ԱՎԵԼԻՆ

Մամուլ

#արտակարգմարդիկ
19:00 24.03.2020

#արտակարգմարդիկ

Մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն՝ պայմանավորված նոր կորոնավիրուսով։ Ուսումնական հաստատությունները, պետական կառույցները, գերատեսչությունները անցել են օնլայն ռեժիմի։ Բայց հանրապետությունում կան մարդիկ, ովքեր արտակարգ պայմաններում էլ շարունակում են անձնվիրաբար, կամավոր սկզբունքով աշխատել։ Ստորև կներկայացնենք #արտակարգ մարդկանց։

Դատարկվել են փողոցները, գինետներն այդքան սիրելի։
Միայն արթուն են մեր բժիշկները՝ անքուն մարտիկներն առաջնագծի։
Ձեր գործն անմահ է, վտանգը՝ անցողիկ, խուճապն անզոր է ընդդեմ պայքարի։
Ամեն գնով դու փրկում ես կյանքեր՝ թողնելով տուն-հարազատներ․․․։

Իտալիայում պատշգամբներից ծափահարեցին բուժաշխատողներին, Հայաստանում էլ երգեր ձոնեցին։ Այս օրերին թերևս ամենակարևորված մարդիկ բուժաշխատողներն են։ Շատերը համացանցում նկատած կլինեն նրանց նկարները՝ գերհոգնած վիճակում կամ, օրինակ, պացիենտի տարեդարձը շնորհավորելիս, կամ տեսած կլինեն նկարներում նրանց դեմքը, որից պարզ է դառնում՝ օրերով դիմակ, ակնոց են կրել։ Տպավորիչ էին նաև չինացի բուժաշխատողի և դստեր հեռակա սերը, կարոտը։ Նա օրերով չէր տեսնում փոքրիկ աղջնակին, առաջ էր բերել համընդհանուր շահը։ Դա էր կարևորը, դա էր մնայունը․․․ Նրանք անձնվիրաբար ջանում են, որ նոր հիվանդությունը նահանջի։ Նրանք տարվա մարդիկ են, իսկապես առաջամարտիկներ։ #շնորհակալությունբուժաշխատողին

Հանրապետության բոլոր տարածքներում փողոցները պարբերաբար քլորամինի լուծույթով մաքրում են կոմունալ ծառայության աշխատակցիները։ Նրանց մի մասը մեծահասակ մարդիկ են, թեկուզ արտաժամյա, թեկուզ վատ եղանակային պայմաններում, առանց վարանելու կատարում են իրենց աշխատանքը։ #շնորհակալությունկոմունալծառայությանը

Դիմակներ կամավորներից

Ինչ խոսք, այս օրերին կամավորները ևս բարձր գնահատանքի են արժանի։ Նրանցից են, օրինակ Կապանում, կանաչ դիմակներ կարողները։ Նրանք աշխատում են «Սոնատեքս» ԲԲ ընկերության կարի արտադրամասում։ Զրուցեցինք նրանց հետ, ասացին, որ հասցրել են մեկ օրվա ընթացքում մոտ հազար դիմակ կարել ու բաժանել։ Նրանցից մեկը կապանցի 59-ամյա Ռիտա Աթայանն է։ Մեկ օրում կարում է մոտ 90 դիմակ․ «Աշխատում էի տրիկոտաժում, հենց մեր ֆիրմայում։ Գործ չկար, տանն էինք։ Մեր տնօրենն առաջարկեց, որ անվճար դիմակներ կարենք, մենք էլ համաձայնեցինք։ Չասացինք՝ գանք ի՞նչ անենք, բա գումա՞րը, կամավոր բոլորս էլ եկանք։ Մեզ համար կարևորը հասարակությունն է, ոչ թե գումարը»։

Կամավորներից Մարիցա Դավթյանը նշում է․ «Սա մեր փոքրիկ լուման է, որ ներդնում ենք․ մեր բուժաշխատողները անձնազոհ գործ են անում։ Բոլորս հաճույքով ենք գալիս, մեր կամքով։ Մի անգամ էլ թող անվճար լինի, եթե դրանով մենք կարող ենք օգնել, ինչ ու չօգնել»։

«Սոնատեքս» ԲԲԸ տնօրեն Արմեն Մարգարյանը, ով այս կամավորական նախաձեռնության հեղինակն է, ասաց․ «Հարցնում ենք բոլոր ձեռնարկություններից իրենց աշխատողների քանակը, ձգտում ենք հնարավորին չափ մատակարարել, այնպես, որ բոլորին հասնի։ Կտորի գործ անողների հետ կապը պահում ենք, ով ինչ տալիս է, վեցնում ենք, չենք էլ նայում գունային գամմային»։ Կամավորները պատրաստ են աշխատել այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Սա ևս մեկ քայլ է հայրենակցին սիրելու ու կարևոր պահին «արթուն» լինելու համար։ #շնորհակալությունկամավորին

Հացաթխման արտադրամասում հոգնել չկա

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո մարդիկ մեխանիկորեն շտապում էին սուպերմարկետներ՝ հատկապես ալյուր գնելու՝ կարծելով, թե հացի պակասի խնդիր կլինի, սակայն Կապանի հացաթխման արտադրամասերից մեկում վստահեցրին, որ նման բան չի լինի։ Աշխատակցուհի Վարսենիկ Ղազարյանն ասում է․ «Մեզանից կախված է՝ մենք աշխատենք, բնակիչներից էլ կախված է, որ խուճապի չմատնվեն, չմտածեն, որ սով է լինելու, ալյուր չի լինելու, մենք աշխատելու ենք, պահեստավորված ամեն ինչ էլ կա»։

