ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ջեյմս Ջոյս «Ուլիսես»
17:00 22.03.2020

Ջեյմս Ջոյս «Ուլիսես»

When I die Dublin will be written in my heart.

Իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը ընթերցողներին երկու խմբի է բաժանել մի մասը կարծում է, որ այս գործը՝ իր գլուխկոտրուկներով հանդերձ, մոդեռնիզմի ցցուն օրինակ է, մյուս մասն էլ կարծում է, որ վնասակար գրականություն է։ Թե՛ հեղինակին, թե՛ հենց վեպը կարելի է համարել հասարակությանը բարոյական մարտահրավեր նետող։ Այնուհանդերձ, այս գործում հենց այդ բարոյականությանը վերաբերող տողերը միաժամանակ պարունակում են թե՛ ռեալիստական, թե՛ գեղարվեստական տարրեր։

«Ուլիսեսում» գործողությունները տեղի են ունենում Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։ Հեղինակը փայլուն կերպով մանրակրկիտ նկարագրել է Դուբլինը, յուրահատուկ ռիթմով՝ նրա փողոցները, երկանիվ կառքերը, ինչպես հերոսն է ասում՝ երփներանգ գովազդները, գինետներում տիրող մթնոլորտը․ «Գինին թացացրեց ու փափկացրեց մանանեխով հացն ու մի պահ գարշահամ թվացող պանիրը։ Գինու մեղմիկ կրակը հոսեց նրա երակներով․․․»։

Գլխավոր հերոսը գովազդային գործակալ հրեա Լեոպոլդ Բլումն է։ Հարյուրավոր էջերից բաղկացած գիրքը պատմում է Լեոպոլդ Բլումի ընդամենը մեկ օրվա՝ 24 ժամվա մասին։ Թե ինչպես է նա առավոտից սկսում իր «թափառումները»։ Այնպես, ինչպես Հոմերոսի Ոդիսևսն է, սակայն ի տարբերություն Ոդիսևսի, Բլումը ճանապարհորդությունից վերադառնում է ուրիշ մարդ դարձած։ Մեկը, ով հաշվետու է իրեն, իր գործողություններին, և, որ ամենակարևորն է, իր հիշողություններին։ Քանի որ ընթերցողը ցանկացած դրվագի ծանոթանում է Բլումի հիշողության միջոցով։ Օրինակ, եթե նա դուբլինյան փողոցներից մեկում հանդիպում է մի տիկնոջ, ընթերցողին տեղափոխում է իր այն հիշողության կամ տպավորության գիրկը, որը պատմում է իր սեքսուալ իրադարձությունների, սեռական մազոխիզմի մասին։

24 ժամերից մեկի ընթացքում գովազդային գործակալ Բլումը, օրինակ, հարցազրույց է ունենում խմբագրի՝ պարոն Բանալիքի հետ, ով իրեն երկու ամսվա պատվեր է տալիս․ «Բայց «Թելիգրաֆում» էլ շաբաթօրյա վարդագույնում ուշադրություն գրավող մի քանի տեղ է ուզում։ Հենց «Քիլքենի Փիլփլ»- ի պատճենն է ուզում, եթե ուշ չէ խոսեցի խորհրդական Նանետտիի հետ։ Կարող եմ ազգային գրադարանից վերցնել»։

Բլումը իր մեջ պարունակում է ժամանակակից-մոդեռն մարդու գրեթե բոլոր հատկանիշները, որը կարծես մերօրյա տրանսգենդերությունն է։ Նա միաժամանակ և՛ տղամարդկային է, և՛ կանացի։ Օրինակ, կարող է կնոջ փոխարեն լինել խոհանոցում և միաժամանակ բավարարել իր տղամարդկային ցանկությունները․ «Բլումը ծովափին է, տրվում է օնանիզմի՝ դիտելով Հերտի Մաքդաուելի ընկերուհիներից մեկին: Բլումը նկատում է, որ ժամացույցը կանգ է առել․․․»։

Խմբագրությունից ևս մի դրվագ, այս անգամ կապված Սթիվեն Դեդալուսի հետ։ Նա գրող է, ում բանաստեղծությունները չեն տպագրվում։ Ջոյսը նրան ներկայացրել է թերևս «ամենախոցելի խավի»՝ արվեստագետների մեջ։ Մի արվեստագետ, ով չի ուզում լողանալ, վախենում է ջրից։ Սա կարծես մաքրվելու գործընթացն է, որը արվեստագետը կտրականապես մերժում է։

Վեպը բաղկացած է 3 խոշոր մասից, ընդհանուր 18 պատմվածքից։ Հատկանշական է, որ Սթիվենն ու Բլումը տարբեր պատմվածքների մեջ հայացքները հառում են երկինք և տեսնում տարօրինակ ձևի մի ամպ։ Սա խոսում է այն մասին, որ նրանք գտնվում են մի ժամանակի ու տարածքի մեջ։ Կնշանակի, որ 24 ժամը ֆիզիկական ժամանակն է միայն։ Ենթագիտակցականն անվերջ է։

Մոլին Լեոպոլդ Բլումի կինն է, մեկը, ով, ինչպես Ոդիսևսի Պենելոպեն, կանացիության խորհրդանիշն է։ Կանացիություն, որի մեջ հավերժ կրքեր են։ Վեպում շատ են սիրային դրվագները՝ կապված Մոլիի հետ․ նա մշտապես դավաճանում է Լեոպոլդին, այն էլ՝ բացահայտ, դրա մասին գիտի նաև Լեոպոլդը։ Իսկ վերջինս, հիշենք, որ գովազդային գործակալ է, հրեա, համարվում է ազգային փոքրամասնություն։

Վեպը հենց Մոլի Բլումի մենախոսությամբ է ավարտվում։ Քառասուն էջանոց խճճված, առանց կետադրության մի տեքստ է, որի տողերում բնութագրվում է օրինակ նրա կրծքի բույրը՝ ներառած բոլոր սեռական ցանկությունները․ «․․․նախ ես ձեռքերս նրա վզով գցեցի այո ձգեցի նրան դեպի ինձ որպեսզի զգա կրծքերիս ամբողջ բուրմունքը այո և նրա սիրտն սկսեց թպրտալ և այո ասացի ես այո քոնն եմ ես Այո»։

Այս խոսքերը չի ասում Բլումին, ասում է Բոյլանին, ով նրա հասցեով ուղարկում է գինի, մրգեր․․․ ու «մի փունջ կիրք»։

«Գիտակցության հոսք»․ սա Ջոյսի մենաշնորհն է՝ «Ուլիսեսին» տրված։ Երբ գիտակցությունն ու ընկալման դաշտը երկրորդ պլան են մղվում, առաջ են գալիս ենթագիտակցական խորը շերտերը, առանց ժամանակի ու տարածության մտքերը։ Պատկերացրեք մի տեսարան, որտեղ Բլումի ներսի բոլոր վախերը դուրս են գալիս ու սկսում խառնվել իրար։ Քաոս, ցանկալի քաոս, երբ երկխոսում են սեռական մազոխիստն ու իշխանատենչը, դե, իհարկե, գումարած թմրադեղեր, շատ քանակի թմրադեղեր․․․։ Հենց սա է, որ բարդացնում է վեպը, բայց և դարձնում լավագույններից։

Անուշ Միրզոյան

17:00 22.03.2020

Ամենաշատ ընթերցվածները