստեղծագործական ուղին սկսել է բուռն զբաղվածությամբ․ «Արտավազդ» ամենամյա և «Արմմոնո» միջազգային թատերական փառատոների մասնակցություն։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ասյա Սիրեկանյանն ասում է, որ սա բավականին գեղեցիկ, սպասված և ստացված հանդիպում էր։ «Դերասանը հնարավորություն է ունենում վերստին ճանաչելու, գիտակցելու և ընդունելու իր շարժման կարևորությունը կերպարը ստեղծելիս, որը բեմում բազմաթիվ հնարքների միջոցով դերասանին հնարավորություն է տալիս լինել ոչ միայն հավասարակշռված, այլ ստեղծել մթնոլորտ և մշտապես պահել իրեն այդ մթնոլորտում», - ասում է Ասյա Սիրեկանյանը։

Թատրոնի տնօրեն, հանրապետության վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը կարևորեց վարպետաց դասերը նրանով, որ կազդի բեմադրությունների կատարողական որակի վրա։ «Այս համագործակցության ընթացքում ծնվում են նաև ուրիշ ծրագրեր՝ հետագայում դրանք կյանքի կոչելու, համատեղ բեմադրություն անելու։ Շնորհակալ եմ, որ  արձագանքեցին և կարողացան գալ հեռու Եվրոպայից մեզ հետ կիսվելու և վարպետաց դասեր կազմակերպելու համար», - ասում է Շանթ Հովհաննիսյանը։

Ուլրիխ Մեյեր Հորշը և Վլադիմիր Տարասյանցը նշեցին, որ զարմացած են Գորիսի թատրոնի թատերախմբի պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի մակարդակով։ «Մենք եկել ենք Գերմանիայից, որտեղ կան բազմաթիվ տաղանդավոր  դերասաններ։ Հասանք Հայաստան և տեսանք, որ այստեղ նույնպես կան բազմաթիվ տաղանդավոր դերասաններ։ Այսպիսով ասես կամուրջ ստեղծեցինք այդ երկու աշխարհների միջև՝ փայփայելով այն փոքրիկ հույսը, որ գուցե դրա շնորհիվ այս աշխարհը մի քիչ ավելի լավը դարձնենք։ Իհարկե, Գերմանիայում կան բազմաթիվ դերասաններ, որոնք շատ լրջորեն են մոտենում իրենց մասնագիտությանը, նույնը կարող ենք Գորիսի մասին ասել։ Այն, ինչ հատկապես հետաքրքիր էր մեզ, հենց պրոֆեսիոնալիզմն է, որը  մենք տեսանք այստեղի մասնագետների աչքերում», - ասացին Ուլրիխ Մեյեր Հորշը և Վլադիմիր Տարասյանցը։

Նմանատիպ հանդիպումները  շարունակական կլինեն ․․․

Տիգրան Ղուկասյան

21:00 21.03.2020

Ամենաշատ ընթերցվածները