Հայկանուշ Կոստանդյանի խոսքով՝ խմբակային աշխատանք է, սիրով գալիս են աշխատանքի։ «Հիմա, որ արտակարգ իրավիճակ է, գիշերվա ժամը 12-ից եկել ենք աշխատանքի, մինչև ցերեկվա 4-ը աշխատելու ենք։ Հոգնել չկա, վարիչն էլ մեզ հետ միասին գիշերվա ժամը 12-ից այստեղ է, որպեսզի մարդկանց պահանջարկը բավարարենք»։ Սուսաննա Պապյանը վստահեցնում է՝ պարկերով ալյուր գնելու կարիք չկա։ Կարևոր է, երբ մարդիկ իրենց գործը առանց նվնվալու են անում։ #շնորհակալությունհացթուխին

Մի գդալ բարություն

«Փորձեք լինել գոնե մի փոքր բարի և Դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարելու»։ Կոնֆուցիոսի խոսքերն են։ Տեղին են ասված, քանի որ բարությունն է, որ բարձրացնում է մարդուն։ Եթե բարության միջոցով հնարավոր է փրկել անգամ մեկի կյանքը, ապա աշխարհը փրկված է։ Բարության յուրօրինակ դրսևորում են նաև «Բարության դարակները», որոնք տեղադրված են Կապանի սուպերմարկետներից մեկում։ Ցանկացողները կարող են այս եռահարկ դարակներում թողնել սուպերմարկետից ձեռք բերած ցանկացած ապրանք, իսկ անվճարունակ մարդիկ կարող են դարակներից վերցնել օրական երկու միավոր ցանկացած ապրանք՝ անվճար։ Նախաձեռնության հեղինակը կապանցի Ռաֆիկ Հովհաննիսյանն է, նաև ինքն է պարբերաբար սննդամթերքով կամ այլ ապրանքով լրացնում դարակաշարի դատարկությունը։ «Թող անապահով մարդիկ քիչ լինեն, բայց եթե կան հացի խնդիր ունեցողներ, թող լինեն նաև մեզ նման մարդիկ, որ օգնեն նմաններին։ Չկան մարդիկ, ովքեր ապահով են ու վերցնում են, հիմնականում անապահով խավն է վերցնում»։

«Բարության դարակից» օգտվողներից է նաև Սերժիկ պապը, եկավ ու վերցրեց մեկ շիշ ձեթ ու մեկ փաթեթ ոսպ։ Երբ մոտեցանք հարց տալու, տեսանք, որ մի փոքր հուզված էր, աչքերը կիսաթաց էին։ Վերցրել էր, ինչ անհրաժեշտ էր իսկապես։ Ասաց, որ հանրօգուտ նախաձեռնություն է։ «Թոշակով չես իմանում վարձերը մուծես, ապրես։ Մեծահասակ էլ ենք, չենք աշխատում, բան չենք անում։ Հնարավորություն է տրված, որ այս ապրանքներից օգտվենք, լավ նախաձեռնություն է, բոլորին շնորհակալություն»։ Տիկին Արուսյակն էլ է օգտվողներից, սակայն ամեն օր չէ, որ գալիս է, ասում է՝ մի անգամ վերցնում է՝ դա է։ «Մենակ ես չեմ, որ ամեն օր գամ վերցնեմ։ Վերմիշել է պետք, վերմիշել եմ վերցնում։ Շնորհակալ ենք»։

«ԴԱՍ» սուպերմարկետի կառավարիչ Մարատ Մուրադյանի խոսքով՝ առաջարկն ընդունեց, քանի որ սրանով որոշակի սոցիալական խնդիր է լուծվում, գոնե հացը շատերի համար կարող է խնդիր չլինել։ «Մեր գանձապահներն արդեն գիտեն մեր հաճախորդներին, իրենք են առաջարկում տատիկ-պապիկներին։ Քանի որ կան մարդիկ, որ մոտենում են ու ասում՝ ինձ տվեք 300 դրամի ապրանք, ոչ ավելի։ Իրենք հասկանում են՝ ում պիտի առաջարկեն, որ ճիշտ օգտվեն տվյալ դարակներից։ Լինում են դեպքեր, երբ մեր բարերարները չեն հասցնում դնել ապրանքները, մենք ենք լրացնում այդ պակասը։ Այնքան, որ քաղաքացին գա ու դատարկ դարակներ չտեսնի»։ Հուսանք, որ այս նախաձեռնությունը վարակիչ կլինի։ #շնորհակալությունբարեգործին

Հ․Գ․

Մնացինք մենք՝ ես ու դու՝ ընթերցող, իսկ մենք ինչո՞վ կարող ենք օգնել։ Երկար մտածել պետք չէ, ուղղակի պետք է գործել, օգտակար լինել հայրենակցին։ Մի՛ հապաղիր, դու կարող ես: #բարությունարա

Անուշ Միրզոյան

19:00 24.03.2020

Ամենաշատ ընթերցվածները